Ուկրաինան և Մոլդովան կստանան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, Վրաստանը՝ ոչ
ԵՄ թեկնածուի կարգավիճակ
Ուկրաինան և Մոլդովան կստանան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, սակայն պարտավոր են կատարել որոշ պայմաններ։ Մյուս կողմից՝ Վրաստանը նախ պետք է կատարի պայմանները, նոր միայն հնարավորություն կունենա ստանալ թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Վրաստանն ունի նույն ներուժն ու ձգտումները, ինչ Ուկրաինան և Մոլդովան. Վրաստանի առավելությունները շուկայական կողմնորոշումն ու ուժեղ մասնավոր հատվածն են։ Որպեսզի երկիրը հաջողության հասնի և լինի քաղաքականապես միասնական, ըստ նրա, անհրաժեշտ է բարեփոխումների հստակ կառուցվածքային ուղի սահմանել:
«Դա կլինի մի ճանապարհ, որը նախանշում է բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, որոնք միավորում են քաղաքացիական հասարակությանը: Այդ բարեփոխումները պետք է ունենան լայն քաղաքական աջակցություն։ Այդ իսկ պատճառով մենք կողմ ենք Վրաստանին եվրոպական հեռանկար տալուն, իսկ հետո՝ նախքան թեկնածուի կարգավիճակ շնորհելը ստուգելուն, թե արդյոք նա համապատասխանում է պահանջվող պայմաններին»։
Ինչ վերաբերում է Ուկրաինային և Մոլդովային, ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ երկու երկրներն էլ ապագայում պետք է շատ կարևոր բարեփոխումներ իրականացնեն։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Մոլդովան վերջին ամիսներին զգալի բարեփոխումներ է իրականացրել՝ անկախացումից հետո ընտրել է հակակոռուպցիոն և եվրոպամետ ուղի։
«Իհարկե, նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու։ Նրանց տնտեսությունը և պետական կառավարման համակարգը զարգացման կարիք ունեն, բայց քանի որ երկրի ղեկավարությունը հետևում է այս ընթացքին, մենք կարծում ենք, որ երկիրն ունի այդ պահանջները բավարարելու ներուժ»,- ասաց Լեյենը:
Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան միասին են հայտ ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար։ Երեք երկրների իշխանությունները լրացրել են Եվրամիության հատուկ հարցաթերթիկները, որտեղ ավելի քան երեք հազար հարց է ներառված եղել։
Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության ոտնահարման մասին բանաձևը Եվրախորհրդարանն ընդունել էր հունիսի 9-ին։
Եվրախորհրդարանն աջակցել էր Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բայց նաև կոչ էր արել Եվրոպական խորհրդին դիտարկել Բիձինա Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
«Այս բանաձևը խոտի գին ունի», «Եվրախորհրդարանը ֆեյքերի զոհ է դարձել», «Եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են երկրորդ ճակատ բացել Վրաստանում». իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն այս և նմանատիպ հայտարարություններով արձագանքեցին կրիտիկական բանաձևին:
ԵՄ թեկնածուի կարգավիճակ