Որքա՞ն մարդ է այսօր ապրում Հարավային Օսիայում
53,559 մարդ՝ այսպիսին են մարդահամարի արդյունքները:
1989թ., երբ Հարավային Օսիայում վերջին անգամ մարդահամար է անցկացվել, այստեղ ապրում էր 98,5 հազ. մարդ: Նրանցից 65 հազարից ավելին ներկայացել են որպես օսեր, 28 հազարը՝ որպես վրացիներ և երկու հազարը՝ ռուսներ:
Այս անգամ մարդահամարի անցկացման համար տպվել է 57 հազ. հարցաթերթիկ, որոնք պետք է մանրամասնեն կյանքի որակը: Այդ հարցաթերթիկների հարցերը հիմնականում վերաբերում են բնակարանային պայմաններին, երբ է կառուցվել տունը, քանի սենյակ ունի, կա արդյոք ջեռուցում, համացանց և այլն:
Մարդահամարին պատրաստվել են ավելի քան մեկուկես տարի: Այն անցկացնող թիմում 214 մարդ կար, նրանք պետք է շրջեին բոլոր տներով ու բնակարաններով, իսկ տեղի հեռուստատեսությունը հատուկ տեսահոլովակ էր պատրաստել, որում մարդկանց զգուշացնում էին լինել զգոն և անծանոթ մարդկան տուն թողնելուց առաջ հետաքրքրվել՝ ունի՞ արդյոք մարդահամարն անցկացնելու իրավունքի վկայական, պահանջել նրա անձնագիրը:
Աննա Դրյաևան 200 տուն է այցելել և ասում է, որ միայն մի հոգի այդքան զգոն գտնվեց:
Ինչպես նշում են մարդահամարն անցկացնող խմբի անդամները, մարդիկ ընդհանուր առմամբ շատ հետաքրքրված էին այդ գործընթացով և բարեհամբույր են եղել իրենց նկատմամբ:
Մարդահամարն անցկացնողները նաև կամավորների պարտականություններ են ստանձնել՝ աշխատանքի ընթացքում մարդկանց պատմելով ամսական 1550 ռուբլի (մոտ 25$) գործազրկության նպաստ ստանալու իրավունքի մասին: Աննան նաև պատմում է, որ իր կողմից հարցվածների ամեն 11-րդը նշել է, որ մինչ այդ նա չի իմացել գործազրկության նպաստի մասին:
Ինալ Թիբիլովը, ով ղեկավարում է վարչությունն, ասում է, որ մարդահամարը կարևոր է յուրաքանչյուր հասարակության համար և առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Օսիայի համար, քանի որ նպաստում է մշակվող սոցիալական ու տնտեսական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: «Բայց բացի այդ, մարդահամարը քաղաքական նշանակություն ունի երիտասարդ պետության համար, որը պետք է հստակ տվյալներ ունենա իր բնակչության մասին», — ասում է Թիբիլովը:
Հետագայում համընդհանուր մարդահամար ծրագրվում է անցկացնել տասը տարին մեկ: