«Ամոթալի է». ավերված ուկրաինական քաղաքները՝ Թբիլիսիի նախընտրական պաստառների վրա
Պաստառներ Ուկրաինայի ավերված քաղաքների պատկերներով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ամոթալի» է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախընտրական պաստառները, որոնք պատկերում են Ուկրաինայի՝ պատերազմից տուժած քաղաքները։
«Վրացական երազանք»-ն իր պաստառների վրա տեղադրել է ռմբակոծված ուկրաինական քաղաքներ՝ ընտրողներին վախեցնելու համար։
Մարիուպոլի ավերված եկեղեցու, թատրոնի պատկերներ և այլն, որոնք ուղեկցվում են «Ոչ պատերազմին» մակագրությամբ։ Համեմատության համար կողքին տեղադրված են Վրաստանի տարբեր վայրեր՝ «Ես ընտրել եմ խաղաղությունը» մակագրությամբ։ Միևնույն ժամանակ պաստառների վրա խաչ է քաշված չորս խոշոր ընդդիմադիր կուսակցությունների և միավորումների ընտրական համարների վրա։ Նրանք, ինչպես ցանկանում է ընտրողներին համոզել «Վրացական երազանք»-ը, երկիրը ներքաշում են պատերազմի մեջ
Պաստառները տեղադրվել են Թբիլիսիի մի քանի վայրերում։
«Ես երբեք չեմ տեսել այսքան ամոթալի, մեր մշակույթի, ավանդույթների, պատմության ու հավատքի տեսանկյունից այսքան վիրավորական բան… Որտե՞ղ եք դուք, որքան խղճուկ բան է առանց արժանապատվության և ամոթի քո ժողովրդին Ռուսաստանի Պետական անվտանգության կոմիտեի դարբնոցում պատրաստված պաստառ առաջարկելը…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
«Վրացական երազանք»-ը նաև հրապարակել է նախընտրական տեսահոլովակ, որտեղ ցուցադրվում են ավերված ուկրաինական քաղաքները: