Ուրբաթ օրերի իմպրովիզացիա
Սրճարանի ապակեպատ պատշգամբին հարող այս նեղ ու ցուրտ սենյակում հավաքվում են երաժիշտներն ու նրանք, ովքեր գալիս են երաժշտություն լսելու և հետո վերածվում են մինի-համերգի մասնակցի: Այստեղ դրված է հենց այն լարից ընկած դաշնամուրը, որը գնվել է 3000 ռուբլով և որից էլ սկսել է այս ամբողջ պատմությունը:
Մարիխուբան ընկերների հետ սայլակով քարշ են տվել դաշնամուրը մինչև ափ՝ Բրեխալովկա, և, տեղադրելով էվկալիպների տակ, համերգ-իմպրովիզացիա սարքել: Այդ երեկո բոլոր ցանկացողները կարող էին հանրության առջև նվագել, իսկ Բրեխալովկայում շատ մարդիկ են հավաքվում՝ տաքսու վարորդներից մինչև քաղաքական գործիչներ:
Միջոցառումը հիանալի անցավ: Հաջորդ օրն, առանց չափազանցնելու, բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով ստիպված էին կրկնել:
Այսպես, էվկալիպտների տակ համերգն ավանդույթ դարձավ: Բայց գործին խառնվեց եղանակը: Մեկ շաբաթ տևած անձրևը ստիպեց դադար տալ: Աբզագուն ընկերների ու, բնականաբար, գործիքի հետ միասին (դե հո չէր թրջվելու անձրևի տակ) վերադարձավ սրճարան՝ լավ եղանակի սպասելու: Եղանակը հուսախաբ արեց, բայց նվագելու ցանկությունը մեծ էր: Եվ տղաներն առաջարկեցին սրճարանի տիրոջը:
«Բարիստայի» տիրոջը՝ Ստամբուլի հայրենադարձ Սուաթ Սաձբային հաջողվեց մի քանի տարվա ընթացքում հաջող բիզնես անել Սուխումում: Նրա սրճարանում շատ են մշտական հաճախորդները: Տղաների՝ ուրբաթ օրերը նվագելու առաջարկը նրան դուր եկավ:
Մշակույթի ուսումնարանի շրջանավարտ Աբզագու Մարիխուբան այժմ աշխատում է արտակարգ իրավիճակների ուղղությամբ: Աշխատանքային ժամերին նա մարդկանց է փրկում, իսկ ոչ աշխատանքային ժամերին ինքն իրեն է փրկում երաժշտությամբ: Նա ոչ միայն նվագում, այլ նաև գրում է երաժշտություն, հատկապես հետաքրքրվում է բլյուզային իմպրովիզացիայով:
«Մենք դա մեզ համար ենք անում: Շնորհիվ այդ երեկոների, մեր կյանքն ավելի լավն է դարձել: Ես հասկացա, որ երաժշտությունը պետք է կիսել մարդկանց հետ, դա է պատճառը, որ հիմա միշտ լավ տրամադրությամբ եմ տուն գնում», — ասում է Աբզագուն:
Նախորդ ուրբաթ երաժիշտների արդեն հարուստ երգացանկում աբխազական, իսպանական, ռուսական և անգլալեզու հիթերն էին: Այցելուները ոչ միայն լսում, այլ նաև երգում էին: Դա այստեղ ավանդույթ է: Յուրաքանչյուր ոք կարող է գալ ուրբաթ 21:00-ին և միանալ երաժիշտներին:
Եվ սուխումյան շատ երաժիշտներ ու հյուրեր այդ հնարավորությունը չեն կորցնում: Վերջին ուրբաթ օրը նրանց հետ նվագում էր հայտնի փոփ-երաժիշտ Ալեքսանդր Շոուան: Բոլորովին վերջերս տեղի ունեցավ շոու «Կադանս» մանկական վոկալ-գործիքային համույթի մասնակցությամբ:
Եվ իրականում այդպես էլ լինում է: Ժամանակն է կիսվել երաժշտությամբ: Այս տղաները պարզապես դուրս են եկել փողոց՝ իրենց հետ վերցնելով դաշնամուրն ու կիթառը և իրենք իրենց համար ստեղծագործ մթնոլորտ են կերտել: Դրա համար բոլորովին էլ պետք չէ պրոֆեսիոնալ լինել: Սա բավականին սովորական երևույթ է շատ երկրներում, բայց Աբխազիայի համար՝ նորույթ է: Սրճարանները շատ են, երաժիշտներն էլ, սակայն ահա այսպես դեպի մարդիկ, ոչ ոք քայլ չէր արել: Փոխարենը այժմ, գրեթե կես տարի անց, դժվար է պատկերացնել երեկոյան ծովափն առանց կենդանի երաժշտության, որը լսվում է «Բարիստայից» մինչև ուշ գիշեր:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 04.04.2016