Պորտվեյնի շիշ, որը կոտրել է պատերազմը
Նախապատերազմյան Ղարաբաղից խոսելիս Ադրբեջանում հազվադեպ են հիշում համեստ, բայց յուրովի լեգենդար խմիչքը, որը դեռևս ոչ վաղ անցյալում ամենահայտնի ադրբեջանական արտադրանքներից էր՝ «Աղդամ» պորտվեյնը։
Այդ պորտվեյնն արտադրվում էր Աղդամի (քաղաք Ղարաբաղում) գործարանում և, անկեղծ ասած, չէր պատկանում ադրբեջանական սննդարդյունաբերության գլուխգործոցների թվին։
Կոպիտ ասած, դա նույնիսկ պորտվեյն չէր, գոնե միայն այն պատճառով, որ իսկական պորտվեյն կարող է համարվել միայն պորտուգալականը։ Իսկ «Աղդամը» սովորական թնդեցված գինի էր, այն ժամանակ ԽՍՀՄ-ում արտադրվող բազմաթիվ գինիներից մեկը։
Որակով այն առանձնապես աչքի չէր ընկնում, բայց, այնուամենայնիվ, կարողացել էր դառնալ «ժողովրդական խմիչք», որովհետև «էժան էր ու կոպիտ»․ երկու ռուբլիով գնում էիր բավականին «թունդ» (19%) և համեմատաբար համով ալկոհոլային խմիչք։ Խորհրդային մյուս թնդեցված գինիները կամ շատ ավելի տհաճ էին, կամ շատ ավելի թանկ։
Ընդ որում, հենց Ադրբեջանում «Աղդամ» այնքան էլ չէին սիրում, դրանից երես էին թեքում անգամ աղքատ ուսանողները։
«Իմ ուսանողական տարիներին մենք ընկերներով այնքան էլ չէինք սիրում «Աղդամը»։ Նախ՝ դրանից ստամոքսի այրոց էր լինում, երկրորդը՝ սարսափելի հոտ էր փչում, որը զգում էին ծնողները։ Այնպես որ, կրթաթոշակի օրը նախընտրում էինք խմել «Չինար» գինի կամ «Ժիգուլյովյան» գարեջուր։ Բայց երբ բանակ գնացի (1980-ականների կեսերին) և հայտնվեցի Ռուսաստանում, այնտեղ, քանի որ ընտրություն չկար, «Աղդամ» էի խմում», – հիշում է ավագ ընկերներիցս մեկը։
Թոշակառու տիկին Խալիդան, որն ինտելիգենցիայի ներկայացուցիչ է, և որին նայելիս չես ասի, որ նա ընդհանրապես գիտի «պորտվեյն» բառը, նույնպես հիշում է «Աղդամն» ու առանց ոգևորության․
«Իհարկե, խմում էինք «Աղդամ» ժամանակ առ ժամանակ։ Բայց ընդհանրապես Բաքվում այն համարվում էր հարբեցողների գինի։ Որովհետև էժան էր, համն էլ մի բան չէր։ Հարբեցողներին անգամ «աղդամախում» էին անվանում։ Փոխարենը Ռուսաստանում «Աղդամը» պաշտում էին։ Բայց, իմ կարծիքով, «Քյուրդամիրը» շատ ավելի լավն էր»։
«Քյուրդամիրը» նույնպես ադրբեջանական թնդեցված գինի է, որը կոչվում էր երկրի շրջաններից մեկի պատվին, բայց այժմ խոսքը դրա մասին չէ։
1960-70-ականներին «Աղդամը» երիտասարդական մշակույթի մի մաս էր։ Դրան նույնիսկ երգեր էին նվիրում։ Ավելի ճիշտ՝ «գողական» երգեր, որոնք կիթառի նվագակցությամբ երգում էին այդ նույն «Աղդամը» խմելիս։ Մի խոսքով՝ բանահյուսություն։
Այժմ այդ նույն մարդիկ, որոնք ժամանակին «Աղդամ» էին խմում և կիթառով երգեր երգում, այդ պորտվեյնը հիշում են որպես իրենց երիտասարդության խորհրդանիշներից մեկն ու ասում, որ «գարշելի բան էր, իհարկե, բայց ինչ լավ էր գնում, ժամանակներն էլ էին զիլ»։
Ասում են նույնիսկ, որ այդ պորտվեյնի՝ ինչ-որ հրաշքով մինչև մեր օրեր պահպանված «նմուշները» բարձր են գնահատում կոլեկցիոներները։
«Աղդամը» դադարել են արտադրել 1980-ականների վերջին։ Հայտնի պատճառներով։ Իսկ 1990-ականների սկզբին Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում ավերվել է նաև գործարանի շենքը։
Հետագայում Ադրբեջանը վերականգնել է խորհրդային շատ գինիների արտադրանքը՝ արդիականացնելով դրանք (օրինակ՝ «Քյուրդամիրը»)։ Բայց «Աղդամին» հերթն այդպես էլ չի հասել։
Թեև, թվում է, կոմերցիոն ընտիր գաղափար է․ բրենդն արդեն գովազդված է, իսկ որակն այսօր կարելի է լավացնել։ Իսկը արտահանելու համար է։
Ճիշտ է, պարբերաբար շուկայում ինչ-որ ալկոհոլային խմիչքներ են հայտնվում «Աղդամ» անվանմամբ, սակայն աուտենտիկությունն անվանումով ավարտվում է, որպես կանոն։ «Հենց այն լեգենդար պորտվեյնի» անվան տակ վաճառում են, օրինակ, սովորական չոր գինի։
Բնօրինակին համեմատաբար մոտ մի բան արտադրում է, որքան էլ տարօրինակ հնչի, Լատվիան․ կրկին 19% թնդություն, շաքարի նույն քանակը, անգամ պիտակն է գրեթե նույնը։ Սակայն լատվիացի գինեգործները պնդում են, որ իրենց պորտվեյնի բաղադրատոմսն իրենք են մշակել, և դա արդեն բոլորովին այլ պատմություն է։
Այսպես թե այնպես, ինքնակոչ «սերունդները» հեռու են լեգենդար «ծնողից»։
Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ երբեմնի հայտնի ֆիլմերի վերանկարահանումները միջին որակի են ստացվում, այս դեպքում գուցե ավելի լավ է ռիսկի չդիմել։ Հաստատ չէ, որ «Աղդամը» էժան ուսանողական խմիչքից «լյուքս» դասի գինու վերածվելու դեպքում կկարողանա վերականգնել երբեմնի փառքը։ Ուսանողներն էլ են հիմա ուրիշ։
Այսպես թե այնպես, «Աղդամը» Ղարաբաղյան հակամարտության բազմաթիվ ոչ ակնառու «զոհերից» է, որոնք, իհարկե, բացարձակ չես համեմատի մարդկային զոհերի հետ, բայց դե ափսոսում ես։
Գուցե, եթե պատերազմ չլիներ, այդ պորտվեյնը մինչ օրս արտադրվեր, նույնիսկ՝ չնայած Խորհրդային Միության փլուզմանը։ Եվ լավ կլիներ, որ «Աղդամ» բառը մարդկանց մոտ Հարավային Կովկասից դուրս ասոցացվեր ոչ թանկ թունդ ալկոհոլի, այլ ոչ թե պատերազմի հետ։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։