Ովքե՞ր են ֆրանսիացիներն այսօր: Միգրանտներն ու ֆուտբոլը. նոր պոպուլյար թեմա Ռուսաստանում և ԱՄՆ-ում
Ֆրանսիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի աշխարհի վերջերս ավարտված առաջնության չեմպիոն, որը կայացավ Ռուսաստանի քաղաքներում: Այդ առթիվ քննարկումներ են ընթանում ոչ միայն խփած գնդակների և խաղի որակի շուրջ:
Վեճերը լրատվամիջոցներում և սոցցանցերում թեժացան Ֆրանսիայի հավաքականի կազմի առթիվ. դրանում շատ ֆուտբոլիստներ են ներգրավված, որոնք Ֆրանսիայում չեն ծնվել: Ծայրահեղ բևեռացված գնահատականներ են հնչում: Ոմանք ափսոսանք են հայտնում, որ ֆրանսիացիներն այնքան էլ ֆրանսիացի չեն, մյուսները հպարտությամբ խոսում են այն մասին, որ դա կոսմոպոլիտիզմի հաղթանակ էր:
Երկու ամենապոպուլյար տեսանկյուններին բնորոշ երկու փաստարկ նշենք:
Կարծիք Ռուսաստանից. «Սա ի՞նչ է, Ֆրանսիա՞ն է»
Առաջնությունում Ֆրանսիայի հաղթանակից հետո ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում հայտնվեց լրագրող Դարյա Ասլամովայի հոդվածը, որը շատերը ռասիստական համարեցին:
Հոդվածում Ասլամովան մեջբերում է «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության անդամ իր ընկերների խոսքերը, որոնք իբր իրեն ասել են, որ Ֆրանսիայի այս հավաքականը «ֆրանսիական թիմ չէ»:
«Կամերուն, Սենեգալ, Մալի, Գվինեա, Կոնգո, Տոգո, Անգոլա: Մնացածներն արաբ են և 4 սպիտակ (նրանցից մեկն իսպանացի է): Սա ի՞նչ է, Ֆրանսիա՞ է: Մեր արժեքներն են քրիստոնեությունը, նվիրվածությունը հայրենիքին, եվրոպական ավանդույթները: Ի՞նչ կապ ունեն այստեղ աֆրիկացիներն ու արաբները», — իր ընկերների խոսքերն է մեջբերում Ասլամովան:
Ֆրանսիայի թիմի ֆուտբոլիսների կեսից ավելին իրոք Աֆրիկայի միգրանտների սերունդ է: Սակայն նրանք գրեթե բոլորը ծնվել, մեծացել և սովորել են ֆուտբոլ խաղալ Ֆրանսիայում, նրանց մայրենի լեզուն ֆրանսերենն է:
Այնուամենայնիվ, Ասլամովան նրանց «այլ Ֆրանսիա» է համարում և բողոքում է, որ «շրջանների նախկին սպիտակամորթ ֆրանսիացիները վաղուց գրավվել են միգրանտների կողմից», և այնտեղ «շատ ավելի հեշտ է հանդիպել մի խումբ երեխաների չադրայով մորը, քան սպիտակամորթ կնոջ»:
Սակավաթիվ անկախ ռուսական լրատվամիջոցներ վրդովվեցին Ասլամովայի հոդվածից և այն ռասիստական անվանեցին:
Ավելի կտրուկ էր սոցցանցերի օգտատերերի արձագանքը: Ամենամեղմ բնորոշումը, որ լսեց Ասլամովան իր հասցեին «մաքուր արիացին էր»:
Այն բանից հետո, երբ իրեն սկսեցին մեղադրել ռասիզմի մեջ, լրագրողն, իր հերթին, հայտարարեց, որ «Ֆրանսիայում սպիտակների դեմ ռասիզմ է»:
Կարծիք ԱՄՆ-ից. «Մեկ ցեղի գերակայությունն աշխարհն ավելի վատն է դարձնում»
Ասլամովայի հոդվածի նույն օրը ամերիկյան New Yorker ամսագրում հրապարակվեց գրող Ադամ Գոպնիկի սյունակը: Դրանում հեղինակը նույնպես մտորում է այն մասին, թե ինչ դեր խաղացին միգրանտների սերունդները Ֆրանսիայի հավաքականում և ինչպես դա գնահատել:
Ըստ Գոպնիկի՝ Ֆրանսիայի հավաքականի խաղն ու նրա հաղթանակն առաջնությունում միգրանտների անօգուտ լինելու մասին խոսքերի անմիջական հերքումն է, մասնավորապես՝ այդ հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հերքումը:
Հեղինակը թվարկում է աֆրիկյան ծագում ունեցող ֆրանսիայի խաղացողներին, որոնք դարձել են Ֆրանսիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներ:
Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ 19-ամյա Կիլիան Մբապեն ալժիրյան և կամերունյան արմատներ ունի, Պոլ Պոգբան, որը հիանալի էր խաղում դաշտի կենտրոնում՝ գվինեական:
Մրցաշարի լավագույն հենակետային կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեի ծնողները Ֆրանսիա են եկել Մալիից:
Եվ սա բնավ ամբողջական ցուցակը չէ:
Գոպնիկը հիշեցնում է նաև, որ թվարկված ֆուտբոլիստները Ֆրանսիայի այսօրվա հավաքականի խաղացողներն են: Սակայն չէ՞ որ նախորդ տարիներին թիմում նույնպես շատ էին էմիգրանտների սերունդները: Ամենավառ օրինակը ֆրանսիացի մեծ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանն է, որը ծնվել է Ալժիրում:
New Yorker-ի հրապարակման հեղինակը կարծում է, որ կյանքի ևս մեկ ոլորտ կա՝ առևտուրը, որտեղ կոսմոպոլիտիզմը նույնքան կարևոր է։
«Նոր էներգիա, նոր տաղանդներ բերող էմիգրացիայի առավելությունները հասկանալու Թրամփի անընդունակությունն է պատճառը, որ նա չի կարողանում գնահատել ազատ առևտրի բոլոր առավելությունները», — գրում է Գոպնիկը:
«Ըստ երևույթին, Թրամփն ունակ է աշխարհը հասկանալու միայն այլոց վրա մեկ ցեղի կամ ընտանիքի գերիշխանության տեսանկյունից: Նա չի կարող հասկանալ, թե ինչու է ֆուտբոլն, ինչպես և կյանքի մնացած ոլորտներն ավելի լավը դառնում այն պատճառով, որ ավելի շատ մարդ է ֆուտբոլ խաղում»: