Պետության օգտին մասնավոր սեփականության առգրավումը կպարզեցվի
Անգամ եթե հանրային օգտագործման համար անհրաժեշտ տարածքում ձեր իսկ սեփականությունն է գտնվում, պետությունը կարող է այդ տարածքը առգրավել պարզեցված կանոններով: Համապատասխան օրենսդրական փաթեթը, որի նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն է, ուղարկվել է խորհրդարանի դիտարկմանը:
Պետական կարևորության նախագծերի իրականացման համար մասնավոր սեփականության առգրավում, ըստ օրենսդրության, հնարավոր է նաև այսօր: Իսկ նոր կարգավորումները կհեշտացնեն այդ գործընթացը:
Ուժի մեջ են մտնում տարաբնակեցման կանոնները, որոնք սեփականության բռնագանձում են ենթադրում (բռնագանձումը սեփականազրկումն է մեկանգամյա փոխհատուցմամբ — JAMnews) դատարանի որոշմամբ: «Փոխհատուցումը պետք է նախապես, ամբողջական և արդար լինի», — նշված է կառավարական փաստաթղթում:
Սակայն, չնայած դրան, օրինագծի համաձայն, արտոնյալ դիրքում պետությունն է հայտնվում: Այն կարող է առաջին ատյանի դատարանի որոշմամբ տարածքի բռնագանձման համար ոստիկանական ուժեր օգտագործել, մեկ ամսվա ընթացքում սեփականատիրոջը դուրս հանել զբաղեցրած հողից: Իսկ եթե տարածքը դատարկ է, ապա դրա օտարումը կարող է ավելի արագ տեղի ունենալ՝ երկու շաբաթվա ընթացքում:
Ավելի ուշ սեփականությունից զրկված անձը կարող է բողոքարկել որոշումը բարձր ատյանների դատարաններում, սակայն կարող է բողոքարկել միայն փոխհատուցման ձևը կամ ծավալը: Սեփականությունն այլևս չի կարող վերադարձնել:
Կառավարության պարզաբանման մեջ, որը խորհրդարան է ուղարկվել օրինագծի հետ մեկտեղ, ընդգծվում է, որ նոր կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ օրենքում առկա անճշտությունները խնդիրներ են ստեղծում սեփականության օտարման գործընթացում, ինչն իր հերթին խանգարում է պետական կարևորության նախագծերի իրականացմանը, ձախողում է աշխատանքների պլանը:
Ոչ կառավարական կազմակերպությունների և իրավաբանների մի մասը համարում է, որ նշված օրինագիծը խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Խորհրդարանում օրինագծի շուրջ աշխատանքը դեռ չի սկսվել, և հայտնի չէ, արդյո՞ք պատգամավորները դրա վերաբերյալ առարկություններ ունեն: Չնայած, եթե հաշվի առնենք այն, որ օրենքը նախաձեռնել է կառավարությունը, իսկ իշխող թիմը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի, ապա դրա ընդունման հետ կապված խոչընդոտներ չեն առաջանա:
Եթե խորհրդարանն ընդունի այդ օրենքը, կարելի է ենթադրել, որ զգալի տեղաշարժեր կսկսվեն ամենաաղմկահարույց նախագծերից մեկի՝ Խուդոնի ՀԷԿ-ի շինարարության իրականացման մեջ: Փորձագետները համարում են, որ օրինագծի ամենախիստ և վիճելի կարգավորումները կապված են հենց Խուդոնի ՀԷԿ-ի շինարարության հետ:
«Տրանսէլեկտրիկա» ընկերությունն արդեն 5 տարի է՝ անհաջող փորձեր է անում Ինգուրի գետի վրա 1 մլրդ դոլար արժողությամբ ՀԷԿ կառուցելու: Աշխատանքները պետք է մեկնարկեին դեռևս 2014թ-ին, սակայն տեղի բնակչության և ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով, նախագծի իրականացմանն անցնել չի հաջողվում: ՀԷԿ շինարարության համար Խուդոնի գյուղն ամբողջությամբ պետք է ջրի տակ անցնի: Իսկ նոր օրենքը պետությանը թույլ կտա բռնի տարաբնակեցում իրականացնել: