Պատերազմ՝ խաղաղության պայմաններում․ ինչո՞ւ են հայ-ադրբեջանական սահմանին կրկին մարտեր սկսվել
Սրացումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում է։ Փորձագետները փորձում են հասկանալ պատճառներն ու կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։
Արցախում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսի 28-ին ամենամասշտաբային բախումն է տեղի ունեցել հակամարտ կողմերի միջև։ Հերթական սրացումը հաջողվել է կասեցնել ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավարության միջնորդությամբ։ Թեև հուլիսի 29-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի սադրանքները շարունակվում են։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է բարելավել իր դիրքերն ու գրոհել է հայկական դիրքերը։ Ժամանակավորապես նրանք կարողացել են որոշ տարածք գրավել, սակայն հայ զինվորականներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին և վերադառնալ ելման դիրքեր։ Դրա հետևանքով՝ հայկական կողմը երեք զոհ ունի։ Ադրբեջանը կորուստների մասին չի հաղորդել։
Կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների համար։ Սակայն Հայաստանում անգամ հասարակական քննարկման մակարդակում վստահություն կա, որ Բաքուն այդ կերպ փորձում է ամրապնդել իր դիրքերը սահմանազատման և սահմանագծման շուրջ բնակցություններից առաջ։ Բացի այդ, սա փորձ է՝ պաշտոնական Երևանին ստիպել խաղաղության համաձայնագիր ստորագրել, որը վերջակետ կդնի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի հավակնությունների հարցում։
- Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Երևանի պատասխանը Բաքվին
- Սրացում հայ-ադրբեջանական սահմանին։ Կան զոհեր և վիրավորներ
- Եվրոպայի ակտիվացում Հայաստանում և Ռուսաստանի խանդը․ ինչո՞վ ամեն ինչ կավարտվի
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին պատերազմից հետո
Վերին Շորժա գյուղի մերձակայքում մարտերը թեև ամենախոշորն էին 44-օրյա պատերազմից ի վեր, սա սրացման միակ դեպքը չէ։ Արցախում հրադադարի հայտարարության ստորագրումից և այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Երևանի և Բաքվի դիմակայությունը փաստացի տեղափոխվել է երկու երկրների սահման։
Մայիսի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի ուղղություներով հատել է այդ սահմանն ու մի քանի կիլոմետր խորացել Հայաստանի տարածքում։ Ընդ որում, Բաքուն հայտարարում է, որ սահմանը չի խախտել և այդ տարածքներն իր հողերն է համարում։
Սակայն Ադրբեջանի ղեկավարության գործողությունները հանրային և բավականին կտրուկ ձևով դատապարտել են Ֆրանսիան և ԱՄՆ-ն։
Սկզբնական փուլում բանն իրական մարտերի չէր հասնում, թեև երկու երկրների զինվորներն այնքան մոտ են տեղակայված միմյանց, որ ժամանակ առ ժամանակ ձեռնամարտի էին բռնվում։ Ժամանակի ընթացքում իրավիճակն ավելի սրվեց։ Հայտարարվում էր փոխհրաձգության մասին։ Հետո առաջին զոհերը եղան։
Ադրբեջանը զուգահեռ ընդլայնում էր սրացման գոտին։ Հերթական օջախը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ գտնվող հայկական Երասխ գյուղի դիրքերն էին, որտեղ նույնպես հայ զինվոր սպանվեց։
Այժմ սրացման տարածքն, ըստ էության, ձգվում է Հայաստանի ամենահարավից մինչև այն դիրքեր, որոնք Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա են։
Ինչո՞ւ իրավիճակը չհանդարտվեց պատերազմից հետո
Աշնանն Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումը, որը հստակ կետեր ունի, որոշակի հույս ներշնչեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության թեժ փուլը հաղթահարված է։ Թվում էր՝ հարցերն այսուհետ լուծվելու են բանակցային սեղանի շուրջ։
Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հստակ պայմաններ էր դնում կողմերի առջև։ Սակայն միանգամից պարզ դարձավ, որ դրա կետերը կատարվելու են ընտրովի։ Բաքուն մինչ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց։ Գերիներին սկսել են դատել։ Դատավճիռներ են կայացվել ազատազրկման լուրջ ժամկետներով։
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է նաև միջանցք տրամադրել Մեղրիի տարածքով, թեև հայտարարության մեջ խոսվում է ընդհանուր առմամբ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին։ Եվ Երևանն ամենաբարձր մակարդակում հայտարարում է, որ չի պատրաստվում դա անել։
Սակայն Երևանի և Բաքվի հարաբերություններում ամենացավոտ կետը սահմանազատումն ու սահմանագծումն է։ Հայտնի է, որ հստակ փաստաթուղթ է քննարկվում։ Սակայն գործընթացը դժվարացնում է անկլավների առկայությունը, որոնք կան և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքում։
Եթե Հայաստանը զիջի այդ տարածքները, կկորցնի հերթական ռազմավարական նշանակության դիրքերը։
Հետպատերազմյան իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ փոխվարչապետների մակարդակում եռակողմ աշխատանքային խումբը դեռևս զգալի արդյունքների չի հասել տարածաշրջանային ճանապարհների բացման հարցում։
Դա ձեռնտու չէ Բաքվին, որը թարմ հետքերով պատերազմից հետո ուզում է իրավիճակից առավելագույնը քամել։ Եվ հերթական սրացումը բռնկվել է Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կարևորագույն բանակցությունների նախաշեմին։
Ի՞նչ է քննարկվելու Մոսկվայում
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների մասին քիչ բան է հայտնի։ Ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ բանակցությունների առարկան սահմանազատումն ու սահմանագծումն է լինելու։ Հայաստանի պաշտպանութան նախարարությունը սահմանային հերթական սրացումը կապում է հենց մոսկովյան հանդիպման հետ․
«Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»։
Մոսկովյան հանդիպման մասին են խոսում նաև փորձագետները։ Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում ավելի վաղ Իլհամ Ալիևի ներկայացրած խաղաղության նախնական համաձայնագրի մանրամասները։
Այն երեք հիմնական կետերից է բաղկացած․
- Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած Արցախի Հանրապետության հատվածը որևէ կարգավիճակ է ստանում (մշակութային ինքնավարություն)։
- Սկսվում է պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա, որի կարևորագույն բաղկացուցիչն անկլավների հարցն է։
- Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապ է հաստատում Նախիջևանի և Թուրքիայի հետ։
Լրագրողը կարծում է, այս փաստաթուղթը ձեռնտու չէ Երևանին, մասնակիորեն՝ նաև Մոսկվային, սակայն այն կարող է ստորագրվել մոտակա շաբաթների կամ ամիսների ընթացքում․
«Ադրբեջանը փորձում է Հայաստանից կորզել այն ամենն, ինչ հիմա հնարավոր է։ Հենց սրանով են պայմանավորված լարվածությունն ու մարտերը Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի համար, բնականաբար, կարմիր գծեր կան։
Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից։ Միջանցքի մասին խոսք էլ չի կարող լինել, երբ համաձայնագիրը ենթադրում է տարածաշրջանի բոլոր ճանապարհների բացում։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չպետք է կապված լինի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոխադարձ ճանաչման հետ»։
Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փորձագետը քիչ հնարավոր է համարում։ Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե արդյո՞ք Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կկարողանա դիմանալ իր վրա գործադրվող ճնշմանը։
Այն, որ Բաքուն փորձում է ստանալ ամեն ինչ, նշում է նաև Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը։ Նրա խոսքով՝ հիմա բանակցային գործընթացի սովորական ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, չի գործում, այդ պատճառով էլ կողմերի վրա ազդելը շատ ավելի բարդ է․
«Ադրբեջանական ղեկավարության ողջ տրամաբանությունը դեռևս հետևյալ սկզբունքի մեջ է տեղավորվում․ «Մենք հաղթել ենք, հետևաբար, մենք իրավացի ենք»։ Մենք Բաքվի կողմից չենք տեսնում փոխզիջումային լուծումների գնալու և երկխոսության սեղանի շուրջ վերադառնալու պատրաստակամություն»։
Հայաստանի իշխանության դիրքորոշումը
Հայաստանը կողմ է սահմանազատմանն ու սահմանագծմանը, հայտարարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն հետևյալ պայմաններն է նշում․
«Սահմանագծման աշխատանքների մեկնարկի համար Հայաստանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետ քաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանային զորքերի հենակետերի տեղադրում, սահմանագծի մոնիթորինգ, ապա սահմանագծման աշխատանքների մեկնարկ, ինչի մասին հայտարարել ենք բազմիցս։
Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել՝ առանց ռազմական բախումների ռիսկի»։
Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ռազմական դաշինքին, որի անդամն է Հայաստանը, առաջարկել է նաև մոնիթորինգային առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման։ Ավելի վաղ Երևանն արդեն դիմել էր ՀԱՊԿ-ին, սակայն պարզորոշ պատասխան, առավելևս՝ օգնություն չի ստացել։
Այս ֆոնին երկրում ակտիվանում են խոսակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու անհրաժեշտության մասին։
Այս տարբերակը կարող է լուրջ քննարկման առարկա դառնալ, սակայն դիմումը պետք է լավ նախապատրաստել, այլապես այդ հարցում ևս հնարավոր է ձախողվել, վստահ է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը․
«Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ և պետք է պատրաստի այդ դիմումը։ Սակայն թե որ փուլում է պետք դիմել, կախված է քաղաքական դաշտից, որը պետք է նախապատրաստել։ Եթե դիմենք, և արձագանքն այնպիսին լինի, որ Ադրբեջանի գործողությունները խիստ քննադատության չարժանանան, դա նույնը կլինի, ինչ Բաքվի դիրքերն ուժեղացնելը»։
Իսկ Արևմուտքն ի՞նչ կարող է առաջարկել
Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների եթե ոչ ակտիվ մասնակից, ապա գոնե շահագրգիռ կողմ է Ֆրանսիան։ Փարիզը հրադադարի մասին համաձայնգրի ստորագրումից հետո բազմիցս Երևանի կողմն է բռնել։
Հայ-ադրբեջանական սահմանին սրացումից հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարել է, որ Փարիզը կդիտարկի Հայաստանի հայտարարությունները պաշտպանական ոլորտում աջակցություն ցուցաբերելու մասին։ Սակայն նա ընդգծել է, որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանն ու Ֆրանսիան տարբեր ռազմական դաշինքների անդամ են։
«Մեր նպատակն այն չէ, որ պատրաստվենք հնարավոր պատերազմին, այլ որ խուսափենք դրանից, քանի որ տարածաշրջանային խնդիրները չպետք է լուծվեն ուժային մեթոդներով։ Ղարաբաղյան հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցությունների ճանապարհով։ Ցանկացած այլընտրանք փակուղի կտանի», — ասել է դեսպանը։
Ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ հայտը քննարկելու մասին ֆրանսիական կողմի հայտարարությունը պետք է ընկալել որպես հստակ ուղերձ Արևմուտքի կողմից, վստահ է քաղաքագետ Ռուբեն Ղևոնդյանը․
«Ֆրանսիան բավականին հստակ, դիվանագիտական հասկանալի լեզվով ասում է, որ Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանով։ Չեմ կարծում, որ սա Ֆրանսիայի անհատական նախաձեռնությունն է։ Այս հայտարարությունն արտացոլում է այն փաստը, որ Արևմուտքը պատրաստ է մասնացել Հայաստանի անվտանգության հարցերի լուծմանը»։
Փորձագետը միաժամանակ ընդգծում է, որ Ֆրանսիայի և Արևմուտքի հետ այս ոլորտում փոխգործակցության խորացումն ընդհանուր առմամբ կարող է որոշակի բարդություններ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում․
«Անհրաժեշտ է մեխանիզմներ գտնել, որոնք թույլ կտան համատեղել Ռուսաստանի հետ հարաբերություններն այս գործընթացների հետ։ Համենայնդեպս, առաջնահերթ են Հայաստանի շահերը։ Իսկ մեր շահն այժմ խոսում է այն մասին, որ մենք չենք կարող գոնե մասնակիորեն չարձագանքել այդ առաջարկներին»։
Ինչ էլ լինի, Հայաստանի հասարակությունը պահանջում է, որ իշխանությունն իրազեկի ցանկացած պայմանագիր ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ։
Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ այն պայմաններով, որոնք առաջարկում է Բաքուն, սա փաստացի կնշանակի հրաժարում Արցախը պաշտպանելուց և պահպանելուց։
Եթե պատերազմում կրած պարտությունը հայ հասարակությունը ներեց Նիկոլ Փաշինյանին, ապա Արցախից հրաժարումը նրա համար կարող է ճակատագրական լինել։