«Մերժելի առաջարկ է»․ կարծիք՝ Բաքվի հետ ուղիղ բանակցելու մասին
Ուղիղ բանակցությունների առաջարկ Բաքվից
«Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում»,- Ադրբեջանի՝ սահմանին ուղիղ բանակցություններ անցկացնելու առաջարկին այսպես է արձագանքել պաշտոնական Երևանն ու տեղեկացրել, որ Բաքվին առաջարկել է պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստ։ Ըստ էության, ՀՀ-ն ավելի լայն օրակարգով ուղիղ բանակցելու պատրաստակամություն չի հայտնել։
Հայաստանի ԱԳՆ-ն նշել է նաև, որ ադրբեջանական կողմին են փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի 6-րդ խմբագրված տարբերակը։ Նախօրեին խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել էր՝ գրավոր առաջարկներ փոխանակելը նույնպես բանակցություն է, ինչից հայկական կողմը «երբեք չի խուսափել»։
Հայ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասում է՝ Երևանը պետք է մերժի ուղիղ բանակցությունների առաջարկը, քանի որ այն չի բխում հայկական կողմի շահերից։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է պնդի, որ Ադրբեջանը ներկայանա անկողմնակալ հարթակներ՝ Եվրոպա և ԱՄՆ։
Ի՞նչ է առաջարկել Ադրբեջանը, պաշտոնական Երևանի արձագանքը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Երկու երկրները պետք է որոշեն իրենց հարաբերությունների ապագան»
Ըստ Ադրբեջանի, Երևանն ու Բաքուն իրենց հարաբերությունների ապագան պետք է կայացնեն միասին։ Ադրբեջանը վերջին շրջանում հրաժարվում է արևմտյան հարթակներում ՀՀ հետ բանակցություններից, նախօրեին էլ հայտարարել է, թե «բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»։ Արտաքին գերատեսչությունը հայկական կողմին հորդորել է «խուսափել նոր անհարկի ձգձգումներից»․
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար։ Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձ ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին»։
«Խաղաղություն կարող է հաստատվել երկուստեք քաղաքական կամքի առկայության դեպքում»
Պաշտոնական Երևանն այսպես է պատասխանել Բաքվին։ Հայկական կողմը, հերթական անգամ, հայտարարել է՝ հաստատակամ է խաղաղության հասնել, ունի նման կամք։
«Այդ կամքի արտահայտություններից է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին»,- նշել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրությունում, սակայն, ուղիղ, առանց միջնորդների բանակցելու առաջարկի մասին առհասարակ ոչինչ ասված չէ։
Չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ Հայաստանը տեսնում է «խաղաղության հաստատման իրական հնարավորություն»։ Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր դիտարկումները փոխանցել է՝ այդ կերպ կանխելով «բանակցային գործընթացը փակուղի մտցնելու փորձերը»։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը վերահաստատել է տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ՀՀ հանձնառությունն ու հիշեցրել, թե որոնք ենք հայկական կողմի ուղենիշները՝
- միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչում և հարգում,
- Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացում,
- պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակում։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ ուղիղ բանակցությունների մեջ մտնելուց առաջ պետք է հասկանալ, որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է երկու պետություն՝ Ռուսաստանն ու Թուրքիան։ Հարցնում է՝ իսկ մեր թիկունքին ո՞վ է կանգնած լինելու։ Ըստ նրա՝ Երևանը չի կարող միայնակ բանակցել և հավասարակշռել երեք խոշոր խաղացողների։ Սիմոնյանի կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը «ականատեսների ինստիտուտի» բացակայությունն է։
«Եթե երկուստեք բանակցությունների գնանք սահմանին, հետո ինչպես ենք կարողանալու հիմնավորել և աշխարհին բացատրել, որ Ադրբեջանն ուխտադրուժ կերպով իր պայմանավորվածությունները դրժում է, եթե մենք ականատես ենք լինում, որ նա նույն կերպ դրժում է միջազգային հարթակներում ձեռքբերված պայմանավորվածությունները»,- 1in.am-ի եթերում ասել է նա։
Շեշտում է՝ եթե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գնա և սահմանին բանակցի, ապա ոչ միայն զրկված է լինելու մոդերացիա իրականացնողի ինստիտուտից, այլև բախվելու է երկրին ագրեսիայով սպառնացող ռուս-թուրքական դաշինքին։ Ասում է՝ առաջարկը պետք է մերժել, իսկ Բաքվին՝ վերադարձնել արևմտյան հարթակներ, որտեղ կարող են գեներացվել «հավասարակշռված որոշումներ»։
«Ամենևին էլ պատրանքներ չունեմ, որ Ադրբեջանը կներկայանա։ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը և տարածաշրջանում համակեցության ապահումը չէ, այլ հայկական պետականության ապամոնտաժումը»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ այդ մասին է վկայում նաև «Արևմտյան Ադրբեջան» շինծու խոսույթը, որով փորձ է արվում վիճարկել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական տարածքը։
Կարծում է՝ Հայաստանի համար օրվա խնդիր և ժամանակի պահանջ է ռուսական ՀԱՊԿ ռազմական դաշինքից դուրս գալը։ Ըստ նրա՝ գործընթացը պետք է ավարտին հասցնել հնարավորինս շուտ՝ մինչև տարեվերջ։
Սիմոնյանի գնահատմամբ՝ երկրի շահերից է բխում «քայլ առ քայլ ԵՄ-ին և հյուսիսատլանտյան անվտանգային համակարգին ասոցացվելը»։
Ընդգծում է՝ երկարատև գործընթաց է, բայց դա Երևանին կտա մի շարք հնարավորություններ, այդ թվում՝
• ռազմաուսումնական հաստատություններից օգտվելու,
• հատուկ նշանակության, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաներ ներկրելու,
• համակարգաշինության, այն է՝ ԶՈՒ տրամաբանության փոփոխության։
Կարծում է՝ Հայաստանը կարող է ռազմատեխնիկական համագործակցություն զարգացնել Կանադայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի և Սինգապուրի հետ։ Վտսահ է՝ որևէ մեկը շահագրգռված չի լինի խոսել ՀՀ հետ, եթե այն չլինի «վտանգավոր»։
«Հայաստանը պետք է կարողանա բարձրացնել իր վտանգավորության աստիճանը մինչև հնարավորություն կունենանք տարածաշրջանում Ադրբեջանի և նրա դաշնակիցների համար դառնալու ֆորս մաժոր՝ անհաղթահարելի ուժ։ Այդ դեպքում տեսնենք՝ ոնց մեզ հետ խաղաղություն չեն ցանկանա։ Պարզ հաշվարկ է»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ուղիղ բանակցությունների առաջարկ Բաքվից