Պուտինն ու Էրդողանը Սիրիայում հաշտության պայմանավորվածություն են ձեռք բերել
Սիրիական Իդլիբ նահանգում մարտնչող կողմերի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի մարտի վեցին ժամը 24.00–ին, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ մոսկովյան երկար հանիպումից հետո։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Կրեմլում տևել է 5 ժամ 40 րոպե, որոնցից երեք ժամ հատկացվել է առանձնազրույցին, հաղորդում է Բի–Բի–Սի–ն։
Արդյունքում հայտարարվել է․
• Իդլիբում ստեղծվելու է 12 կմ լայնությամբ անվտանգության միջանցք Դամասկոս–Հալեպ ռազմավարական նշանակության մայրուղու երկայնքով
• Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնելու մարտի վեցին՝ կեսգիշերից հետո
• Ստեղծվում են ամրացված դիտակետեր՝ ըստ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածության
• Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Ի՞նչ է դա նշանակում
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունների ամենասկզբում նախագահ Պուտինը նշել է գլխավոր խնդիրը, որը նրանց ուղղակի անձնական զրույցն անհրաժեշտ է դարձրել․ մարտերը սիրիական Իդլիբում, որտեղ, առաջին հայացքից, միմյանց դեմ կռվում են Բաշար Ասադին հավատարիմ կառավարական սիրիական բանակն ու ապստամբները (որոնց Ռուսաստանն ահաբեկիչ է անվանում); սակայն բոլորին հայտնի է, որ դիմակայությանն ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի զինված ուժերն ու ռուս զինվորականները։
Ասադի բանակը, որին ակտիվորեն սատարում է Կրեմլը, մեղադրվում է Իդլիբում հազարավոր խաղաղ բնակիչների մահվան համար։ Դեկտեմբերի 1–ից ռմբակոծումն ուժեղացել է, և, ըստ ՄԱԿ-ի գնահատականի, շուրջ 950 հազար փախստական լքել է Սիրիայի այդ հատվածը։
Արդյո՞ք Պուտինն ու Էրդողանն այդ բանակցություններին կարող էին ավելի լուրջ նվաճումներ արձանագրել։ Առաջատար ռուս քաղաքագետ Սերգեյ Շելինը կարծում է, որ ոչ։ Երկու նախագահների հանդիպման նախաշեմին նա գրել է․
«Էրդողանը հստակ գիտի, թե ինչ է ուզում Սիրիայից, իսկ Պուտինը՝ միայն այն, ինչ չի ուզում։ Հույս կա, որ նրանք կխուսափեն անհապաղ պատերազմից։ Սակայն այն բանի հույս, որ երկարատև խաղաղություն կհաստատվի, չկա»։