Հայաստան. ազգային պարը դուրս է գալիս փողոց
«Կարին» ավանդական երգի-պարի համույթը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը ազգային պարարվեստի հանրահայտ գործիչ Գագիկ Գինոսյանն է, վերջին տարիներին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս: «Կարինի» անդամները 2011 թվականից շրջագայում են Հայաստանի ու Արցախի գյուղերով ու քաղաքներով՝ անցկացնելով ազգային պարի ցուցադրական ելույթներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախաձեռնությունը անվանվել է «Պարենք հայերեն»:
Ազգային պարի սիրահարները պարբերաբար հավաքվում են և պարում Երևանի սիրված հանրային վայրերում՝ հրապարակներում, պուրակներում:
Ծրագրավորող Ֆելիքս Քոչարյանի համար «Պարենք հայերեն»-ին միանալու առիթ դարձավ այն հանգամանքը, որ իր մտերիմ ընկերները պարբերաբար մասնակցում էին միջոցառմանը.
«Մի անգամ պայմանավորվեցի ընկերներիս հետ ու հերթական ուրբաթ օրը միացա նրանց։ Քանի որ նոր պետք է սովորեի պարել, սկզբում ինձ ահավոր բարդ էր թվում հմուտ պարողների հետ նույն շարքում գտնվել, բայց ամեն ինչ շատ ավելի հեշտ ստացվեց»:
Ֆելիքսի համար ազգային պարը ոչ միայն ժամանց է, այլև մեր օրերում ազգայինի պակասը լրացնելու եղանակ. «Պարը դեռ փոքրուց ինձ համար հոբբի է եղել։ Իսկ ազգային պարեր պարողներին միշտ նախանձով էի նայում, բայց հնարավորություն չէր լինում սովորելու։ Ազգային պարը ինձ համար, նախ և առաջ, մեր ազգի պատմությունն է, ու ես ուզում եմ այդ պատմության ու մշակույթի կրողը լինել։»
«Պարենք հայերեն»-ը՝ պարի բաց դասեր են, որոնց ընթացքում մասնակիցներին սովորեցնում են ոչ միայն պարաքայլերը, այլև բացատրում են այդ պարերի բովանդակությունն ու իմաստը:
Ազգային պարի տարածման այս ձևաչափը նմանվել է յուրօրինակ շարժման: Այն վառ օրինակ է, թե ինչպես կարելի է ժամանակակից իրականությունում երիտասարդությանը հետաքրքրել ավանդականով ու ազգայինով:
Առաջին անգամ հրապարակվել է՝ 25.11.2016