Պարաօլիմպիական չեմպիոններ
Ռիոյի պարաօլիմպիական խաղերից վրացի ձյուդոիստ Զվիադ Գոգոչուրին վերադարձավ ոսկե մեդալով: Զվիադը կույր է, նա դձյուդոյի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է:
Զվիադը միակը չէ: Վրաստանում նաև այլ պարաօլիմպիական չեմպիոններ և մարզիկներ կան: Այս պատմությունը հենց նրանց մասին է:
Վրաստանի բնակիչների 3 տոկոսը սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց կարգավիճակ ունի (118 651 մարդ): Նրանց մեծ մասը մայրաքաղաքում է ապրում: Ամսական նրանք 70-100 լարի պետական կենսաթոշակ են ստանում: 120 հազար հոգուց 30-ը պարաօլիմպիական մարզիկներ են: Նրանցից 8-ը Եվրոպայի չեմպիոններ են:
Այս թվերի ետևում առանձնահատուկ կամքի ուժով, կարգապահությամբ և էներգիայով օժտված մարդիկ են թաքնված:
Այս պատմությունները պարաօլիմպիական մարզիկների մասին են, ովքեր աներևակայելի հաջողությունների են հասնում անհավանական ճիգերի շնորհիվ: Նրանց մասին, ովքեր, անտեսելով տարաբնույթ խոչընդոտներն, իրենց նպատակին են հասնում՝ դրանով իսկ սովորեցնելով մնացածին, որ անիրագործելի երազանք չկա: Սա վրացի չեմպիոնների մասին պատմություն է:
Բեսո Լեկիաշվիլի / ռեստլեր
Բեսո Լեկիաշվիլին նախկին ըմբշամարտիկ է: 1989թ-ին վնասել է ոտքը և սպորտը նրա համար ավարտվել է: Այդպես էին կարծում բժիշկները, ընտանիքի անդամները, ընկերները: Բոլորը՝ բացի Բեսոյից: Նրա կամքն անկոտրում էր: Անկողնային ռեժիմ պահպանելու փոխարեն նա հենց անկողնում էլ մարզվում էր և շուտով հերքեց բժիշկների վատատեսական կանխատեսումները: Ոտքի կանգնեց և վերադարձավ սպորտ: Սակայն չէր կարող ըմբշամարտը շարունակել, այդ պատճառով էլ ընտրեց ռեստլինգը:
«Վրաստանում 1990թ-ին սպորտով զբաղվելը հեշտ չէր: Ոչ մարզադաշտ կար, ոչ մարզասարքեր, օրինակ ձգվելու համար պարան էինք օգտագործում: Հետո ընկերներս օգնեցին, և բակում մարզվելու համար մետաղական մարզապիտույքներ սարքեցի», — հիշում է Բեսոն:
Բեսոն աշխարհի չեմպիոն է պարաօլիմպիական ռեստլինգից: Իր առաջին մրցանակը՝ «Ոսկե արջը» ստացել է, երբ դեռ մրցամարտերն առանձնացված ռեժիմով չէին անցկացվում, այսինքն պարաօլիմպիական մարզիկներն իրենց մրցաշարերը չունեին:
Նիկա Տվաուրի / պարաօլիմպիական լողորդ
Նիկա Տվաուրին առաջին պարաօլիմպիական լողորդն է Վրաստանում: Երբ նա լողավազն է եկել մարզվելու, նրանից գրություն են պահանջել այն մասին, որ եթե նա խեղդվի, պատասխանատվությունն ընկնելու է իր ու իր մարզչի վրա: Գրությունը գրել են, մարզիչը նույնպես ստորագրել է, սակայն դրանով բոլոր դժվարությունները չեն ավարտվել: Նա հաճախ էր դիտողություն ստանում լողուղում բախումների համար կամ երբ լողավազանից դուրս գալիս մեկին հրում էր: «Չէին հավատում, էր կույր եմ: Չէին հասկանում, թե ինչպես կույրը կարող է լողալ»:
Մանուկ հասակում նրա ձեռքերի մեջ ական է պայթել: Հենց այդ ժամանակ է Նիկան կորցրել տեսողությունն ու դաստակը: Բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, և երբ 3-4-ամյա վիրահատական շրջանն ավարտվել է, որոշել է մի բանով զբաղվել, այլ ոչ թե պարզապես տանը նստել: Նա տարբեր բաներով է զբաղվել, մինչև որ դարձել է պրոֆեսիոնալ լողորդ:
Դաթո Կոբալիա / պարաօլիմպիական աթլետ
Դաթո Կոբալիան կարդիովիրաբույժ է, ձեռքերում մարդկային սրտեր պահում, և փորձում է բուժել դրանք: Բժիշկներին ու հիվանդանոցներին Դաթոն վաղուց է սովոր: Մանուկ հասակում հիվանդանոց է ընկել պոլիոմիելիթով: Բժիշկները երեխայի հարազատներին հույսեր չեն տվել, սակայն ապագա վիրաբույժն ու մարզիկը ուժեղ է եղել: Այժմ նա և՛ սրտաբան է, և՛ պարաօլիմպիական մարզիկ:
2013թ-ին Դաթոն առաջկն անգամ ելույթ է ունեցել միջազգային մրցաշարում: Նրա կարծիքով՝ այդ ժամանակ մեծ փորձ է ձեռք բերել և սկսնակ մարզիկի համար դա զգալի հաջողություն է եղել: Նրա երազանքն է հաղթել մրցաշարում, բարձրանալ պատվանդանին՝ Վրաստանի դրոշով: Այդ նպատակին հասնելու համար նա ամեն օր մարզվում է և փորձում է բարելավել իր արդյունքները:
Թեմո Արաբիձե / պարաօլիմպիական պարող
Թեմո Արաբիձեն պարող է: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կոմայի մեջ է հայտնվել, և ապրելու շանսերը չնչին են եղել: Սակայն Թեմոն կենդանի է մնացել և մի քանի վիրահատություններից հետո վերադարձել է սովորական կյանքի: Բացառությամբ մի բանի՝ Թեմոն հանկարծակի իր մեջ պարելու տաղանդ է հայտնաբերել:
rV7FWVRXmmw
Առաջին անգամ նա պարել է անվասայլակով: Դրանից հետո պարելը նրա կյանքի գլխավոր գործն է դարձել: Այժմ նա նոր մարզիչ է փնտրում ապագա Պարաօլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Հրապարակվել է 28.09.2016
Հոդվածը պատրաստվել է Հասարակական գործերի վրացական ինստիտուտի ուսանողական մեդիադասընթացների շրջանակում: