Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 28 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Իլհամ Ալիևը դիմել է Հայաստանի ղեկավարությանը. «Ճանաչե՛ք Լեռնային Ղարաբաղը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» ռուսական լրատվական գործակալությանը.
«[Ճանաչումով շանտաժ անելը] ևս մեկ անգամ խոսում է Հայաստանի ներկայիս իշխանությունների անհետևողականության և կեղծավորության մասին, քանի որ, չճանաչելով Լեռնային Ղարաբաղը, իրենք ուզում են, որ դա անեն մյուս երկրները։ Եվ նրանց մշտական շանտաժն ու սպառնալիքները, թե սրացման դեպքում կճանաչեն Լեռնային Ղարաբաղը, կրկին բլեֆ էր։ Արդեն ավելի քան մեկ ամիս ձգվում է այս դիմակայությունը, ուրեմն ինչո՞ւ նրանք մինչև հիմա չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դա անելը շատ հեշտ է, թող հայտարարեն, որ ճանաչում են այն։ Հենց սա է նրանց քաղաքականության ողջ էությունը, երբ տասնամյակներ շարունակ նրանք միշտ փորձում են և, ցավոք, երբեմն հաջողում, թաքնվել այլ երկրների հետևում։ Որ այլ երկրները նրանց փոխարեն լուծեն իրենց խնդիրները։ Ըստ էության, դա է ժամանակակից հայկական պետության գաղափարախոսությունը։
…Այդ պատճառով էլ իմ պատասխան կոչը նրանց հետևյալն է՝ ճանաչե՛ք Լեռնային Ղարաբաղը, հենց այսօր էլ ճանաչեք։ Ես այս մասին, ի դեպ, խոսել եմ համեմատաբար վերջերս։ Թող ճանաչեն այսօր, սակայն երկրներին խնդրելը դա անել, կրկին խոսում է հայկական ղեկավարության անադեկվատության և շատ ցածր քաղաքական գրագիտության մասին։ Որովհետև, եթե հայկական ղեկավարությունը մի քիչ գլուխ հաներ միջազգային քաղաքականության հիմունքներից, կհասկանար, որ այսօր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է ողջ աշխարհը՝ որպես հայտնի փաստ, երբ մենք անդամակցել ենք ՄԱԿ-ին և միջազգային այլ կառույցներին՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասնական պետության շրջանակում», — հայտարարել է Ալիևն իր հարցազրույցում։
-
«Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ». Հայաստանի ԱԳՆ
Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
«Սա պատերազմական հանցագործություն է, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է․․․ Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության», — հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
-
Եվս 13 բնակավայր է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում հաղորդել է, որ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել ևս 13 բնակավայր Ղարաբաղում։
Ալիևը թվարկել է այդ բնակավայրերը՝
Զանգելանի շրջան․ Բիրինջի Աղալի, Իքինջի Աղալի, Ուչունջու Աղալի, Զարնելի գյուղերը,
Ֆիզուլիի շրջան՝ Մանդըլը գյուղ,
Ջաբրայիլի շրջան․ Գազանզեմի, Չուլլու, Խանաղաբուլաղ, Ղուշչուլար, Ղարաղաջ գյուղերը,
Գուբաթլուի շրջան՝ Գիասլի, Ադիլժե և Գըլըջան գյուղերը։
Müzəffər Azərbaycan Ordusu Zəngilanın Birinci Ağalı, İkinci Ağalı, Üçüncü Ağalı, Zərnəli, Füzulinin Mandılı, Cəbrayılın Qazanzəmi, Xanağabulaq, Çüllü, Quşçular, Qaraağac,
— İlham Əliyev (@azpresident) October 28, 2020
-
Ադրբեջանի ԶՈւ-ն հարվածել է Ստեփանակերտի ծննդատանը․ ԼՂ տեղեկատվական կենտրոն
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է ԼՂ մայրաքաղաքի հրետակոծումը։ Ընդ որում, ճշգրիտ թիրախային հարված է հասցվել ծննդատանը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
-
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական Բարդա քաղաքի հրետակոծման լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում գրում է, որ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն է:
-
Հրետակոծության հետևանքով Բարդա քաղաքում երեք խաղաղ բնակիչ է զոհվել․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Այսօր ժամը 13-ին մոտ հայկական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Բարդա քաղաքին, հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ գրոհի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մի քանի մարդ վիրավորվել է։
-
Ադրբեջանի պաշպանության նախարարությունը հերքել է Շուշիի և Ստեփանակերտի հրետակոծման լուրը
«Հայկական կողմից տարածված տեղեկությունը, իբր ադրբեջանական բանակը հրթիռակոծել է Շուշան և Խանքենդին, կեղծ է։ Հերթական անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակը երբեք չի հրետակոծում քաղաքացիական բնակչությունը։ Ադրբեջանը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի ԶՈւ-ն «Սմերչ» ՀԿՌՀ-ով հրետակոծում է Շուշին, կա մեկ զոհ և վիրավորներ․ Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայություն
Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է նաև, որ «Սմերչ» կայանքից հարված է հասցվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։
-
Գլենդեյլ քաղաքը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Գլենդեյլի քաղաքային խորհուրդն Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը միաձայն է ընդունել։ Բանաձևի հեղինակը քաղաքապետ Վրեժ Աղաջանյանն է։
Գլենդեյլի իշխանությունները կոչ են արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին նույնպես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«ANCA Glendale-ը կոչ է անում քաղաքի ղեկավարությանը վճռական քայլեր ձեռնարկել Թուրքիայից և Ադրբեջանից քաղաքային ներդրումները դուրս բերելու ուղղությամբ», — ասված է ANCA Glendale-ի հաղորդագրությունում։
Սրանից առաջ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել են ամերիկյան Ֆաուլեր, Ֆորտ Լի քաղաքների խորհուրդները, Միլանը, Սալոնիկը, Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, ինչպես նաև ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը։
Ադրբեջանն, իր հերթին, նախազգուշացրել է, որ անհապաղ կխզի դիվանագիտական հարաբերություններն այն երկրների հետ, որոնք պաշտոնապես կճանաչեն Արցախի անկախությունը։
-
Ադրբեջանի ԶՈւ-ն հարվածել է Շուշի քաղաքին․ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ հարվածը հասցվել է հոկտեմբերի 28-ի առավոտյան։ Տուժածներ չկան։
«Երեկ երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել», — ասված է հաղորդագրությունում։
-
Զոհված խաղաղ քաղաքացիների թիվը հասել է 69-ի․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թարմացրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը։
Գերատեսչության տվյալներով՝ հայկական զինված ուժերի հրետակոծության հետևանքով զոհվել է 69 մարդ, 322-ը վիրավորվել է։ Վնասվել է 2338 մասնավոր տուն։
-
Ադրբեջանի ՊՆ․ «Տերտերի շրջանը հրետակոծվել է»
«Հոկտեմբերի 28-ին ժամը 07.30-ին մոտ հայկական զինված ուժերը հրետակոծել են Տերտերի շրջանի տարածքը», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Մարտական գործողությունները շարունակվում են․ Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 27-ին ողջ օրվա ընթացքում և լույս 28-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք չեն պահպանում հումանիտար հրադադարի ռեժիմը, տարբեր տեսակի զենքերով հրետակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը ճակատի տարբեր ուղղություններով և ճակատամերձ գոտու բնակավայրերը։
Մարտական գործողությունները շարունակվել են հիմնականում Աղդերեի, Խոջավենդի, Ֆիզուլիի, Զանգելանի և Գուբաթլիի ուղղություներով», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Իրավիճակը հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի արդեն երկրորդ ամիսն է սկսվել
• Արցախի իշխանությունների հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 27-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական ռազմական ուժերը ռմբակոծել են Արցախի բնակավայրերը։ Բաքվում դա հերքում են։
• Բաքուն հայտարարել է, որ հայկական զինված ուժերը հրթիռակոծել են Ադրբեջանի Բարդա քաղաքը, տեղի չորս բնակիչ է զոհվել։ Երևանում դա հերքում են։
• Հոկտեմբերի 27-ին ամբողջ օրվա ընթացքում սրացում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին։ Երևանն Ադրբեջանին մեղադրել է իր հարավային սահմանների հրետակոծման համար, Բաքուն դա հերքել է, սակայն հայտարարել Իրանի հետ սահմանին Հայաստանի կողմից ձեռնարկված սադրանքի մասին։
• Հայաստանի Քննաչական կոմիտեն հաղորդել է, որ Ադրբեջնում 17 հայ ռազմագերի կա։
• Վիրավոր է և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Ջալալ Հարությունյանը։
• «Հայաստանի կառավարության ռազմավարությունը չի փոխվելու, Արցախի ժողովրդի իրավունքների համար պայքարը շարունակվեու է, Արցախի Պաշտպանության բանակն ունի անձնակազմ և զենք, որոնք անհրաժեշտ են դրված խնդիրների լուծման համար», — հայտարարել է Հայաստանի վարչապետն իր հեռուստաուղերձում։
• Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր նախաձեռնությունը կներկայացնի։ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հոկտեմբերի 28-ին Բաքու է ժամանել, այնուհետև մեկնելու է Մոսկվա, Երևան և Անկարա։
• Թուրքիայի նախագահը զանգահարել է Ռուսաստանի նախագահին՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտությունը։ Զրույցի մանրամասները հայտնի չեն, սակայն Կրեմլի պաշտոնական կայքում ասվում է, որ «ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել մարտերին Մերձավոր Արևելքից ահաբեկիչների էլ ավելի մասշտաբային ներգրավման առնչությամբ»։
• Ղարաբաղյան կարգավորման հարցում ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ բանակցություններին Թուրքիայի մասնակցության մասին։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 27-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։