«Պատերազմի ուրվականը թափառում է Հարավային Կովկասում». վերլուծություն Բաքվից
«2023 թվականը մեկնարկել է հնարավոր պատերազմների վերաբերյալ միջազգային վերլուծական կենտրոնների գնահատականներով։ Ցուցակում ներառված է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր ռազմական բախումը։ Սակայն մեր տարածաշրջանում կան մի քանի վայրեր, որտեղ բացահայտ ռազմական բախման պոտենցիալը պահպանվում է, և ռիսկերը պակաս չեն, քան Ադրբեջանի և Հայաստանի դեպքում։ Պատերազմի ուրվականը թափառում է Հարավային Կովկասում»,- պնդում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը:
- «Ադրբեջանը կրակի հետ է խաղում»․ հայ քաղաքագետ
- Հայաստանում անպտղության բուժումն այսուհետ անվճար է
- «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սցենարը չի քննարկվում»․ Թոմաս դը Վաալ
Ըստ վերլուծաբան Ֆարհադ Մամեդովի՝ Հարավային Կովկասում դիմակայության գծերը և պատերազմի հավանականությունը կարելի է առանձնացնել հետևյալ կերպ.
- Իրանն ընդդեմ Ադրբեջանի,
- Իրանը Հայաստանի հետ միասին ընդդեմ Ադրբեջանի,
- Ռուսաստանն ընդդեմ Վրաստանի,
- Ռուսաստանն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան միության,
- Ռուսաստանն ու Իրանը ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միության:
Գործընթացների հիմնական փոփոխականը
Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը նշում է, որ անորոշությունն ուկրաինական պատերազմում ստեղծում է հիմնական փոփոխականը, որն ազդում է այն գործընթացների վրա, որոնք կարող են հանգեցնել պատերազմի Հարավային Կովկասում.
«Միևնույն ժամանակ, ռիսկը, որ Ռուսաստանի ագրեսիան կտարածվի Հարավային Կովկասում, մեծ է ինչպես Ուկրաինայում լիակատար հաղթանակի (հաջողության զարգացման, ԽՍՀՄ 2.0 նախագիծը), այնպես էլ պարտության դեպքում (Իրանի հետ համատեղ փակել վերջին ցամաքային ուղիները Եվրոպայի և Ասիայի միջև):
Պետք է նաև հասկանալ, որ Ռուսաստանի թուլացումն ու ռեսուրսների սահմանափակվածությունը կակտիվացնի տարածաշրջանային ուժերին «ժառանգության» համար պայքարում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում նկատի ունեմ Իրանը»։
Արևմուտքի ճնշումը
«Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում ենթարկվում է այլ խաղացողների, մասնավորապես՝ Թուրքիայի և ԱՄՆ-ԵՄ միավորման ճնշմանը:
Միևնույն ժամանակ, գործընթացները, որոնք պետք է տեղի ունենան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման դեպքում (ադրբեջանա-հայկական և հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում, ԵՄ ֆինանսական փաթեթների իրականացում, ԱՄՆ-ի ներգրավում Հայաստանում) Ռուսաստանին լավատեսություն չեն ներշնչում:
Մոսկվան կարող է ընդունել խաղաղության պայմանագրի նոր իրողությունը Ուկրաինայում հաղթանակի դեպքում, սակայն այժմ դա չի բխում Ռուսաստանի շահերից»,- պնդում է Մամեդովը։
«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»
Քաղաքագետն ասում է, որ եթե Բաքուն և Երևանը «ներկայիս պայմաններում ամեն դեպքում համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, ապա Ռուսաստանը կկիրառի «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքը։
«Մոսկվան Իրանին ռազմական ակտիվացման հրաման կտա։ Իրանը պատրաստ կլինի՞ ռազմական արկածախնդրության գնալ։
Մի խոսքով, ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի դաշնակիցը՝ Թուրքիան, ռազմավարական գործընկեր Պակիստանը (միջուկային զենք ունեցող միակ մահմեդական երկիրը) և Սաուդյան Արաբիան չեն սահմանափակվի մտահոգություն արտահայտող հայտարարություններով։ Եվ այս բոլոր երկրներն Իրանի հարևաններն են»։
Մամեդովի խոսքով՝ Իսրայելում Բենիամին Նեթանյահուի իշխանության գալը «վերակենդանացրեց» նաև Իրանը.
«Իրանի ներքին հակասությունները ներկայումս ամենակարևոր պայմանն են ապագա էսկալացիաների համար։ Եվ խոսքը ոչ թե բուն բողոքի ակցիաների, այլ դրանց արձագանքելու շուրջ վերնախավում առկա հակասությունների մասին է: Այդ հակասությունների ցուցիչ է Իրանում «բարոյականության ոստիկանության» ճակատագրի թեման։ Պայմանականորեն կարող ենք նշել, որ կա երկու խումբ՝ արմատականներ, որոնք ներկայացված են ցածր կրթությամբ, բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շատ ազդեցիկ ղեկավարներով, և քաղաքական գործիչներ, դիվանագետներ ու տարածաշրջանային խմբերի ներկայացուցիչներ, ովքեր կողմ են արտահայտվում ռեժիմի մեղմացմանն ուղղված իշխանությունների որոշ քայլերի։
Տոտալիտար ռեժիմները չեն կարող գնալ համակարգային բարեփոխումների, հատկապես գաղափարական ոլորտում։ «Պերեստրոյկան» գաղափարախոսության մեջ միշտ հանգեցնում է համակարգի կործանման»։
«Պատերազմի ուրվականը թափառում է Հարավային Կովկասում»
«Այսպիսով, Հարավային Կովկասում գոյություն ունեցող բնական կոնֆլիկտային ներուժին գումարվում է պատերազմի ներուժը, որը բխում է Ուկրաինայի պատերազմի իրավիճակից, Ռուսաստանի ռեսուրսների սահմանափակվածությունից և գործընթացներին Իրանի արձագանքից։
Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայում ընտրական դաշտի անորոշության պայմաններում: Անկասկած, Ռուսաստանի և Իրանի ղեկավարության համար բարդ է Էրդողանի հետ, բայց հարաբերություններն արդեն զարգացել են։ Այդ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «կանխատեսելի անկանխատեսելիություն» կամ «մրցակցային գործընկերություն»: Էրդողանի փոխարինումը Ռուսաստանի և Իրանի համար կստեղծի մարտահրավերներ, որոնց արձագանքելը ենթադրում է ռազմական ուժի կիրառում և շատ սեղմ ժամկետներում։
Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի միակ կանխարգելիչ քայլը իրավիճակային կոալիցիաների ակտիվացումն է, զինված ուժերի հզորացումը և հակառակորդին առավելագույն վնաս հասցնող զինատեսակների ձեռքբերումը։ Ագրեսիայի գինը պետք է հնարավորինս բարձրացվի:
Չեմ զարմանա, եթե որակապես նոր զենքի ցուցադրումը տեղին համարվի։ Զուգահեռաբար հնարավոր է Իրանի հետ իրավիճակի կարգավորում, որին Թուրքիան կմասնակցի որպես պայմանավորվածությունների երաշխավոր»,- ամփոփել է Ֆարհադ Մամեդովը։