Պատուհան դեպի Եվրոպա. երկրորդ փուլ
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Օրակարգ, որը փոխվեց սեպտեմբեր 3-ից հետո
Հայաստանի և Եվրամիության միջև շուրջ մեկ տարի տևած բանակցությունները իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ ավարտվեցին: Բրյուսել կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ և այդ օրն էլ հայտարարեց բանակցությունների ավարտի մասին՝ նշելով, որ նոր փաստաթուղթն ունենալու է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անունն ու արտահայտելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:
Թեև համաձայնագրի տեքստը պաշտոնապես չի հրապարակվում, բայց փորձագետները, ելնելով մի շարք հանգամանքներից, պնդում են, որ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի համար տվյալ փաստաթուղթը կենսական նշանակություն ունի՝ չնայած այն ավելի ցածր «մակարդակ»-ի է, քան այն համաձայնագիրը, որն առաջարկվում էր Հայաստանին ստորագրել 2013թ.-ին:
Անշուշտ, իրավիճակն առավել դրական ընթացք կստանար, եթե Հայաստանի արտաքին քաղաքական պատմության մեջ տեղի չունենար 2013թ.-ի սեպտեմբերի 3-ը: Այդ օրը Հայաստանը հայտարարեց, որ չի ստորագրելու ԵՄ հետ Ասոցացման և դրա մաս հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը, փոխարենը, ինչպես Մոսկվայից հայտնեց նախագահ Սարգսյանը, սկսվում է Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու գործընթացը:
Քանի որ դեպքերն ընթանում էին ուկրաինական ճգնաժամին զուգահեռ, «մայդանից» հետո, շատերի համար հասկանալի էր, որ Եվրամիությունից Հայաստանին «պոկող»-ը Ռուսաստանն էր, հակառակ դեպքում էլ ի՞նչը կարող էր ստիպել Սերժ Սարգսյանին մեկ գիշերում փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը ու գնալ մի կառույցին ինտեգրվելու ճանապարհով, որը նոր է ձևավորվում, չի փայլում խոստումնալից հեռանկարով և անդամ պետություններից որևէ մեկը Հայաստանի հետ նույնիսկ ցամաքային ընդհանուր սահման չունի:
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խմբագրվեցին
Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը որդեգրեց այսպես կոչված «և-և»-ի քաղաքականությունը` չհրաժարվելով ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելուց և միաժամանակ ԵԱՏՄ-ին անդամակցելուց: Այսպիսով՝ ՀՀ-ն, ըստ էության, փորձում էր հերքել տեսակետները, թե որոշումը կայացվել է Ռուսաստանի ճնշման ներքո։ Այդ օրերին, սակայն, ԵՄ ներկայացուցիչները մերժում էին համատեղելիությունը, նշելով, որ Հայաստանի ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունները չեն կարող չհակասել ԵՄ սկզբունքներին, ուստի Հայաստանը պիտի ընտրի՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ:
Որոշ ժամանակ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ճակատագիրն առկախված էր օդում, քանի դեռ չէր հայտարարվել, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում տեղի չի ունենա Մաքսային միության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային նոր պարտավորությունների պատճառով, բայց ԵՄ հետ մերձեցումը կշարունակվի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության հաստատման, արդարադատության և մի շարք այլ ոլորտներում:
ԵՄ-ը փոխեց սեպտեմբերի 3-ի շոկային ու միաժամանակ կոշտ հռետորաբանությունը և հայտարարեց, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը և շարունակելու է օժանդակություն տրամադրել այն ոլորտներին, որոնք համատեղելի են պաշտոնական Երևանի ստանձնած նոր պարտավորությունների հետ: Արդյունքում, ինչպես նկատել էր Սերժ Սարգսյանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը «խմբագրվեց, բայց չբեկանվեց»:
Շրջանակային հարաբերությունների սկիզբը
Ռուսաստանի փորձագիտական և քաղաքական շրջանակները հպարտանում էին, որ ՀՀ-ն մեծ տեմպերով անդամագրվում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը շուտով տվեց իր արդյունքը՝ 2015թ.-ի հունվարի 2-ին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ:
Սակայն նույն 2015թ.-ի դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էլ Բրյուսելում ազդարարեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Կողմերը հույս հայտնեցին, որ նոր շրջանակային համաձայնագրում ընդգրկելու է առավելագույնը, ինչի մասին կարող են պայմանավորվել երկու կողմերը:
Այդ օրերին Հայաստանում կարծիքներ էին հնչում, որ Եվրամիությունը «կամ-կամ»-ի քաղաքականությունից դասեր քաղեց և առաջարկեց ՀՀ հետ համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ:
Վերլուծաբաններն եկել էին այն կարծիքին, որ ԵՄ ձախողել է Արևելյան գործընկերության քաղաքականությունը, ուստի փոխել է այն՝ հասկանալով, որ հակառակ դեպքում Հայաստանին Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում մենակ է թողնում և կորցնում իր ազդեցությունը: ԵՄ ներկայացուցիչներն էլ հայտարարում էին, որ իրենց համար Հայաստանը կարևոր երկիր է այս տարածաշրջանում:
Մի քանի քայլ հետ
«Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ, որն ի դեպ Բրյուսելում էր գտնվում բանակցությունների ավարտի մասին հայտարարության օրը, համարում է. թեև նոր համաձայնագիրը մի քանի քայլ հետ է Ասոցացման համաձայնագրից, բայց դրանում առկա քաղաքական հատվածն անփոփոխ է մնացել.
«Քաղաքական բաղադրիչի մոտավորապես 90 տոկոսն իսկապես պահպանվել է: Նոր համաձայնագիրը գրեթե նույնն է, ինչ Մոլդովայի, Վրաստանի ասոցացման համաձայնագիրը: Իսկ տնտեսական բաղադրիչն ահա շատ մակերսային է՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով, ԵԱՏՄ-ի հետ անհամատեղելիության պատճառով»:
Միաժամանակ, Իոաննիսյանը կարծում է, որ Հայաստանը հիմա ԵՄ հետ հարաբերվելու այն նույն կետում է, ինչ 2013թ.-ին, երբ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտված էին, բայց նախաստորագրված չէին:
Ուստի, վերջինս մտահոգ է, որ Հայաստանն այս անգամ էլ կարող է չստորագրել ԵՄ հետ շրջանակային նոր համաձայնագիրը. «Սեպտեմբերի 3-ի պահը չի անցել: Նախորդ անգամ հենց այս կետում էինք, որ ՀՀ իշխանությունները շրջադարձ արեցին: Ես հիմա Բրյուսելում եմ և կարող եմ ասել, որ մարդիկ հիշում են 2013թ.-ը: Բայց հույս ունենք, որ նույն սցենարը չի կրկնվի ու գոնե այս անգամ ՀՀ-ԵՄ միջև համագործակցության համաձայնագիրը կստորագրվի: Հակառակ դեպքում դա մեծ հետք կթողնի ոչ միայն ՀՀ իշխանությունների հեղինակության, վարկանիշի վրա, այլև՝ Հայաստանի զարգացման, հեռանկարների վրա առհասարակ»:
Իսկ նախաստորագրման, ապա ստորագրման ժամկետները դեռևս նախնական են: Համաձայնագիրը կնախաստորագրվի մայիսին, իսկ ստորագրումը կկայանա նոյեմբերին: Ավելի շուտ ստորագրել կամ նախաստորագրել համաձայնագիրը, Իոաննիսյանի խոսքով, հնարավոր չէ, որովհետև այն պետք է թարգմանվի ԵՄ անդամ բոլոր պետությունների լեզուներով, ապա խմբագրվի, սրբագրվի, ներկայացվի 28 անդամ պետությունների խորհրդարանների վավերացմանը:
Ընտրակեղծարարության գինը
Այս տարի ապրիլի 2-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու են նոր տիպի ընտրություններ՝ հանրության կողմից հանրաքվեով ընտրված խորհրդարանական կառավարման նոր համակարգով: Ներկուլիսային մտահոգություններ կան, որ եթե ընտրությունները չանցնեն ազատ, արդար և թափանցիկ, ապա դրանք կարող են ազդել ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, այլև՝ հանգեցնեն նրան, որ Եվրամիությունը չվավերացնի շրջանակային իրավական նոր փաստաթուղթը:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, իշխող «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի խոսքով՝ ընտրությունները ստորագրման վրա ազդել չեն կարող, բայց կարող են ազդել ԵՄ անդամ 28 պետությունների կողմից այն վավերացնելու փուլի վրա:
Վիզաները օրակարգից դո՞ւրս
Ի դեպ, համացանցում համաձայնագրի շուրջ թեժ քննարկումներ էին գնում: Թեև օգտատատերերին հիմնականում հուզում էր վիզաների ազատականացումը, միաժամանակ քննարկվում էին և այլ հարցեր.
Թրենդ առաջին. ինչ էլ լինի, կարևորը՝ հարաբերություները վերականգնվում են
«ԵՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր դրական պետք է համարենք: Միայն թե կա՞ երաշխիք, որ Ռուսաստանը էս անգամ էլ չի խանգարի ստորագրմանը»:
«Այս փաստաթուղթը միայն դրական կազդի Հայաստան-ԵՄ համագործակցության վրա և շատ մեծ, կարևոր քաղաքական նշանակություն ունի հետագա ինստիտուցիոնալ համագործակցության համար: Այս պայմանագրի ստորագրումից հետո հասունանում է նաև այլ գործընթաց. դա վիզայի ազատականացման գործընթացն է, որի շուրջ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ»:
«Վիզաների ազատականացման գործընթացը մշտապես զուգահեռ է տարվել համաձայնագրի շուրջ բանակցություններին, կախված չէ համաձայնագրի բովանդակությունից, ուստի կարող է անգամ չարտացոլվել նոր փաստաթղթում»:
Թրենդ երկրորդ. Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում
«ԵՄ պատրաստ չէր վերջնականապես հրաժարվելու Հայաստանից և չի էլ հրաժարվի։ ԵՄ-ում հասկանում են, որ եթե հրաժարվեն Հայաստանին, ապա չենք ունենա այլընտրանք, քան Ռուսաստանն է: Արևմուտքը, օրինակ, եթե վարկեր չտրամադրիի, Հայաստանը կախվածության մեջ կհայտնվի ՌԴ-ից»:
Թրենդ երրորդ. վիզաների ազատականացմանը Հայաստանը չի հասնի՝ գոնե մոտակա ժամանակներում
«Տխուր լուր. ՀՀ-ԵՄ համաձայնագրով վիզաների ազատականացումը ընդհամենը «երկարաժամկետ նպատակ» է»:
«Այն, որ վիզաների ազատականացումը հնարավոր է ձևակերպվել որպես երկարաժամկետ նպատակ, տխուր չի, սպասելի է. եվրոպացիները միամիտ չեն ու «և-և»-ի ժուլիկություններին չեն խաբվում»:
«Վիզաների հարցը համապատասխան զարգացումների դեպքում կարող է և այս համաձայնագրի օրակարգից դուրս էլ լուծվել: Բայց գործընթացը սկսելուց հետո առնվազն երկու տարի պիտի անցնի… Իսկ եթե այդ համապատասխան գործընթացները չլինեն, նույնիսկ համաձայնագրում ավելի լավատեսկան ձևակերպումները չէին օգնի»: