Երկրաշարժ․ 14 մարդ է մահացել Թուրքիայում և հունական կղզիներում։ Տեսանյութ/լուսանկարներ
14 մարդ է մահացել Թուրքիայում և Հունաստանում այն բանից հետո, երբ հոկտեմբերի 30-ի երեկոյան Էգեյան ծովում 6.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Մի քանի քաղաքներում շենքեր են փլվել, և կղզիները հեղեղվել են ծովի մեծ ալիքների պատճառով։
Թուրքիան ու Հունաստանը միմյանց օգնելու պատրաստակամություն են հայտնել։
Մեծապես տուժել է Թուրքիայի Իզմիր քաղաքը, փլվել է ոչ պակաս քան 17 բնակելի շենք։
Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների դեպարտամենտը (AFAD) հայտարարել է, որ Թուրքիայում 12 մարդ է զոհվել, նրանցից մեկը խեղդվել է։ 419 մարդ վիրավորվել է։
Իզմիրի նահանգապետը հաղորդել է, որ 70 մարդ է փրկվել փլատակների տակից։
Տեսախցիկը նկարահանել է երկրաշարժի պահն Իզմիրի բնակարաններից մեկում․
Հունական Սամոս կղզում երկու դեռահաս՝ մեկ տղա և մեկ աղջիկ, մահացած են գտնվել փլուզված բնակելի շենքում։
Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ջրհեղեղ
Իզմիրի քաղաքապետ Իսմայիլ Եթիսքինը Reuters-ին ասել է Reuters-ին, որ երկրաշարժի հետևանքով «փոքր ցունամիի պես մի բան է տեղի ունեցել»։
Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում են վնասված սառնարաններ, աթոռներ և սեղաններ, որոնք «լողում են» փողոցներում ջրհեղեղի ժամանակ։
TRT Haber հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որտեղ ջուրը քշում է ավտոմեքենաները։
Թուրքիան ու Հունաստանը պատրաստ են օգնել միմյանց
Թուրքիան ու Հունաստանը ներգրավված են դաժան վեճի մեջ՝ Միջերկրական ծովի արևելյան մասում հայտնաբերված գազի նոր հանքավայրի նկատմամբ իրավունքի խնդրով։ Սակայն այս ողբերգությունը միանգամից մերձեցրել է նրանց։
Երկու երկրների արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել և միմյանց սատարել։
Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Հունաստանին, եթե պետք լինի։
Թուրքիան այն երկրների թվին է պատկանում, որտեղ երկրաշարժի ռիսկ կա։ Ավելի քան 17 հազար մարդ է զոհվել 1999 թ-ի օգոստոսին, երբ 7,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Իզմիթում՝ Ստամբուլից դեպի հարավ-արևելք գտնվող քաղաքում։
2011 թ-ին Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ էր մահացել։