Առաջին անգամ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի պաշտոնյայի նկատմամբ
Պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյայի նկատմամբ
Ադրբեջանի ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանովը դարձել է երկրում առաջին պաշտոնյան, որի նկատմամբ օտարերկրյա պետությունը պատժամիջոցներ է սահմանել։ ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ Մագնիտսկու օրենքով (նաև հայտնի է որպես «Մագնիտսկու ցուցակ») ամրագրված մարդու իրավունքների ոտնահարման համար: Ադրբեջանի ՆԳՆ-ն հերքել է գնդապետի մասնակցությունը բանտարկյալներին խոշտանգելուն։
- «1100 մարդ՝ իր տան ճանապարհին, 120 հազար՝ շրջափակված»․ Լաչինի միջանցքը դեռ փակ է
- «Երեք օր է, ինչ ԼՂ-ի հայերը պատանդի կարգավիճակում են»․ Հայաստանի խորհրդարան
- Եվս մեկ պրոհայկական բանաձև Ֆրանսիայից․ ինչպիսի՞ աջակցություն ակնկալել
Turan գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի ոստիկան, գնդապետ Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման և ոտնահարման համար։
Ալիմարդանովը Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է («Բանդայի դեպարտամենտ»), մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար նա հայտնվել է տարբեր երկրների ավելի քան 40 ներկայացուցիչներից կազմված ցուցակում։
«Համաձայն 7031(գ) հոդվածի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է՝ Ալիմարդանովը ենթակա է քրեական պատասխանատվության մարդու իրավունքների կոպիտ խախտումների, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականներին կալանավորների խոշտանգումների մեջ ներգրավված լինելու համար»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Սա առաջին դեպքն է, երբ միջազգային պատժամիջոցներ են սահմանվում Ադրբեջանի պետական պաշտոնյայի նկատմամբ։
Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, չի հաղորդվում։ Այնուամենայնիվ, դա սովորաբար նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք, հաշիվների և ունեցվածքի կալանք Միացյալ Նահանգներում, եթե այդպիսիք առկա են: Մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, Միացյալ Նահանգների պահանջով կարող են ձերբակալվել երրորդ երկրների տարածքում։
«Հիմա կան հետևանքներ»
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կարևորել է այն փաստը, որ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ Մագնիտսկու օրենքով նախատեսված մարդու իրավունքները խախտելու համար։
«Բաքվի ռեժիմն անպատիժ կերպով ոտնահարում էր մարդու իրավունքները։ Հիմա հետևանքներ կան։ Հուսով եմ, որ այս պատժամիջոցները կտարածվեն նաև կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաների վրա»։
ՆԳՆ-ն հերքում է
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանովը խախտել է մարդու իրավունքները և մասնակցել բանտարկյալներին խոշտանգելուն։
«Ձեր նշած աշխատակիցն աչքի է ընկնում հայրենասիրությամբ և իր ժողովրդի հանդեպ սիրով։ Նա պրոֆեսիոնալ է իր գործում։ Ալիմարդանովն իր խոսքն ասել է քաղաքացիների անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարում»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը պատասխանել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը։
Ինչո՞վ է հայտնի Ալիմարդանովը
Ալիմարդանովի անունը հանրությանը հայտնի դարձավ 2015 թվականի նոյեմբերի 26-ին Բաքվի արվարձան Նարդարան գյուղում ոստիկանական գործողությունից հետո։ Որպես ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ավազակապետության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ՝ նա էր ղեկավարում այդ գործողությունը։
2015 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Նարդարան գյուղում։ Բախումների արդյունքում զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Այդ գործողության արդյունքում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, նրանցից շատերը դատապարտվել են սպանության և այլ հանցագործությունների համար, ազատազրկվել տարբեր ժամկետներով։
Ալիմարդանովի անունը հիշատակվում էր նաև հասարակական և քաղաքական ակտիվիստների ձերբակալության գործերում։ Բայց նա մասնակցել է միայն մեկ դատավարության՝ ակտիվիստ Էլգիզ Գահրամանլիի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատական նիստում Ալիմարդանովը հերքել է Գահրամանլիի պաշտպանական կողմի այն պնդումները, թե ակտիվիստը խոշտանգումների է ենթարկվել գնդապետի անձնական աշխատասենյակում, թմրամիջոց են գցել նրա գրպանը։
Էլգիզ Գահրամանլին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորվել էր 2016 թ. -ին։ Նա ազատազրկվել էր հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Այնուհետև Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխել էր հոդվածը, որով Գահրամանլին դատապարտվել էր, և կալանքի ժամկետը կրճատել մինչև երեք տարի։ Էլգիզ Գահրամանլին քաղբանտարկյալ էր ճանաչվել։ 2019 թվականի մարտին նախագահի հրամանագրով նրան ներում շնորհվեց։ Ադրբեջանի պաշտոնյաները պնդում են, թե երկրում քաղբանտարկյալներ չկան։
2015 թվականի հուլիսին նախագահ Իլհամ Ալիևի հրամանով գնդապետ Ալիմարդանովը պարգևատրվել է «Հերոսության համար» մեդալով։
Պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյայի նկատմամբ