Ուկրաինայից՝ Ռուսաստանի տարածքով․ ուկրաինացի փախստականների ճակատագիրը Վրաստանում
Ուկրաինացի փախստականները Վրաստանում
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, Վրաստանի ՆԳՆ տվյաներով, երկիրն ընդունել է ավելի քան 60 հազար ուկրաինացի փախստական։ Նրանց մեծ մասն Արևելյան Ուկրաինայից է, տարածքից, որն օկուպացրել է Ռուսաստանը, նրանք պատերազմից փախել են Ռուսաստանի տարածքով և Վրաստան հասել ցամաքային երթուղով։
Վրաստան հասնելուց առաջ նրանք անցել են զտման ճամբարներով, ագրեսոր երկրի տարածքով և շատ այլ խոչընդոտներ հաղթահարել։
Վրաստանի կառավարությունը հայտարարում է, որ անհրաժեշտ ամբողջ օգնությունն է ցուցաբերում երկիր եկած ուկրաինացի փախստականներին, ապահովում բնակարանով, սննդով և այլնով։
Սակայն, ինչպես պարզվում է, պատերազմի մեկնարկից չորս ամիս անց Վրաստանում ուկրաինացի փախստականներին տրամադրվող օգնության միասնական ծրագիր չկա, և կոնկրետ գերատեսչություն չկա, որը պատասխանատու կլինի այդ գործընթացի կառավարման համար։ Օրինակ՝ արդեն եղել են դեպքեր, երբ հյուրանոցների սեփականատերերը հրաժարվել են շարունակել օգնություն ցուցաբերել ուկրաինացի ընտանիքներին, որովհետև պետությունը դադարել է վճարել վարձակալության գումարը։
Այնքան էլ պարզ չէ, թե ինչ կարգավիճակով են այս մարդիկ ապրում Վրաստանում։
Մենք պատմում ենք, թե ինչպես են ուկրաինացի փախստականները հասել Վրաստան և ինչպես են կարողացել տեղավորվել։ Ի՞նչ են նրանք պատրաստվում անել․ կմնա՞ն, արդյոք, Վրաստանում մինչև պատերազմի ավարտը, թե՞ այլ երկիր կտեղափոխվեն։
Իվանի պատմությունը․ զտման ճամբար և խնդիրներ վրացական սահմանին
33-ամյա Իվանը կնոջ և մանկահասակ որդու հետ լքել է Մարիուպոլը մարտի 17-ին այն բանից հետո, երբ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։
Ընտրությունը մեծ չէր․ քաղաքից հնարավոր էր դուրս գալ միայն դեպի Ռուսաստան։
«Քաոս էր։ Բջջային օպերատորները չէին աշխատում, մարդիկ միմյանցից էին ճշտում, թե ուր կարելի է մեկնել։ Մարիուպոլից մեկնեցինք Զապորոժիե։ Վախենում էի, մեքենայիս մեջ ութամյա երեխաս էր, և ես պատկերացում չունեի, թե ինչ է լինելու։ Պաշտոնական կանաչ միջանցք չկար։ Մեզ պարզապես ասել էին, որ թույլ կտան անցնել»։
Իվանի մեքենայի առջևում մի ամբողջ շարասյուն է եղել։ Խցանման մեջ չընկնելու համար նա որոշել է ծնողներին այցելել Յալթա գյուղում (Մանգուշի շրջան, Դոնեցկի մարզ)։ Նրա խոսքով՝ հենց դա է փրկել նրա ընտանիքը, նրանց առջևով ընթացող շարասյունը ոչնչացվել է։
Իվանը Յալթայում կնոջ և երեխաների հետ գրեթե մեկ ամիս է անցկացրել։ Նրանք դեռ պետք է զտում անցնեին Մանգուշ շրջկենտրոնում՝ Յալթայի և Մարիուպոլի արանքում։
Զտումը մանրակրկիտ ստուգման ընթացակարգ է հատուկ վայրերում, որոնք կոչվում են զտման ճամբարներ։ Այդ ճամբարները հիմնականում սարքում են ռուսաստանցի զինվորականները Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացված գյուղերում։ Հաճախ՝ ոստիկանության շենքերում։ Այստեղ են հայտնվում ուկրաինացիները, որոնք փախչում են օկուպացված քաղաքներից։
Զտման ճամբարներում ռուսաստանցիները ստուգում են ամեն ինչ՝ փաստաթղթեր, բջջայինների լուսանկարներն ու տեսնյութերը, հեռախոսահամարները, մարմնի դաջվածքները, բազմաթիվ հարցեր են տալիս։ Այդ ստուգման նպատակը պարզելն է, թե արդյոք այդ մարդիկ որևէ կապ ունեն ուկրաինացի զինվորականների կամ պետական ծառայությունների հետ։ Ստուգումը հաճախ ավարտվում է ծեծով, նվաստացմամբ և ձերբակալությամբ։
Ստուգումը հաջողությամբ անցածներին հատուկ թուղթ է տրվում։ Նրանց, ովքեր չեն անցել այն, ձերբակալում են։ Ստուգման սպասելիս մարդիկ կամ գիշերում են մեքենաներում, կամ ճամբարներում՝ հատակին կամ ստվարաթղթե տուփերում։
Առանց այդ ստուգման ուկրաինացիները չեն կարող լքել օկուպացված տարածքները։
Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ մարդու իրավունքների լիազոր Լյուդմիլա Դենիսովան բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ զտման ճամբարներում ուկրաինացիները կտտանքների և անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում։
Իվանը ցուցակում 2100-ն էր։ Ստուգումը ժամանակ էր պահանջում։ Մեկ ամսում «զտվել է» ընդամենը 190 ընտանիք։ Իվանը հասկանում էր, որ պետք է երկար սպասել, և ռուսաստանցիներին կաշառք է տվել․ «Չեմ ասի՝ որքան, բայց աշխատեց։ Շուտով մեզ առանց հերթ անցկացրին»։
Զտման ճամբար գալուց առաջ Իվանն արդեն մոտավորապես գիտեր, թե ինչ են իրեն հարցնելու, այդ պատճառով էլ պատրաստ էր։ Նա նախապես ջնջել էր «կասկածելի» լուսանկարները, հեռախոսահամարներն ու հաղորդագրությունները հեռախոսից։ Հարցերը հիմնականում այն մասին էին, թե արդյոք նա կռվել է, որևէ կապ է ունեցել պատերազմի հետ։ Ստուգումը տևել է մոտ 40 րոպե․
«Նրանք ինձ մերկացրին, նայեցին դաջվածքներս, ստուգեցին հեռախոսս ու համակարգիչս, մատնահետք վերցրին և լուսանկարեցին»։
Ի վերջո, ապրիլի 18-ին Իվանը կնոջ հետ միասին լքել է Յալթան և հասել Ռուսաստանին սահմանամերձ Նովոազովսկ։
Նա պետք է հերթական ստուգումն անցներ՝ արդեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում։ Հինգ օր գիշերել են մեքենայում՝ ռուսական սահմանի մոտ։ Այնուհետև կրկին սկսվել է ստուգման ստանդարտ ընթացակարգը․
«Նրանք կրկին խուզարկեցին մեզ, ստուգեցին հեռախոսները։ Այդ անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ էր։ Դաջվածքս նրանց դուր չեկավ․ ծնկիս մեծ արջ է պատկերված։ Նրանք պնդում էին, թե արջը Ռուսաստանի խորհրդանիշն է, ես բացատրեցի, որ դա ընդամենը գեղարվեստական ստեղծագործություն է և ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»։
Վերջապես, այդ ստուգումն ավարտվել է։ Այնուհետև հասել են Ռոստով, Պյատիգորսկ և, ի վերջո, Վլադիկավկազ։
Ռուսաստանի տարածքում Իվանի ընտանիքը շուրջ տասն անցակետ է անցել։ Ընթացակարգն ամենուրեք նույնն է եղել։
Վերջին ստուգումը նրանք պետք է անցնեին Վրաստանի սահմանին։ Այդտեղ շատ հարցեր են տվել՝ ովքեր են, որտեղից են եկել, ուր են ուղևորվում։ Վրացական սահմանին նրանցից խնդրել են այն մարդու հեռախոսահամարը, որը պետք է նրանց դիմավորի Վրաստանում։
«Վրացական սիմ-քարտ չունեի, ուկրաինականը չէր բռնում, այդ պատճառով էլ ոչինչ չկարողացա տրամադրել։ Վերադարձանք Ռուսաստանի հետ սահման, համացանցին միացանք և գտանք այն ծանոթների հեռախոսահամարները, որոնք արդեն Թբիլիսի էին եկել»։
Սակայն սահմանը հատել կրկին չի հաջողվել․ վրացի սահմանապահները բոլորից պահանջել են արտասահմանյան անձնագրեր։
«Ես ունեի արտասահմանյան անձնագիր, կինս՝ ոչ, թեև գիտեինք, որ Վրաստանն ուկրաինացիներին ընդունում է առանց այդ անձնագրերի։ Այդ պատճառով էլ չէինք անհանգստանում այդ մասին», — ասում է Իվանը։
«Ես ու կինս վերադարձանք, նստեցինք և սկսեցինք արտասվել։ Վրաստանը մեր վերջին հույսն էր։ Մենք չէինք կարող վերադառնալ Ռուսաստան, մենք պարզապես չէինք կարող լինել այնտեղ, որտեղից մեզ ռմբակոծում են։ Ռուսաստանի տարածքով Ուկրաինա վերադառնալու ոչ մի շանս չկար, մեզ ոչ ոք թույլ չէր տա։
Մենք չգիտեինք՝ ինչ անել։ Կրկին վերադարձանք Ռուսաստանի սահման։ Այնտեղ զարմացան, թե բոլորին թողնում են, ձեզ ինչո՞ւ չեն թողնում։ Մենք մինչ օրս չգիտենք, թե ինչու մեզ ներս չթողեցին»։
Իվանը սենյակ է վարձակալել Վլադիկավկազում։ Իր մոտ եղած բոլոր փաստաթղթերն ուկրաիներենից սկզբից թարգմանել է ռուսերեն, այնուհետև՝ անգլերեն և երրորդ անգամ մեկնել է Վրաստանի սահման․
«Այդ անգամ մեզ անցկացրին։ Թեթևացած շունչ քաշեցինք»։
Վրաստան ժամանելուց հետո Իվանին, նրա կնոջը և 8-ամյա որդուն Թբիլիսիի քաղաքապետարանը տեղավորել է հյուրանոցներից մեկում։ Այդ օրվանից նրանք Թբիլիսիում են ապրում։
Վրաստան․ ո՞վ է հոգ տանում ուկրաինացի փախստականների համար
Ուկրաինացիների մեծ մասը, որոնք Վրաստան են եկել, ապրում է հյուրանոցներում, որոնք պետությունն է տրամադրել, ոմանց օգնում են մասնավոր անձինք և մասնավոր հյուրանոցներ, իսկ ոչ մեծ մասն այստեղ է գալիս ծանոթների կամ ազգականների մոտ։
Որպես կանոն, ժամանողների մեծ մասը Վրաստանում երկար չի մնում, հետո տեղափոխվում են այլ երկիր։
Սակայն միասնական գերատեսչություն չկա, որը կկարգավորեր փախստականների տեղաբաշխման գործընթացը։ Թբիլիսիի քաղաքապետարանն օգնում է նրանց, ովքեր մնացել են Թբիլիսիում և ինքնուրույն բնակարան չեն գտել։ Բաթումում դրանով զբաղվում է Բաթումի քաղաքապետարանը։ Բաթումը մեծությամբ երկրորդ քաղաքն է, որտեղ նույնպես ուկրաինացի փախստականները շատ են։
Թբիլիսիի քաղաքապետարանում JAMnews-ին հայտնել են, որ ամբողջ քաղաքում ուկրաինացի փախստականներին 33 հյուրանոց է տրամադրվել։ Այդ հյուրանոցներում արդեն տեղավորվել է 2 671 փախստական, այդ թվում՝ 636 երեխա։
Որպեսզի Վրաստան ժամանակ ուկրաինացիները քաղաքապետարանից բնակարան ստանան, պետք է զանգահարեն հատուկ թեժ գծի հեռախոսահամարով՝ 0 322 72 22 22։
Ընթացակարգը հետևյալն է․ օպերատորը նշում է տվյալները (քանի հոգի են, նրանց սեռը, տարիքը, պահանջմունքները, հեռախոսահամարը՝ կապ հաստատելու համար) և փոխանցում է հատուկ բաժին։ Այնուհետև այդ բաժինն այդ պահին ազատ տեղեր է փնտրում և կապվում փախստականների հետ։ Հյուրանոցում տեղավորվելու համար հատուկ փաստաթղթեր պետք չեն, հիմնականում բավական է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Հունիսի 30-ի դրությամբ՝ Թբիլիսիի հյուրանոցներում մնացել էր 100 ազատ տեղ և 37 համար։
Թբիլիսիի քաղաքապետարանը վճարում է հյուրանոցի վարձն ու սննդի գումարը։ Հյուրանոցների սեփականատերերի հետ պայմանագիր է ստորագրվել մինչև օգոստոսի 1-ը, իսկ դա նշանակում է, որ մինչ այդ օրը ոչ ոք մարդկանց այնտեղից չի հանելու։
«Օգոստոսի 1-ից հետո քաղաքապետարանը որոշում կկայացնի՝ ըստ իրավիճակի», — մեզ հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Նրանց տվյալներով՝ քաղաքապետարանն արդեն ընդունել է 4 561 փախստական, որոնցից 2 027-ն արդեն լքել է երկիրը։
Պատերազմի մեկնարկից հետո քաղաքապետարանն այդ ծառայությունների համար ծախսել է ավելի քան 9 մլն լարի [շուրջ $3 մլն]։
Բնակության վայրից զատ, Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, Վրաստան ժամանող ուկրաինացիների համար անվճար է հանրային տրանսպորտով երթևեկելը, թանգարանների, պատկերասրահների և այգիների մուտքը։
Պետությունից զատ՝ ուկրաինացիների համար բնակարանների որոնմամբ է զբաղվում նաև մասնավոր հատվածը։ Ահա մի օրինակ․ Վրաստանի Bank of Georgia խոշորագույն բանկերից մեկը, որը համագործակցում է վեց հյուրանոցների հետ, վճարում է Ուկրաինայից եկած փախստականների համարների վարձավճարները։
Որպեսզի ուկրաինացի փախստականները կարողանան այդ հյուրանոցներից ցանկացածում հայտնվել, պետք է զանգահարեն 0322 444-444։ Բանկը փախստականներին ապաստան է առաջարկում մեկ ամիս ժամկետով։
Ընդդիմադիր «Դրոա» քաղաքական կուսակցությունը Թբիլիսիում ուկրաինացիների բնակության համար երկու մասնավոր տուն է տրամադրել, մեկ հոսթել և մեկ հյուրանոց։ Կուսակցությունը հյուրանոց է վարձակալել, իսկ դրա կողմնակիցներն անհատույց տրամադրել են տներն ու հոսթելը։
Պատերազմի մեկնարկից հետո այդ հնարավորությունից օգտվել է մինչև 2 հազար ուկրաինացի։ Նրանց մեծ մասը ժամանակավոր է Վրաստանում։ Այժմ հյուրանոցում մնացել է շուրջ 150 մարդ։
Այս առաջարկից օգտվելու համար փախստականները պետք է կապվեն ակտիվիստների հետ Droa For Ukraine Telegram-ալիքի միջոցով։
Նատալյայի պատմությունը․ դժվար ճանապարհ դեպի Վրաստան՝ ընտանիքով և կոտրած մեքենայով
46-ամյա Նատալյա Բալաբասը Մարիուպոլից պատրաստվում էր փետրվարի 26-ին ընկերների հետ Ստամբուլ մեկնել ճամփորդության։ Նա արդեն իրերն էր հավաքում, երբ ընկերները գրել են, որ պատերազմ է սկսվել, և բոլոր չվերթները հետաձգվել են։ Սկզբում Նատալյան չի հասկացել պատերազմի մասշտաբները։
«Մարիուպոլում արդեն ութ տարի է՝ պատերազմ է, այդ պատճառով էլ խուճապի մեջ չընկանք։ Պարզապես սրտնեղեցինք, որ ճամփորդությունը ստիպված ենք հետաձգել»։
Մոտ հինգ օրից լուրջ հրետակոծություն է սկսվել։ Նրանց զգուշացրել են, որ պարետային ժամի ընթացքում չպետք է լույս երևա պատուհաններից, այլապես այդ ուղղությամբ կրակելու են։ Ընտանիքը պատուհանը պարկերով և տախտակներով ծածկել է․
«Քանի դեռ գազ ունեինք, գազօջախին ջրով լի մեծ թաս էի դնում և այդպես տաքացնում սենյակը։ Հետո արկն ընկավ մեր շենքի վրա, շարքից հանեց գազի խողովակները։
Հետո մենք ծառ էինք կտրում և տախտակներ հավաքում։ Պատերազմն օրեցօր ավելի ու ավելի էր մոտենում։ Շուրջը պայթում էին խանութներ։ Հարևանները գնալով պակասում էին, նրանք մեկնում էին։ Մի անգամ մեզ մոտ եկան ուկրաինացի զինվորականներ և ասացին, որ տարհանվելու ժամանակն է»։
Բայց ընտանիքն ուշացել է․ նրան թույլ չեն տվել անցնել անցակետերով։
Նրանք յոթն էին՝ Նատալյան, ամուսինը, երեք երեխաները, Նատալյայի մայրն ու ընկերուհու որդին։ Նրանք հետ են գնացել։
Մարտի 8-ին խաղաղ է եղել։ Մարտի 9-ին կրկին սկսվել է հրետակոծությունը, արկն ընկել է հարևան շենքի վրա, այն հրդեհվել է։ Մուտքերը սկսել են այրվել մեկը մյուսի հետևից։
«Ամսի 18-ին հենց մեր աչքի առաջ այրվեց որդուս ընկերուհու շենքը։ Մենք միասին կանգնած նայում էինք, թե ինչպես է այն այրվում»։
Առավոտյան Նատալյայի որդուն՝ Կոստյային, ու նրա ընկերուհուն մի զինվոր զգուշացրել է, որ այդ օրը գիշերը ծանր հրետակոծություն է լինելու, և լավ կլինի, որ նրանք հեռանան։
Նրանք երեք ժամ են ունեցել։ Նկուղում են եղել և իրերն են հավաքելիս եղել, երբ շենքի վրա արկ է ընկել։
«Ես մի քանի րոպեով կորցրեցի գիտակցությունս, ոչինչ չէի լսում, ոչինչ չէի տեսնում։ Հետո դուրս վազեցի և տեսա՝ ամուսինս արյան մեջ է։ Քրոջս տղան գետնին ընկած է, և արյունը հորդում է կոկորդից։ Քույրս փորձում է ձեռքով կանգնեցնել արյունը։ Նրա աչքերը փակ են, սրտի զարկեր չկան։
Այդ ընթացքում կողքիս գալարվում է մեծ տղաս՝ ամբողջությամբ արյան մեջ, բղավում է, որ գտնեմ Կոստյային։ Կոստյային հենց այդտեղ էլ գտնում եմ, նա պառկած է, ձեռքի մատները կախված, դեմքը՝ արյան մեջ, ոչինչ չի տեսնում։ Ես ճիգ գործադրեցի և կարողացա նրան բակից քարշ տալ դեպի մուտք։
«Մայրի՛կ, ես հիմա մեռնելու եմ, Նաստյայի համար հոգ տար, խնդրում եմ», — ասում է նա ինձ։ Արյունն ամեն տեղից հոսում է։ Ես չեմ հիշում, թե ինչ էի անում, ընդհանրապես ոչինչ չեմ հիշում»։
Նատալյան ու քույրը մի կերպ կարողացել են երեք վիրավորներին մեքենա նստեցնել, ինչպես նաև Նատալյայի երկու երեխաներին և ամուսնուն։ Ղեկին հարևանն է եղել՝ նույնպես վիրավոր։ Քաղաքը հրետակոծվել է անդադար։ Նատալյան չի հիշում, թե ինչպես են իրենք հիվանդանոցում հայտնվել։
«Ես բղավելով ներս վազեցի։ Վիրաբույժը հիվանդանոցում չէր։ Ոչ ջուր կար, ոչ դեղարայք։ Ոչ ոք չէր կարողանում ձեռքերը լվալ։ Ես մեքենայից վերցրի հին դեղորայքը և տվեցի բուժքույրերին։
Կոստյայի հագուստը հանեցին։ Նա ծածկված էր արյամբ, այնտեղ բացարձակ մերկ պառկած էր ցրտին ու դողում էր։ Այնտեղ ծածկոց գտա, երևի ուրիշ հիվանդի էր։ Ես գողացա այն և ծածկեցի որդուս։
Երեքն էլ կենդանի մնացին։ Կոստյային վիրահատեցին, գիշերը նրան թողեցինք հիվանդանոցում, որպեսզի կրկին արնահոսություն չսկսվի։ Հետս տարա տղայիս՝ Վովային, հիվանդանոցում նույնիսկ հակաբիոտիկներ չկային։
Գիշերեցինք տանը։ Դա իմ կյանքի ամենասարսափելի գիշերն էր։ Ռումբերն ընկնում էին անդադար։ Կրակոցները չէին դադարում։ Մայրս ու քույրս չէին կարողանում նույնիսկ ձայն հանել, լուռ նստած էին։ Քրոջս տղան դրսում էր, ռումբերի տակ, մահացած»։
Հաջորդ օրը Նատալյան երեք վիրավորներին մեքենա է նստեցրել, մորը՝ մյուս մեքենան, և մեկնել է։ Նրա մեքենայի անիվը ծակ էր, ապակիները կոտրված էին, բայց նրանք, միևնույն է, մեկնել են։
«Քույրս մնաց, չցանկացավ որդու մարմինը լքել»։
Կոտրված մեքենայով Նատալյան հասել է փոքր մի ավան և փորձել է մի տեղից պահեստային անիվ գտնել, բայց կորցրել է ամուսնուն ու որդուն։
«Շտապօգնությունը մոտ էր։ Ինձ ասացին, որ վիրավորներին տարել են, և ես չէի կարողանում գտնել նրանց»։
Նատալյան ամուսնուն ու որդուն երեք օր փնտրել է։ Ի վերջո, նրանք գտնվել են տարբեր հիվանդանոցներում։
«Նրանց կյանքին ոչինչ չէր սպառնում, բայց Կոստյայի մի աչքը չէր տեսնում, նա չէր կարողանում բացել մատները։ Վովան չէր կարողանում քայլլել։ Ես հասկացա, որ այդտեղից պետք է հեռանալ և կապվեցի Վրաստանի կամավորների հետ։ Մենք Ռոստովից մեկնեցինք և Վրաստան հասանք ապրիլի 10-ին»։
Նատալյայի ընտանիքի յոթ անդամները մեկ շաբաթ ապրել են հյուրանոցի մի համարում։ Հետո մի մարդ նրանց տարել է Թբիլիսիի ծայրամասում գտնվող իր սեփական տուն։
Կոստյային վիրահատել են։ Սակայն մինչև հիմա նրա մի աչքը չի տեսնում։ Եվս մեկ վիրահատություն է սպասվում։ Ձեռքն էլ պետք է վիրահատեն։ Վովան իրեն լավ է զգում, սկսել է քայլել։
Վրաստան․ ի՞նչ կարգավիճակ ունեն Ուկրաինայից ժամանածները
Ոչ Իվանը, ոչ Նատալյան, ինչպես նաև Վրաստան եկած ուկրաինացիների մեծ մասը մինչ օրս պաշտոնական կարգավիճակ չունեն։
Որպեսզի երկրից փախած օտարերկրյա քաղաքացին ապաստան ստանա Վրաստանում, նա պետք է փախստականի կամ հումանիտար կարգավիճակ խնդրի։
«Փախստականի կարգավիճակի և հումանիտար կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ փախստականի կարգավիճակը տրամադրվում է այն անձին, որը մտավախություն ունի, որ կարող է հետապնդման զոհ դառնալ ցանկացած հատկանիշով (ռասա, կրոն, ազգություն, քաղաքական հայացքներ և այլն) և այդ պատճառով չի ուզում հայրենիք վերադառնալ։
Եթե մարդը չի համապատասխանում փախստականի կարգավիճակի չափանիշներին, բայց հարկադրված է եղել լքել իր երկիրը բռնության, օկուպացիայի, ներքին կոնֆլիկտների և այլնի պատճառով, նրան պետք է հումանիտար կարգավիճակ տրվի։
Մարդիկ, որոնք փորձում են կարգավիճակ ստանալ, ապաստան հայցող են համարվում։ Այս հարցերը կարգավորում է Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը։ Հետևաբար՝ կարգավիճակի սպասողը պետք է դիմի այդ գերատեսչություն։ Որոշումը պետք է կայացվի վեց ամսվա ընթացքում։
Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով՝ 2022 թ-ի առաջին եռամսյակում միայն 13 ուկրաինացի է հումանիտար կարգավիճակ ստացել։ Նույն ժամանակահատվածի տվյալներով՝ որպես ապաստան հայցող է գրանցվել 126 մարդ։
Ապաստան փնտրողները գրանցվելուց հետո ժամանակավորապես տեղավորվում են պետական մեկուսարանում։ Ապաստանում 150 մարդ է տեղավորվում։
Սալոմե Ջոխաձեն «Իրավունքներ Վրաստանի համար» կազմակերպության իրավաբանն է։ Նա իր կազմակերպության միջոցով օգնում է օտարերկրյա քաղաքացիներին կարգավիճակ ստանալ, նա ասում է, որ ուկրաինացիների մեծ մասը չի փորձում կարգավիճակ ստանալ։ Համենայնդեպս, կազմակերպությունն այժմ այդպիսի գործեր չունի։
Սալոմեն դա մի քանի գործոններով է բացատրում․ ուկրաինացիները կարող են Վրաստանում մեկ տարի մնալ առանց վիզայի։ Այժմ, ռազմական գործողությունների ժամանակ, նրանք, առանց այն էլ, ապաստան են ստանում։ Շատերին, ովքեր գալիս են, արդեն ինչ-որ մեկը դիմավորում է և գիշերակացով ապահովում։
Իսկ ֆինանսական մոտիվացիա նրանք չունեն, որովհետև կարգավիճակ ստանալիս մարդը պետությունից ստանում է ամսական ընդամենը 45 լարի [շուրջ $15]։ Իսկ դա աննշան օգնություն է։
«Կարգավիճակը պետք է նրանց, ովքեր մտադիր են Վրաստանում երկար տարիներ մնալ, և դա ոչ թե ֆինանսական շահի համար է, այլ նրանց իրավական կարգավիճակի։ Կարգավիճակ ունեցող անձի համար նույնքան հասանելի են տարբեր պետական ծառայություններն, ինչպես տվյալ երկրի քաղաքացիների համար։ Օրինակ՝ նա այլևս ստիպված չի լինի վճարել դպրոցում երեխայի ուսման համար։ Եվ կեցության երկարաժամկետ իրավունք կստանա», — ասում է Ջոխաձեն։
Այժմ պատերազմի պատճառով մանկապարտեզներն ուկրաինացի երեխաների համար անվճար են, իսկ որոշ դպրոցներում հատուկ դասարաններ են ավելացվել ուկրաինացիների համար։
Այդ պատճառով էլ վեց ամիս 45 լարիի ոչ ոք չի պատարաստվում սպասել։ Բացի այդ, ոչ բոլորն են մտադիր Վրաստանում երկար մնալ։ Համենայնդեպս, մեր բոլոր հերոսներն ասում են, որ Վրաստանում ժամանակավոր են, մինչև որ փաստաթղթերը ձևակերպեն և մեկնեն այլ երկիր, որտեղ կյանքի և աշխատանքային պայմաններն ավելի լավն են։
Եկատերինայի պատմությունը․ Մարիուպոլ-Թբիլիսի
Եկատերինա Տալալայը պատերազմից առաջ ամուսնու և երեխաների հետ ապրում էր Մարիուպոլում։ Մարտի 19-ին նրանք հարևանների հետ լքել են քաղաքն ու մեկնել Նիկոլսկայա ավան, որը հարյուր կիլոմետրի վրա է։ Նրանք լսել են, որ մարդկանց քաղաքից դուրս են բերում ավտոբուսներով․
«Դրանից առաջ մենք երեք շաբաթ նկուղում ենք ապրել։ 120 հոգով։ Հրթիռները մեր շենքին հարվածել են 11 անգամ։ Սակայն այն դեռ դիմանում էր։ Շենքը դեռ կանգուն է»։
Նրանք մինչև Նիկոլսկայա ճանապարհի կեսը ոտքով են անցել, հետո ավտոբուսը հասել է նրանց։ Այնտեղ երեք օր դպրոցում են ապրել․ «Երեք շաբաթ անց մենք առաջին անգամ լույս ու ջուր ենք տեսել»։
Նիկոլսկայայից դուրս են եկել մարտի 22-ի երեկոյան։ Նրանք երկար ժամանակ անծանոթ ճանապարհներով դեգերել են լեփ-լեցուն ավտոբուսով և նույնպիսի փախստականների շարասյան հետ միասին։
Զտումն անցել են Նովոազովսկում։ Ասում են, որ իրենց չեն տանջել․ «Միայն փաստաթղթերն են ստուգել, և ամեն ինչ կարգին էր»։
Սակայն ռուսական սահմանին ստիպված են եղել ավելի լուրջ ստուգում անցնել․
«Տղամարդկանց առանձին-առանձին տանում էին, ստուգում էին զենքի, դաջվածքների առկայությունը, հեռախոսները, համակարգիչները և մի շարք հարցեր տալիս, հիմնականում՝ սադրիչ բնույթի․ կռվե՞լ եք, թե՞ ոչ, ի՞նչ եք մտածում պատերազմի մասին և այլն։ Հետո ուրիշ մեկն էր գալիս, նա նույնիսկ մարդկանց առանձնացնում էր և կրկին նույն հարցերն էր տալիս, գուցե մեկը շփոթվեր, ուրիշ պատասխան տար և բռնվեր»։
Որպես կանոն, զտումն ավելի հեշտ են անցնում անչափահասներն ու երեխաները։ Իսկ Եկատերինայի որդուն, որի 18 տարեկանն այն ժամանակ արդեն լրացել էր, վերաբերվել են՝ որպես չափահաս տղամարդու․
«Ստուգեցին ամբողջ հեռախոսը՝ հաղորդագրությունները, լուսանկարները, ամեն ինչ։ Մոտ հինգ ժամ ստուգել են և որդուս, և ամուսնուս»։
Հենց նրանք հատել են սահմանը, պարզվել է, որ Ռոստովի փոխարեն նրանց բերել են Տագանրոգ․
«Հարևանությամբ հյուրանոց գտանք։ Պատկերացնո՞ւմ եք, երեք շաբաթ չէինք լողացել։ Դա առաջին գիշերն էր, երբ քնեցինք մահճակալի վրա, լոգանք ընդունեցինք։ Միայն նրանից հետո, երբ վերապրում ես այդ աղետը, հասկանում ես, թե ինչպիսի երջանկություն են պարգևում այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են անկողինը, ջուրը, լույսը».
Նրանք Տագանրոգում երկու օր են անցկացրել։ Այնուհետև էլեկտրագնացքով մեկնել են Ռոստով։ Կայարանում տոմսեր են գնել մինչև Վլադիկավկազ և հետո Վրաստան մեկնել․
«Կանանց հեշտությամբ թույլ էին տալիս հատել ռուսական սահմանը։ Տղամարդկանց կրկին ու կրկին կանգնեցնում էին և միևնույն հարցերը տալիս, կարծես թե ոչինչ չգիտեին»։
Եկատերինան ու ամուսինը գործող արտասահմանյան անձնագրեր են ունեցել, իսկ նրանց որդու անձնագրի ժամկետն արդեն լրացել էր։ Նրանք դրա պատճառով վախենում էին, բայց բախտները բերել է․
«Մեզ հետ մի խումբ էլ կար, որն ուշանում էր Թբիլիսիի ինքնաթիռից։ Սահմանապահը շփոթվեց, նա կարծեց, թե տղաս էլ է այդ խմբից, նա տղայիս անձնագիրն այնքան էլ ուշադիր չստուգեց և թույլատրեց անցնել, չնկատեց, որ ժամկետը լրացել է։ Հետո հասկացավ, երբ արդեն շտամպը դրել էր։ Մեր բախտը բերեց»։
Եկատերինայի ընտանիքը Թբիլիսի է ժամանել առավոտյան վեցին։ Նրանք հյուրանոցում համար են վերցրել։ Հետո իմացել են, որ կարող են անվճար գիշերակաց ունենալ։ Այժմ ապրում են Թբիլիսիի արվարձաններից մեկի հյուրանոցում՝ մետրոյի «Ախմեթելի» կայարանի մերձակայքում․
«Երբ առաջին անգամ լսեցինք հրավառության ձայները, ես խուճապահար վեր թռա անկողնում և բղավեցի, թե Պուտինն այստեղ էլ է հասել։ Ինձ հազիվ հանգստացրին և ասացին, որ դա պարզապես հրավառություն է՝ Զատիկի հետ կապված։ Հիմա հանգստացնող դեղեր եմ խմում։ Հոգեբանն է նշանակել»։
Ի՞նչ պլաններ ունեն ուկրաինացի փախստականները
Որքան ժամանակ է կեցությունն ու սնունդն ուկրաինացիների համար անվճար լինելու Վրաստանում․ այս հարցին այժմ Վրաստանում պատասխան չկա։
Մայիսի վերջին Վրաստանի վարչպետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Վրաստանը 7 մլն դոլար է տրամադրել երկիր ժամանած ուկրաինացիներին օգնելու համար և նույնքան գումար կտրամադրի մինչև տարեվերջ։
Ի տարբերություն պատերազմի մեկնարկի՝ այժմ Վրաստանում Ուկրաինային օգնության ակտիվությունը մի քիչ նվազել է․ պակասել է այն անձանց թիվը, որոնք բարեգործական մարաթոններ են կազմակերպում՝ ի օգնություն Ուկրաինայի և փախստականների, փող և մթերք են հավաքում, օգնում են բնակարան և աշխատանք գտնել։
Ուկրաինացիներից ոմանց հաջողվել է օրավարձով ցածր վարձատրվող աշխատանք գտնել։
Իվանը կնոջ հետ աշխատում է ջերմոցում առավոտյան ութից մինչև երեկոյան ութը, օրական վաստակում են 40-ական լարի [մոտ $13]։ Իվանն ասում է, որ, եթե անվճար բնակարան և սնունդ չլիներ, նրանք չէին կարող ապրել այդ աշխատավարձով։ Իվանը տարակուսում է, թե ինչպես են այդպիսի եկամուտ ունեցող մարդիկ այստեղ ապրում և որտեղից են փող գտնում լավ մեքենաներ և այֆոններ գնելու համար։
Նատալյան ամուսնու հետ աշխատում է մասնավոր հյուրանոցում, որը նրանց ապաստան է տվել․
«Ես պատրաստում եմ, մաքրություն, լվացք անում, հաց թխում։ Ամուսինս շինարարությունում է աշխատում։ Մենք անում ենք՝ ինչ կարող ենք»։
Եկատերինայի ընտանիքն աշխատանք չի փնտրում։ Եկատերինան, ինչպես Իվանն ու Նատալյան, շատ շնորհակալ է վրացիներին․
«Ինձ թվում է, թե տանն եմ։ Մայրս Լեհաստանում է։ Վերջին անգամ նա Թբիլիսիում եղել է 1979 թ-ին։ Ես նրան անընդհատ պատմում եմ, թե ինչպիսին է այժմ Թբիլիսին, և որ վրացիները մեր եղբայրներն են։ Մենք շատ շնորհակալ ենք և հսկայական աջակցություն ենք զգում», —ասում է մեզ Եկատերինան։
«Մենք բնակվում ենք անվճար, սնվում ենք անվճար, հանրային տրանսպորտը մեզ համար անվճար է։ Թանգարանները, թատրոնները, կենդանաբանական այգին անվճար են։ Հագուստն անծանոթ մարդիկ են բերել, տաքսու վարորդները հաճախ փող չեն վերցնում Մարիուպոլից եկածներից։ Կամավորները նույնպես մեծ գործ են անում։ Նրանք մեզ շատ բաներով են օգնել», — ասում է Իվանը։
Սակայն նրացից ոչ ոք իր ապագան չի կապում Վրաստանի հետ։ Բոլոր երեք ընտանիքները պլանավորում են Կանադա մեկնել և դրա համար փաստաթղթերն են հավաքում։
«Ես նույնիսկ չեմ ուզում հետ նայել։ Ես ապրում էի հսկայական շենքում, այն 30 մուտք ուներ։ Իսկ հիմա մնացել են միայն երեք մուտքերի փլատակները», — ասում է Նատալյան։
«Այն ամենն, ինչ մնացել է, մեքենաս է և մի քիչ փող բանկային հաշվիս վրա։ Այժմ ինձ օգնում է ազգականս Կանադայից․ նա սկզբից մեզ համար բնակարան կվարձակալի, նաև տոմսերը կգնի։ Գլխավորը վիզա ստանալն է։ Հետո կտեսնենք՝ ինչ կլինի։ Գուցե մի օր տուն վերադառնանք», — ասում է Իվանը։
Եկատերինան և նրա ամուսինն արդեն տոմսեր են գնել դեպի Կանադա։ Նրա ամուսինն այնտեղ արդեն աշխատանքի է տեղավորվել։
«Նա պատուհանների մոնտաժի գործ է անելու։ Ես էլ մի բան կգտնեմ։ Տղաս ու հարևաններս ավելի ուշ կգան։ Մենք այստեղ միասին էինք, այնտեղ էլ միասին կլինենք։ Մի բան կլինի», — ասում է Եկատերինան, որը դեռ զարմանում է առանց ռմբակոծության և պայթյունների օրերի վրա․
«Մարդիկ գնում են գեղեցկության սրահներ և խանութներ։ Նրանք ամենօրյա գործնական կյանք ունեն։ Տարօրինակ էր այս ամենին հարմարվելը, երբ գիտես, որ ամեն րոպե քո հայրենիքում մարդկանց են սպանում։ Հույս ունեմ, որ մի օր կհաղթահարեմ այս սթրեսն ու վախերը, և մենք նոր կյանք կսկսենք»։
Իվանի և Նատալյայի ընտանիքները նույնպես օրերն են հաշվում Թբիլիսիում, որ նոր կյանք սկսեն, բայց ոչ Վրաստանում։