Խաղաղություն՝ թղթի վրա․ Արցախում պատերազմը շարունակվում է
Մարդասիրական հրադադարի մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։ Այն ենթադրում է զոհերի մարմինների և ռազմագերիների փոխանակում։ Դրա համար Երևանն ու Բաքուն պարտավորվել են, նախևառաջ, դադարեցնել ռազմական գործողություններն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հնարավորություն տալ կատարել իրենց առաքելությունը։
Սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ ոչ միայն առաջնագծում։ Շարունակում են թիրախավորվել խաղաղ բնակիչները։ Հայ փորձագետների գնահատականը, թե ինչու հրադադարը չի աշխատում, ով կարող է ազդել իրավիճակի վրա, և արդյոք այս փուլում խաղաղ բանակցություններն ընդհանրապես հնարավոր են։
• «Հայաստանը եղել է և շարունակում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը լինել»․ Հայաստանի ԱԳ նախարար
• «Ադրբեջանական կողմին հրադադար պետք չէ»։ Ի՞նչ են պատերազմի մասին մտածում Հայաստանում
Իրավիճակն առաջնագծում
Հրադադարի ուժի մեջ մտնելու ժամին Հայաստանում և Ղարաբաղում սպասում էին լարվածությամբ և թերահավատորեն։ Թույլ հույս կար, որ, այնուամենայնիվ, կհաջողվի պահպանել փխրուն խաղաղությունն ու հետևել պայմանավորվածություններին։ Սակայն առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ պայմանավորվածությունները մնալու են թղթի վրա, իսկ հրադադարի խախտման վերիֆիկացման հնարավորության բացակայությունը կողմերին հնարավորություն է տալու միմյանց մեղադրելու առանց որևէ հետևանքի։
Հոկտեմբերի 13-ին մարտական գործողություններն առաջնագծում մի քանի ուղղություններով ավելի ինտենսիվ են դարձել։ Եթե ամսի 10-ին լարվածությունը պահպանվում էր միայն Հադրութ քաղաքի ուղղությամբ, ապա ավելի ուշ հրետանային բախումները վերսկսվել են նաև հյուսիսում և հարավում։
Հայկական կողմը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերն ամեն գնով փորձում են Հադրութ մտնել, որի գրավման մասին ավելի վաղ հայտարարել էր Իլհամ Ալիևը։ Ընդ որում, Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ քաղաքն իր լիակատար վերահսկողության տակ է գտնվում։
Հրադադարի մասին համաձայնագրի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում
Ղարաբաղյան հակամարտության փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը թերահավատորեն է վերաբերվում հրադադարի պահպանմանը, սակայն, այնուամենայնիվ, կարծում է, որ հայկական կողմը ճիշտ է արել՝ ստորագրելով համաձայնագիրը․
«Այդ փաստաթուղթը մարմինների հումանիտար փոխանակում իրականացնելու, շունչ քաշելու և հետագայի անելիքները հասկանալու հնարավորություն տվեց։ Այն հրադադարի մասին փաստաթուղթ չէ։ Անգամ փաստաթղթում ոչ դիվանագիտական լեզվով ասվում է, որ այս դադարը ձեզ տալիս ենք՝ մարմինները փոխանակելու համար։ Դա նշանակում է, որ հետո կարող են վերսկսվել ռազմական գործողություններ։ 90-ականներին բազմիցս է այսպիսի բան եղել։ Այդ համաձայնագրերը մենք նույնիսկ կարող ենք համարել նոր պատերազմի հետհաշվարկ»։
Այն մասին, որ իրավիճակը շարունակում է «օրհասական» մնալ, հայտարարում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները։ Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունն ու մոբիլիզացիայի գործընթացը։ Միաժամանակ, երկրում ակցիաներ են անցկացվում՝ հանրապետության անկախության ճանաչման պահանջով։
Հայաստանի իշխանությունները դիտարկում են նման հնարավորություն։ Միաժամանակ կարծում են, որ իրավիճակից ելք կարող է լինել միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի ճանաչումը։
«Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև, ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում», — հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
• Թե ինչպես են մարդիկ ապրում մշտական հրաձգության տակ։ Լուսանկարներով պատմություն Ստեփանակերտից
• Կարծիք Երևանից․ «Թույլ չտալ, որ Թուրքիան միջնորդների թվում հայտնվի»
Ո՞վ կարող է ազդել իրավիճակի վրա
Առաջին իսկ օրվանից հայ հասարակությունն ակնկալում է Ռուսաստանի առավել ակտիվ մասնակցությունն իրավիճակի հարթմանը։ Այդ սպասելիքներն ամրապնդվում են նախորդ փորձով, ինչպես նաև համոզմունքով, որ Մոսկվան հակամարտության կողմերի վրա ազդելու համար բավականաչափ ռեսուրսներ ունի։
Ղարաբաղյան հակամարտության ողջ 30 տարվա ընթացքում իր դիրքերն ու ազդեցությունն առավելագույնս ուժեղացրել է Անկարան։ Հայաստանի իշխանություններն առաջին իսկ օրվանից հայտարարում են ռազմական գործողությունների ղեկավարման հարցում Թուրքիայի մասնակցության մասին։
«Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու գործում 90 տոկոս ավանդ ունի Արցախի բանակը։ Մնացած 10 տոկոսն՝ արտաքին խաղացողները։ Մենք տեսանք, որ այս հարցում գլխավոր խաղացողները Ռուսաստանն ու Թուրքիան են։ Դուր է գալիս մեզ դա, թե ոչ։ Թուրքիան, բարեբախտաբար, ներգրավված չէ հնարավոր քննարկվելիք փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացում։ Եվ հիմնական դերը Ռուսաստանինն է։
Կարծում եմ, որ հենց Ռուսաստանը կողմերից որևէ մեկին խաղաղություն կպարտադրի։ Պատմականորեն՝ Ռուսաստանն է խաղաղություն պարտադրել 1994 թ-ին։ Լրացուցիչ կարգավորող փաստաթուղթ է նախաձեռնել 1995 թ-ին։ 2016 թ-ին [խոսում է հակամարտության սրացման մասին, որը ստացել է «քառօրյա» կամ «ապրիլյան պատերազմ» անվանումը — JAMnews] ռուսները կողմերին պարտավորեցրել են վերադառնալ հրադադարի ռեժիմին», — ասում է Թաթուլ Հակոբյանը։
Հակամարտության մասշտաբները
Առաջին իսկ օրվանից ղարաբաղյան նոր սրացումը հայ ռազմական փորձագետները սկսեցին համեմատել 2016 թ-ի «ապրիլյան պատերազմի» հետ։ Սակայն այս անգամ մասշտաբներն, ինչպես նաև զորքերի և ռազմական տեխնիկայի ներգրավվածությունն անհամեմատ ավելի մեծ է։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Բաքուն այս հարցին լրջորեն է մոտեցել․
«Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է իր զինանոցում եղած բոլոր զինատեսակներն ու իր բոլոր ստորաբաժանումների և զորամասերի, ինչպես առաջին գծի, այնպես էլ պահեստազորի բոլոր ուժերը։ Ադրբեջանի Զինված ուժերի խնդիրն է եղել 2-3 օրում 10-15 կմ մարտավարական խորությամբ մխրճվել Պաշտպանության բանակի մեջ, հետագայում Հայաստանի և Արցախի հետ հարկադրանքի լեզվով խոսելու համար բանակցային գործընթացի շրջանակում»։
Այն մասին, որ այս մարտական գործողություններն ինտենսիվությամբ գերազանցում են նախորդները, խոսում է նաև կորուստների թիվը։ Ադրբեջանը տվյալներ չի հրապարակում իր զոհված զինծառայողների մասին։ Հայկական կողմը հաղորդում է ավելի քան 500 զոհված զինծառայողների մասին, թվերն անընդհատ թարմացվում են։
«Մասշտաբները 2016 թ-ի և 90-ականների պատերազմի հետ անհամեմատելի են։ 90-ականներին 1000 օրում հայկական կողմից զոհվել էր 6000 մարդ։ Այժմ մենք կարող ենք հաշվել, թե որքան կորուստ ունենք մեկ օրում։ Կարող ենք նաև հաշվել այն տեխնիկայի քանակը, որն այժմ օգտագործվում է։ Սա շատ դաժան, արյունահեղ պատերազմ է՝ առանց որևէ կանոնների», — վստահ է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Արդյոք հնարավոր են բանակցություններ ներկայիս պայմաններում
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կանգնեց 2016 թ-ի սրացումից հետո։ Մեկ անգամ չէ, որ կողմերը հանդիպել են, և բանակցություններ են ընթացել արտգործնախարարների, ինչպես նաև պետությունների ղեկավարների մակարդակով։ Սակայն հստակ փաստաթղթի շուրջ առարկայական խոսակցություն այդպես էլ չստացվեց։
Բանակցությունների համար հող էր պետք և հրաժարում ռազմատենչ հռետորաբանությունից։ Այս մասին բազմիցս հայտարարել է Երևանը։ Հատկապես դժվար է առարկայական բանակցություններ պատկերացնել ներկայիս պայմաններում,- կարծում է փորձագետ Թաթուլ Հակոբյանը․
«Այս պայմաններում ես չեմ պատկերացնում վերադարձ դեպի խաղաղություն։ Երկու հանրապետություններում և Արցախում այս էյֆորիայի պայմաններում վերադարձը դեպի խաղաղ բանակցային գործընթաց՝ չեմ պատկերացնում։ Բանակցային գործընթացը սիրում է ոչ միայն գաղտնիություն, այլև դրա համար «խաղաղ պայմաններ», որպեսզի առաջնորդները կարողանան խորքային քննարկումների գնալ։
Այսպիսի պայմաններում պետք է որոշակի ճնշում լինի, որ կողմերը կրկին կրակելու մասին չմտածեն։ Եվ ռազմատենչ հռետորաբանությունը պետք է լռեցվի։ Քանի դեռ դա չկա, դժվար է խոսել բանակցությունների մասին։ Բայց առարկայական բանակցությունները կարող էին օգնել խուսափել հերթական արյունահեղությունից»։