Ուկրաինական քաղաքացիություն՝ բարեփոխումների համար. ինչո՞վ են հիմա զբաղվում էքսպատ-պաշտոնյաները
Վրացի Էկա Զգուլաձեին (աջից) և Խաթիա Դեկանոիձեին ուկրաինական քաղաքացիություն տրամադրել խնդրել է ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը (կենտրոնում), անձնագրերը հանձնել է նախագաhը: Լուսանկարը՝ Անդրեյ Կրավչենկոյի / POOL
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այլևս Ուկրաինայի քաղաքացի չէ: Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է նրա քաղաքացիությունը, ոըը հենց ինքն էր տրամադրել: Այն ժամանակ՝ Արժանապատվության հեղափոխությունից հետո, Պորոշենկոն ուկրաինական անձնագրեր էր բաժանում արտասահմանցի բարեփոխողներին: 2015թ-ին անձնագիր է ստացել 978 արտասահմանցի, 2016-ին՝ 809-ը: Նրանցից 131-ը ռուսներ են, 97-ը՝ սիրիացիներ, 47-ը՝ վրացիներ: Հրոմադսկոյեն հիշում է, թե ինչ տեղի ունեցավ այն պետական պաշտոնյաների հետ, որոնք ուկրաինական քաղաքացիություն ստացան:
Խաթիա Դեկանոիձե
Սահակաշվիլիի թիմի անդամ: Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել 2015թ-ին: Սկզբում եղել է ներքին գործերի նախարարի խորհրդական, այնուհետև գլխավորել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը: Նրա ղեկավարության տակ Կիևի ոստիկանության բարձրագույն թիմային կազմը թարմացվել է 80%-ով: Մեկ տարի անց Դեկանոիձեն հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ իր հիմնական խնդիրները կատարվել են, իսկ բարեփոխումներն ավարտին հասցնելու համար իր իրավասությունները չեն հերիքում:
2017թ-ի մայիսին Խաթիա Դեկանոիձեն վերականգնել է Վրաստանի քաղաքացիությունն ու վերադարձել երկիր:
Մարիա Գայդար
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1990-ականների բարեփոխիչ Եգոր Գայդարի դուստրը, Ուկրաինա է տեղափոխվել 2015թ-ին: Նա դարձել է Օդեսայի շրջանի մարզպետ, Միխայիլ Սահակաշվիլիի տեղակալը սոցիալական քաղաքականության հարցերով և օգոստոսին արդեն ուկրաինական քաղաքացիություն ստացել: Գայդարին անձնագիրը հանձնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: 2015թ-ի աշնանը Մարիա Գայդարին Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր ընտրեցին «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունից:
2016թ-ի սեպտեմբերից Մարիա Գայդարը Ռուսաստանի քաղաքացիությունը լքելու խնդրագրով է դիմել: 2017թ-ի մարտին Պյոտր Պորոշենկոն Գայդարին նշանակել է որպես իր արտահաստիքային խորհրդական:
Սաշա Բորովիկ
Սահակաշվիլիի թիմի ևս մեկ անդամ, Լվովում ծնված Սաշա Բորովիկը 2011թ-ին գերմանական քաղաքացիություն է ստացել և Ուկրաինայի անձնագրից հրաժարվել: Ուկրաինական քաղաքացիությունը նա վերականգնել է 2011թ-ին, երբ նրան Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավոր են ընտրել: Զուգահեռ Բորովիկն աշխատել է որպես Սահակաշվիլիի տեղակալի պաշտոնակատար:
2016թ-ին Բորովիկը ստիպված էր լքել իր պաշտոնը. պետական ծառայության մասին նոր օրենքը պաշտոնյաներին արգելեց ուկրաինականից բացի այլ քաղաքացիություն ունենալ: 2017թ-ի գարնանը նախագահը դադարեցրեց նրա քաղաքացիությունը:
«…ստորագրություն կար, որ Բորովիկը պարտավորություն է վերցնում ուկրաինական պետության առջև հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից: Նա այդ պարտավորության մասին մոռացել է», — հայտարարել է Պորոշենկոն:
Արդեն մեկ տարուց ավել է՝ Բորովիկն արտասահմանում է: Իշխանությունների որոշումը հակասահմանադրական է համարում, քանի որ ուկրաինական անձնագիր ստանալիս նա երկրորդ քաղաքացիություն չէր ընդունում և այլ երկրներում պետական ծառայության մեջ չէր:
Դավիթ Սակվարելիձե
Սահակաշվիլիի համախոհը Վրաստանում աշխատանքի առումով, ուկրաինական քաղաքացիություն է ստացել 2015թ-ի սկզբին: Սակվարելիձեն եղել է գլխավոր դատախազի տեղակալը: Հայտնի է դարձել դատախազությունում կոռուպցիայի, մասնավորապես այսպես կոչված «ադամանդե դատախազների» գործի հետաքննության շնորհիվ: 2015թ-ի սեպտեմբերին Սակվարելիձեն գլխավորել է Օդեսայի շրջանի դատախազությունը, իսկ հաջորդ տարի՝ հեռացվել մարմիններից:
Դրանից հետո Պետական քաղաքական վարչության իր հեռացված գործընկեր Վիտալի Կասկոյի հետ միասին Սակվարելիձեն ստեղծել է «Խվիլյա» (ալիք) կուսակցությունը, որի գլխավոր խնդիրը նա տեսնում էր կոռուպցիայի դեմ պայքարի մեջ: Ավելի ուշ միացել է Միխայիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը:
Այս տարվա մայիսին Սակվարելիձեն իր Ֆեյսբուքում գրել է, որ նախագահ Պորոշենկոն «խումբ է ստեղծում իր հերթական արկածախնդրության իրականացման՝ մեզ, վրացիներիս, ուկրաինական քաղաքացիությունից զրկելու համար»:
Այվարաս Աբրոմավիչուս
Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախկին նախարար, լիտվացի Այվարաս Աբրոմավիչուսն ուկրաինական քաղաքացիություն է ստացել 2014թ-ի դեկտեմբերին: Որպես բացառություն Լիտվան նրան թույլ է տվել պահպանել իր անձնագիրը:
Աբրոմավիչուսը նախարարի պաշտոնը զբաղեցրել է մեկ տարուց մի փոքր ավել և հրաժարական տվել՝ հայտարարելով կոռուպցիայի և նախագահի վարչակազմի կողմից գործադրվող ճնշման մասին:
Նա շարունակում է ապրել Կիևում: Նրա խոսքով՝ Ուկրաինայում բիզնես-նախագծերով է զբաղվում, երկիր ներդրումներ ներգրավելով: Դարձել է Ուկրաինացի գործարարների միության անկախ տնօրեն: Պահպանել է ուկրաինական քաղաքացիությունը:
Լիտվացի Աբրոմավիչուսը (կենտրոնում) ուկրաինական քաղաքացիություն է ստացել 2014թ-ին որպեսզի զբաղեցնի Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը: Լուսանկարն՝ Անդրեյ Կրավչենկոյի / POOL / ՈւՆԻԱՆ
Էկա Զգուլաձե
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Էկա Զգուլաձեն Ուկրաինա է եկել 2014թ-ի վերջին: ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը խնդրել է նրան Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրել: Զգուլաձեին անձնագիրը հանձնել է նախագահը, անմիջապես հետո Զգուլաձեին նշանակել են ներքին գործերի փոխնախարար:
2016թ-ի մայիսին նա լքել է պաշտոնը, սակայն վստահեցրել է, որ կշարունակի զբաղվել ՆԳՆ բարեփոխմամբ և կգլխավորի Արսեն Ավակովի խորհրդականների հատուկ խումբը: Սակայն ավելի ուշ մեկնել է ամուսնու մոտ Ֆրանսիա: