Պուտինն ուղիղ եթերում. խորհուրդներ Ուկրաինային և ԱՄՆ-ին, ինչպես նաև՝ Ռուսաստանում շատ միս կա
Չորս ժամվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Պուտինն այսօր ուղիղ եթերում պատասխանել է ռուսաստանցիների հարցերին: Այս «ուղիղ եթերը» պետք է կայանար օրեր առաջ, սակայն տեղափոխվել էր առանց պատճառների բացատրության: Շատերը ենթադրեցին, որ դա կապված է Ռուսաստանում բողոքի զանգվածային ակցիաների հետ:
Ուղիղ եթերից մի օր առաջ ռուսական լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մարդկանց մասնակցությամբ փորձերի մասին, որոնք հարցեր պետք է տային նախագահին:
Վլադիմիր Պուտինն արտահայտվել է հետևյալ խնդիրների մասին:
Ուկրաինա
Վլադիմի Պուտինը համարում է, որ Ուկրաինան պետք է ֆեդերատիվ հանրապետություն լինի, և նա դրանով կլուծի ազգայնականության իր խնդիրը:
Նա նաև պատասխանել է Պյոտր Պորոշենկոյին, որը վերջերս, Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի մեկնարկի մասին հայտարարելիս մեջբերել էր Միխայիլ Լերմոնտովին. «Մնաս բարով, անլվա Ռուսաստան…»: Ռուսաստանի նախագահն ի պատասխան փորձել է կատակել այն մասին, որ Ուկրաինան պետք է ավելի զգույշ լինի Եվրոպայում գեյերի ճնշող ազդեցության հետ կապված:
ԱՄՆ
Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ում աճում է ռուսաֆոբիան ներքաղաքական պայքարի արդյունքում:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ հետ Ռուսաստանի համագործակցությունն անհրաժեշտ է զինամթերքի հանդեպ վերահսկողության և շրջակա միջավայրի պաշտպանության գործում:
Սիրիա
Վլադիմիր Պուտինը համարում է, որ ռուսական բանակն անգին փորձ է ձեռք բերել այդ երկրում և մարտական պայմաններում փորձարկել է նոր զինամթերք:
Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներ
«Ռուսաստանի պատմությունը ցույց է տալիս, որ մենք միշտ պատժամիջոցների տակ ենք եղել, երբ ոտքի ենք կանգնել… Ղրիմն ու այլ խնդիրները չլինեին, էլի ինչ-որ բան կմտածեին Ռուսաստանին զսպելու համար:
Դա երկսայր զենք է, որը վնասում է բոլորին: Բայց փոխարենը մենք միացրինք մեր ուղեղն ու տաղանդները, այլ ոչ թե օգտվում ենք նավթից ու դոլարներից: Խոզի և թռչնի միսն այնքան շատ է, որ մենք սպառման շուկաներ ենք փնտրում»:
Վլադիմիր Պուտինը չարտահայտվեց հետևյալ խնդիրների մասին.
Ընդդիմություն և մեղադրանք կոռուպցիայի համար
Վլադիմիր Պուտինը կարծում է, որ երկխոսություն հնարավոր է միայն նրանց հետ, ովքեր առկա խնդիրների լուծման կոնստրուկտիվ լուծումներ են առաջարկում: Նա չհիշատակեց ռուսական բողոքի ցույցերի առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, որին երկու օր առաջ կալանավորել են երեսուն օրով ողջ երկրով մեկ բազմահազար ցույցեր կազմակերպելու համար:
Կոռուպցիայի խնդրի մասին, որն այդ ելույթների գլխավոր թեման էր, Վլադիմիր Պուտինը գործնականում ոչինչ չասաց: