Պայքար ահաբեկչության դեմ, թե ինչի՞
Նոյեմբերի 25-ի առավոտյան առանց նորությունները կարդալու էլ կարելի էր կռահել, որ Երևանում ինչ-որ բան է կատարվում: Համազգեստով և ինքնաձիգներով զինված մարդիկ, ովքեր մեքենաներն էին ստուգում, ավելի ճիշտ՝ վարորդների փաստաթղթերը, մեքենանենրի բեռնախցիկները, արդեն ահազանգ էին երևանցիների համար: Տեղեկատվական գործակալությունները կայծակնային արագությամբ արձագանքեցին՝ հաղորդելով, որ Երևանի Նորք Մարաշ թաղամասի առանձնատներից մեկում 10 հոգի են ձերբակալել: Հրապարակվեցին զինված խմբավորման վնասազերծման լուսանկարները, այդ թվում դրա մեջ ներգրավված երեք կանանց:
Զինված խմբի վնասազերծումն իրականացրել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որն էլ տարածել է հաղորդագրությունը. օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր խմբավորում, որը «Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ էր նախապատրաստում»: ԱԱԾ-ն տեղեկատվական գործակալություններին էր տրամադրել նաև վնասազերծման կադրերն ու դրա ընթացքում հայտնաբերված զինամթերքի մասին տեսանյութից:
«Մի շարք ծանր հանցագործություններ» արտահայտությունը բոլորի, այդ թվում նաև տեղեկատվական գործակալությունների մոտ ամենատարբեր զգացողություններն առաջացրեց, ոմանց երևակայությունը ձերբակալվածներից ահաբեկիչ դարձրեց: Առաջին զգացողությունը, որ այս նորությունն արթնացրեց, սարսափն էր, հատկապես աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին, հետո՝ խուճապը, փառք աստծո, հիստերիայի բանը չհասավ:
Երեկոյան կրքերը հանդարտվեցին և սոցկայքերում քննարկում սկսվեց՝ արդեն առանց տագնապի և նույնիսկ հումորով: Այսպիսի գրառումներ հայտնվեցին. «Վնասազերծման տեսանյութը դիտելիս ինձ ամենաշատը մի հարց էր տանջում. ո՞վ է տանտերերին վճարելու կոտրած դռան համար»: Բանն այն է, որ հանցավոր խմբավորումը առանձնատուն էր վարձակալել, որտեղ և ձերբակալեցին անդամներին, և տանտերը, ով մեկ ամսով տունը վարձով էր տվել, երեկ հաստատ կատակելու տրամադրություն չուներ: Դուռը տեղահան անելուց զատ քանդվել էր նաև տան շուրջ եղած պարսպի մի մասը, կոտրվել էին պատուհանները: Վնասազերծման կադրերը մի քանի դուբլով նկարահանած ֆիլմի հետ էին համեմատում:
Կատակներից զատ հնչեցին ենթադրություններ այն մասին, որ հանրաքվեի նախօրեին պետք էր ստեղծել մի իրավիճակ, որպեսզի հանրահավաքներ, բողոքի ակցիաներ չլինեն, և այդ նպատակով մարդկանց պետք էր վախեցնել:
Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր. «Մեղկ էին տղաները… Պրոֆեսիոնալ չէին, դրա համար էլ այսպես հիմար կերպով թակարդն ընկան: Հազիվ մի քանի հոգի գտնվեցին, որ ուզում էին գոնե մի բան անել այս հանցավոր օլիգարխիկ ռեժիմի դեմ, և ամեն ինչ այդպես ավարտվեց…» Ի պատասխան գրում էին. «Հեչ էլ ափսոս չէ: Իսկ եթե նրանք «դա անեին» և, աստված մի արասցե, ձեր ընտանիքը հայտնվեր այնտեղ…»: Եվ օդում կախված մնաց մի հարց. «Իսկ ի՞նչը անեին»,- որը դեռևս պատասխան չունի: