«Պետք է մեռնեի՞, ի՞նչ է»․ ադրբեջանցի վետերաններն՝ իրենց խնդիրների հետ դեմ հանդիման
Տեսանյութում զինվորական համազգեստով մի տղամարդ նստած է մայթեզրին՝ ձեռքերով գլուխը բռնած, կողքը՝ հենակներն են։ Նա Ռավան Աբասովն է՝ 2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցը։
«Պետությունը բղավում է այն մասին, որ պետք է հոգ տանել վետերանների համար։ Հոգ չի տանում, եղբայրներ, երդվում եմ, հոգ չի տանում», – ասում է Ռավանը՝ ակցիան լուսաբանելու եկած սակավաթիվ լրագրողներից մեկի տեսախցիկի առջև։
2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակիցները ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացնում Բաքվում՝ բողոքելով իշխանության անտարբերությունից։ Օրինակ՝ նրանցից մի քանիսը հավաքվել են Բաքվի գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով պատժել ոստիկաններին, որոնք, նրանց պնդմամբ, ծեծել են իրենց։
Մյուս ակցիայի ընթացքում մի քանի տասնյակ մարդիկ պնդում էին, որ չեն կարողանում վետերանի կարգավիճակ ստանալ, հետևաբար՝ իրենց հասանելիք նպաստները։ Նրանք ցույց էին անում աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի մոտ։
Ռավան Աբասովի միայնակ ակցիան կայացել է նույն նախարարության դիմաց։ Նրան այդտեղ են բերել հաշմանդամության կարգի ստացման հետ կապված խնդիրները։
Տեսանյութն ավելի քան մեկ ու կես հազար մեկնաբանություն է հավաքել, մարդիկ վետերանի հասցեին հաճախ գրում էին «Ալլահը քեզ օգնական», պաշտոնյաների և կառավարության հասցեին՝ «Ալլահը թող ձեզ պատժի»։ Այս կերպ Ռավանին աջակցություն է հայտնել մեկնաբանողների շուրջ երկու երրորդը։
Մոտավորապես մեկ երրորդը նույնատիպ մեկնաբանություններ էին թողել այն մասին, որ «Պետությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ վետերանների կարիքները հոգալու համար», որոնք արվել էին ակնհայտ կեղծ օգտահաշիվներից (դրանք չունեին գրառումներ, լուսանկարներ, ընկերներ)։
Կողմերի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 -ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմից զոհվել է 2904 մարդ, հայկական կողմից՝ 3788 մարդ։ Ադրբեջանական կողմից հաշմանդամի կարգավիճակ է ստացել 2772 մարդ, հայկական կողմից՝ 1494 մարդ։
Սակավաթիվ անկախ լրատվամիջոցները բազմիցս փորձում են ուշադրություն սևեռել 2020 թ-ի ղարաբաղյան մարտերի մասնակիցների խնդիրների վրա․ նրանք չեն կարողանում նպաստ ստանալ, աշխատանքի տեղավորման խնդիրներ ունեն, սրան գումարվում է պաշտոնյաների անտաշությունը։
Ռավան Աբասովի ակցիայի մասին տեսանյութին զուգահեռ՝ մեկ այլ կայքում հրապարակվել է ևս մեկ վետերանի պատմություն, որին նույնպես նպաստ չեն տալիս։ «Ասում են, թե իմ հիվանդության դեպքում հաշմանդամություն չի նշանակվում։ Ի՞նչ է, պետք է մեռնեի՞», — վրդովվում է Դավուդ Բագիրզադեն։ Նա լրագրողներին ասել է, որ ոտքն ու ձեռքը վնասված են, և չի կարողանում աշխատել։
2020 թ-ի Ղարաբաղյան պատերազմի վետերաններն Ադրբեջանում ստանում են ամսական 80 մանաթ (շուրջ 50 ԱՄՆ դոլար)։ Պատերազմի հերոսների համար գոյություն ունի հատուկ «նախագահական նպաստ»՝ 2000 մանաթ (մոտ 1080 դոլար), ազգային հերոսների համար՝ 1500- 1800 մանաթ (մոտ 800-1000 դոլար), և հաշմանդամության նպաստ՝ 300-400 մանաթ (180-240 դոլար)։
Օգնություն է ցուցաբերվում նաև անվճար բուժման, անվճար ավտոմեքենաների և անվճար բնակարանների տեսքով, սակայն, նախ, այն ոչ բոլորին է հասնում, երկրորդ հերթին՝ թղթաբանությամբ է ուղեկցվում և հաճախ տեղ է հասնում «կիսով չափ»։ Հենց դրանից են բողոքում վետերաններն այս տեսանյութում․ իրենց ընկերներին ուղարկել են Թուրքիա բուժվելու, ասում են նրանք, հետո որոշել են հետ ուղարկել՝ բուժումն անավարտ թողնելով։
Պաշտոնական և իշխամամետ լրատվամիջոցներն այդպիսի ակցիաներն ու բողոքները, որպես կանոն, չեն հրապարակում։ Եթե հրապարակում էլ են, ապա այն մասին, որ տվյալ վետերանին արդեն օգնել են (կամ թե ինչու չեն կարող օգնել)։ Այդպես էր նաև Ֆարիզ Աղաևի դեպքում, որը պետության օգնությունն էր խնդրել սոցցանցերի միջոցով 2021 թ-ի սեպտեմբերին։
Դրանից հետո աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը շտապել էր հաղորդել, որ Աղաևին «երեք կով և 400 կգ կորմ է տրամադրվել» ընտանեկան տնտեսություն ստեղծելու համար, իսկ «Ֆարիզ Աղաևի հաշմանդամության գնահատում կիրականացնեն պատկան մարմինները»։
Այսպիսով՝ այս թեման մերթընդմերթ ի հայտ է գալիս, սակայն՝ հենց առանձին պատմությունների տեսքով։ Այս միտումը, որպես այդպիսին, հաճախ չի վերլուծվում հանրային տիրույթում։
Բայցևայնպես, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալի Քերիմլին այս թեմայով ֆեյսբուքյան երկու գրառում է արել։
Առաջինում նա համեմատել է զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող փոխհատուցումներն ու վետերանների նպաստներն Ուկրաինայում, Ռուսաստանում և Ադրբեջանում (ոչ հօգուտ Ադրբեջանի)։ Երկրորդում պատասխանել է նախորդ գրառումը քննադատողներին, ավելի ճիշտ՝ իշխանությանը, որն, ըստ իրենց, այդ քննադատներին «ուղարկել է» (ասվածից եզրակացություն անելու փոխարեն)։
«Մենք պետք է խոսենք և բացատրենք նրանց, որ մեր ժողովուրդն այնքան միամիտ չէ, որքան նրանք կարծում են։ Մենք ձեզնից պահանջում ենք ապահովել Ղարաբաղում մեր պատիվը բարձր պահածների իրավունքները և անպայման հասնելու ենք դրան», — նշել է Քերիմլին։
Մնացած հայտնի և ակտիվ ընդդիմադիրները վետերանների խնդիրներին ընդհանրապես չեն արձագանքել։
Փոխարենն ակտիվորեն արձագանքել են հակամիլիտարիստները։ Նրանք դեռևս 2020 թ-ի պատերազմի ժամանակ էին դեմ հակամարտության ռազմական լուծմանը, և այժմ իրենց ընդդիմախոսներին կիսահռետորական հարց են ուղղում․
«Արդյո՞ք արժեր զոհաբերել այդքան մարդկանց կյանքն ու առողջությունը, եթե այժմ ողջ մնացածները ոչ ոքի պետք չեն»։
«Այս կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ նոր պատերազմը լեգիտիմացնելու փորձը, հղում անելով ղարաբաղցիների [30 տարի առաջ առաջին պատերազմի ժամանակ – խմբ․] վերապրած վնասվածքներին, սխալմունք էր։ Նախորդ վնասվածքը պետք է նոր պատերազմի խթան չտար, այլ, ընդհակառակը, ծառայեր նույնպիսի վնասվածքների կրկնության կանխարգելմանը», — այսպես է Ռավան Աբասովի տեսանյութին արձագանքել գենդերային ակտիվիստ Նուրլանա Ջալիլը, և միանգամից բախվել է սոցցանցերի բացասկան արձագանքին իր «ոչ հայրենասիրական» դիրքորոշման համար։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։