«Պիջակների գործը»․ Միխեիլ Սաակաշվիլին դատարանում կրկին ելույթ է ունեցել
Պիջակների գործով դատը Սաակաշվիլիի դեմ
Դատախազությունը Վրաստանի երրորդ նախագահին մեղադրում է շուրջ 9 միլիոն լարիի (մոտ 3 մլն դոլար) վատնման համար։ Սաակաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում։
Այս գործով Միխեիլ Սաակաշվիլիի հետ միասին մեղադրվում է նաև Պետական հատուկ անվտանգության ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիան։ Վերջինս նույնպես գործն աբսուրդային է անվանում և հայտարարում, որ Սաակաշվիլիին դատում են նախագահական լիազորությունների իրականացման և ներկայացուցչական ծախսերի համար։
Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել նիստին։ Ի՞նչ է նա ասել։
Կոռուպցիայի մասին
Դատարանի առջև ելույթ ունենալիս Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար «անընդունելի է», երբ իրեն մեղադրում են կոռուպցիայի համար։
Սաակաշվիլիի խոսքով՝ Համաշխարհային բանկը նույնիսկ գիրք է լույս ընծայել իր նախագահության տարիներին Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
«Միայն մեկ երկրի է հաջողվել դա անել, և դա Վրաստանն է, նրանք այդ մասին գիրք են թողարկել», — ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին ասում է, որ պատրաստ է պատասխանել դատարանի հարցերին և ապացուցել իր անմեղությունը, սակայն միայն դատական համակարգի փոփոխման դեպքում, երբ դատական իշխանությունն անկախ և արդար կդառնա։
Դատարանի նկատմամբ անվստահության մասին
Վրաստանի նախկին նախագահն իրեն պատանդ է անվանում։
«Լավ չէ՞ սկզբից պահանջել ինձ ազատ արձակել։ ․․․Ես եկա և ընկա գայլի երախը։ Ես պատրաստ եմ ներկայանալ (նոր) դատարան և թույլ տալ ինձ դատել, լինի դա մեկ, երկու, թե երեք տարուց», — ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ «այսօրվա անճոռնի համակարգի միակ գործառույթն այն է, որ ես բանտից կենդանի դուրս չգամ»։
«Ես չեմ խնդրում շնորհակալ լինել, որ (իմ կառավարման տարիներին) լույս է հայտնվել, որ ոմանք (արդարադատության և դատախազության աշխատակիցները) 15 հազար դոլար (կաշառք) չեն վճարել՝ իրավաբանական ֆակուլտետում սովորելու համար։ Նրանցից ոմանք, հավանաբար, ստացել են իմ անվան կրթաթոշակը, օրինակ, իմ սպանության հանցակիցներից մեկն՝ այսպես կոչված արդարադատության նախարարը։ Ես չեմ խնդրում շնորհակալ լինել նրա համար, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացել են, աշխատատեղերի քանակն աճել է կրկնակի։ Ոչ էլ 200 նոր հիվանդանոցների համար, որտեղ, ցավոք, բժիշկների աշխատանքային պայմանները ծանր են։ Սակայն ես չեմ կարող ընդունել անարդարությունը», — հայտարարել է նախկին նախագահը։
Բոտոքսի մասին
Նախկին նախագահը նաև արձագանքել է լրատվամիջոցների հաղորդագրություններին, որ իր նախագահության տարիներին ինքը թանկարժեք կոսմետոլոգիական պրոցեդուրաներ է անցել արտասահմանյան հիվանդանոցներում։
«Ինչ վերաբերում է լեգենդար բոտոքսին, ապա դա բացարձակ սուտ է։ Դիմեք այդ բոլոր հիվանդանոցներ, որոնց մասին խոսում եք, և նրանցից հաստատում ստացեք, թե արդյոք դա կոսմետոլոգիական ծառայություն է եղել այն դեպքում, երբ դա սովորական մաշկային հիվանդության բուժում էր, որն ինձ մոտ առաջացել էր 2008 թ-ին նյարդերի պատճառով․․․ Լուսանկարներում կարող եք տեսնել, թե ինչպիսին է դեմքս 2008 թ-ից հետո, ինձ պետք է միացնեին ինչ-որ սարքի և այլն»։
Սանդրա Ռուլոֆսի մասին
Սաակաշվիլիի խոսքով՝ ծախսերի մի մասը, որի համար ինքը մեղադրվում է, Վրաստանի նախկին առաջին տիկին և իր նախկին կին Սանդրա Ռուլոֆսինն է։
Նա հարցրել է, թե ինչու Սանդրա Ռուլոֆսը ներգրավված չէ այս գործում, այնուհետև դատարանին հիշեցրել է ներդրումների և դրամաշնորհների մասին, որոնք, իր խոսքով, երկիրը ստացել է նախկին առաջին տիկնոջ շնորհիվ։
«Ինչո՞ւ Սանդրային չեն դատում․․․ Ես հաճույքով նրա հետ միասին կնսստեի ամբաստանյալների աթոռին, որովհետև այդ ծախսերի չորրորդ կամ հինգերորդ մասը բաժին է ընկնում Սանդրային։
Սակայն Սանդրային դատի տալուց առաջ հիշեք, որ Սանդրան այս երկրին բերել է 100 միլիոն եվրո բժշկական դրամաշնորհ։ Սանդրայի շնորհիվ՝ վրացի կանայք քաղցկեղից մահանում են 4 անգամ ավելի հազվադեպ, քան նախկինում։ Յուրաքանչյուր բանտային բժիշկ ձեզ կպատմի, թե որքան բան է նա արել բանտերում բուժօգնության տրամադրման համար։
Սանդրան կաշառակեր չէ՞։ Մենք միասին էինք Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Նյու Յորքում, և նրան շտապ վիրահատել են Նյու Յորքի հիվանդանոցում։ Դա բավականին թանկ արժե։ Ինչո՞ւ Սանդրային չեք ներգրավում» — հավելել է նա։