Ինչու է կործանվել ուղևորատար ինքնաթիռը Մերձմոսկովյան շրջանում: Փորձագետների վարկածները
Meduza-ի նյութերի հիման վրա
Ռուսաստանում քննարկում են Մերձմոսկովյան շրջանում տեղի ունեցած ողբերգության պատճառները: Այնտեղ 2 օր առաջ կործանվել է Ան-148 ուղևորատար ինքնթիռը, որն Օրսկ էր թռնում:
Ինքնաթիռում 71 մարդ կար՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ոչ ոք կենդանի չի մնացել:
Կատարվածի վարկածներից մեկն, ըստ Meduza-ի, այն է, որ ինքնաթիռում ընկնելուց առաջ պայթյուն է տեղի ունեցել: Դա կարող էր ահաբեկչություն լինել կամ շարժիչներից մեկի պայթյուն: Այդ վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև այն, որ ինքնաթիռի բեկորների տարածման մակերեսը մոտ 30 հեկտար է: Դրա օգտին է խոսում նաև այն, որ անձնակազմը չի հաղորդել ինքնաթիռում առկա որևէ անսարքության մասին:
Ան-148-ի կործանման ևս մեկ հնարավոր պատճառ է գերբծանրաբեռնվածությունից օդում ինքնաթիռի կործանումը: Այս վարկածի կողմնակիցները հիմնվում են նույնատիպ Ան-148 ինքնաթիռի անկման վրա, որը տեղի է ունեցել 2011թ-ին: Այն ժամանակ խաթարվել էին ինքնաթիռի սենսորները, և անձնակազմը, որն ուսուցողական թռիչք էր իրականացնում, գերազանցել էր թույլատրելի արագությունը: Ինքնաթիռը չէր դիմացել ծանրաբեռնվածությանն ու մասնատվել էր օդում:
Մյուս աղբյուրները հերքում են ընկնելուց առաջ ինքնաթիռի կործանման վարկածը: Նրանց տվյալներով՝ Ան-148-ի շարժիչներն աշխատելիս են եղել ընդհուպ մինչև գետնին դիպչելը: Բեկորների տարածման մեծ մակերեսն, ըստ այս վարկածի կողմնակիցների, անկման ժամանակ վառելիքի պայթյունն է:
Դեռևս անհայտ պատճառներով կործանված Ան-148-ի անձնակազմի ղեկավարը թռիչքից առաջ հրաժարվել էր հակասառցապատման մշակումից: Ընդ որում, շատ փորձագետներ համաձայնում են, որ սառցապատման դեպքում ինքնաթիռը չէր կարողանա բարձրություն հավաքել, իսկ Ան-148-ը գրեթե 2 կմ օդ էր բարձրացել:
Նախորդ խոշոր ավիավթարը Ռուսաստանում տեղի է ունեցել 2016թ-ի դեկտեմբերիին: Այն ժամանակ Սոչիում վթարվել էր Ռուսաստանի նախարարության ՏՈւ-154 ինքնաթիռը, որը Սիրիա էր ուղևորվում: Կատարվածի պաշտոնական հետաքննության արդյունքները մինչև հիմա հրապարակված չեն: