Ովքե՞ր են ադրբեջանցի «լույսի կալանավորները» և ինչո՞ւ են նրանց կարեկցում
Լուսանկարը, տեսանյութը. Իզոլդա Ագաևա
Իմիշլի ադրբեջանական քաղաքում՝ Ջեբրաիլի շրջանային դատարանում, վերջերս կայացվել է հինգ երիտասարդի, ինչպես նրանց ժողովուրդն է կոչում «լույսի կալանավորների» գործի վերաբերյալ դատավճիռը: Նրանք ձերբակալվել էին անցած տարվա վերջին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, որի ժամանակ պահանջում էին էլեկտրականության անխափան մատակարարում: Ակցիան անցկացվել էր Բիլյասուվար բնակավայրում (Բաքվից 153 կմ հեռավորության վրա)՝ Ղարաբաղի Ջեբրաիլ շրջանից հարկադիր տեղահանվածների բնակության վայրում՝ շրջանային գործադիր իշխանության շենքի դիմաց:
Բիլյասուվարում լույսն անջատել էին այն պատճառով, որ բնակիչները չէին վճարել էլեկտրաէներգիայի համար: Մարդիկ էլ ասում էին, որ պատրաստ են վճարել, սակայն ի վիճակի չեն մարել ողջ պարտքը:
Ժողովուրդը հավաքվեց գործադիր իշխանության շենքի առջև, իսկ հավաքվածներից մեկն էլ քար նետեց՝ ուղիղ ոստիկանի աչքին:
Ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվեցին: Նրանք բանտում անցկացրին շուրջ 10 ամիս:
Այս տարվա օգոստոսի 19-ին մեղադրյալներից երեքը՝ Գյուլագա Ալմամեդովը, Ջալալ Գուլիևը, Իլքին Իսկենդերովը, պայմանական ժամկետներ են ստանում և ազատ արձակվում: Ուլվի Գուլիևը և Զաուրա Ֆեյրուզլուն դատապարտվում են 1.5 տարվա ազատազրկման:
Լրագրողներին և հասարակության ներկայացուցիչներին թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին՝ ոչ բավարար տեղերի պատրվակով, չնայած դատավարությունն անցկացվել է Իմիշլի քաղաքի դատարանի նոր վերանորոգված շենքում, որը հարմարավետ սրահներ ունի: Հենց ոչ բավարար տեղերի պատճառով Բիլյասուվարի շրջանային դատարանից նիստը տեղափոխվել էր Իմիշլի:
«Լույսի կալանավորները» մեղադրվել են գույքը միտումնավոր փչացնելու, հասարակական կարգը խախտելու, օրենքի ներկայացուցիչների հանդեպ բռնի գործողություններ կատարելու մեջ: Ձերբակալվածները հերքել են բոլոր մեղադրանքները և ասել, որ ոչ մեկին վնասվածք չեն հասցրել:
«Դատարանում ոչ ոք նրանց դեմ վկայություն չի տվել, բոլոր տուժածներն ասել են. այս հինգից ոչ մեկին չգիտենք: Մութ էր, թեկուզ աչք հանեին, չենք տեսել՝ ով է քար նետել: Բայց իմ տղային, միևնույնն է 1.5 տարի տվեցին»,-ասում է Զաուրա Ֆեյզուլաևի հայրը՝ Թեբրիզ Գաջիևը:
Դատավճիռը կարող էր ավելի խիստ լինել ներկայացված մեղադրանքների հիման վրա՝ մինչև 7 տարի, այնպես որ դատապարտյալների հարազատներն ասում են, որ «էժան են պրծել»:
Ադրբեջանական հասարակությունը դժգոհություն է արտահայտել այս իրավիճակի կապակցությամբ: Առաջինը՝ շատերը կասկածում են, որ դատավճիռը արդար է եղել:
Լրագրող և իրավապաշտպան Սամիր Քյազըմլը. «Եթե դատական գործընթացը, լինելով բաց, ինչպես պաշտոնապես հայտարարել էին, անցկացվել է դռնփակ, լրագրողներին և հասարակության
ներկայացուցիչներին թույլ չեն տվել մուտք գործել սրահ, ինչպե՞ս կարող է դատավճիռն արդար համարվել:
Այս գործը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ մարդիկ ոչ մի բանում մեղավոր չեն: Կառավարությունն ընդլայնում է բռնաճնշվածների շրջանակը, լրագրողներից և հասարակական գործիչներից բացի ներառելով նաև հասարակ, աղքատ քաղաքացիներին: Իշխանությունները ցանկանում էին վախեցնել մարդկանց, որպեսզի բողոքները, որոնք անխուսափելի են նման խորը ճգնաժամում, զանգվածային բնույթ չկրեին»:
Երկրորդ՝ իշխանությունների ներկայացուցիչներն անըդհատ ասում են, որ պետք է հոգ տանել հարկադիր տեղահանվածների և փախստականների մասին: Որպես ղարաբաղյան պատերազմից տուժածներ, նրանք ապահովվել էին բնակարաններով և որոշակի արտոնություններ էին ստացել: Հարկադիր տարհանվածները մինչ այս երբեք հանդես չէին եկել մեղադրյալի դերում աղմկահարույց դատական գործընթացում: Նրանց դժբախտ վիճակն ինդուլգենցիայի պես մի բան էր:
Հասարակական դժգոհության կրակի մեջ յուղ է լցրել Ջեբրաիլի շրջանի պատգամավոր Աստան Շահվերդիևի մեկնաբանությունը: Անցած տարի «լույսի կալանավորների» ձերբակալությունից հետո չինովնիկը նրանց անվանել է «թմրամոլների և հարբեցողների հավաքածու»: Սոցցանցերում զայրացած մեկնաբանություններ են եղել այն մասին, որ փախստականների հետ պետք չէ այդպես վարվել: Դժգոհության ալիքն այնքան մեծ էր, որ պատգամավորը ստիպված էր ներողություն խնդրել:
Երրորդ՝ եթե իրավունքի տեսանկյունից Բիլյասուվարի բնակիչների՝ «անվճար լույս տալու» պահանջները մասամբ անօրինական են, ապա բիլյասուվարցիներն այլ կերպ են կարծում, քանի որ այս հարցը երկար նախապատմություն ունի:
Խնդիրն այն է, որ 1994թ. ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի հաստատումից հետո առաջին 10 տարիներին ադրբեջանցի փախստականները և հարկադիր տեղահանվածները ազատված էին
կոմունալ ծառայությունների համար վճարներից: Այնուհետև նրանց համար չափ է սահմանվել. անվճար լույս և գազ՝ որոշակի ծավալով, որը սպառելուց հետո պետք է վճարել:
Բայց շատ վայրերում, որտեղ կոմպակտ բնակվում են փախստականները, գազ ընդհանրապես չի եղել, ուստի անվճար հոսանքի չափը նրանք շատ շուտ սպառում էին: Այդպես էր նաև Բիլյասուվարում: Հաշվի առնելով գործազրկությունը, որի մակարդակը բարձր է շատ վայրերում, որտեղ նրանք ապրում են, շատ փախստականներ և հարկադիր տեղահանվածներ գնալով համալրում են բնակչության անապահով խմբերի շարքերը: Ոստի շատ հաճախ նրանք չէին կարող վճարել լույսի համար և միևնույն ժամանակ կարծում էին, որ պետությունը անվճար գազ է «պարտք»: Իսկ լույսի վարձի խնդիրները լուծվել են «ոչ պաշտոնական» ձևով. այսինքն՝ «Ազերիշըգ» ընկերության (ձեռնարկություն, որը էլեկտրաէներգիա է մատակարարում Ադրբեջանի բնակչությանը) աշխատակիցներին կաշառելու միջոցով: 5-10 մանաթի դիմաց վերջիններս համաձայնվում էին «ջնջել» հաշվիչների ցուցմունքները՝ պատմում են տեղի բնակիչները:
«Սկզբում կարելի է ասել միշտ լույս կար: Այնուհետև սկսեցին յուրաքանչյուր ընտանիքից 5-10 մանաթ հավաքել, իբր թե գերազանցում եք սահմանված չափը, ստացվում է ծանրաբեռնվածություն և նման բաներ: Մենք ոչինչ չէինք ասում, համաձայնվում էինք: Բայց հոկտեմբերից սկսած ավելի հաճախ սկսեցին անջատել լույսը, իսկ վերջին 15 օրերին, կարելի է ասել ամեն օր անջատում էին՝ ցերակվա ժամը 1-2-ից մինչև երեկոյան 7-8-ը: Մարդիկ էլ ասում էին. կամ գումարը մի՛ հավաքեք կամ լույսը մի՛ անջատեք: Այդ երեկո բոլորը դուրց եկան ցույցի հենց այս պատճառով»,- JAMnews-ին պատմել է Մագոմեդ Բայրամովը՝ պայմանական դատապարտված Իլքին Իսկանդերովի պապը:
Ինչո՞ւ «Ազերիշըգ»-ի «փոխզիջման գնացող» աշխատակիցները հանկարծ որոշեցին նման սահմանափակում կիրառել ջեբրաիլցիների հանդեպ:
Խնդիրը կայանում է նրանում, որ տեղի ունեցածից առաջ Ալի Հասանովը՝ փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով կոմիտեի ղեկավարը, կառավարությունում ելույթ ունենալիս հայտարարել է, որ այժմ հարկադիր տարհանվածները կվճարեն կոմունալ ծառայությունների դիմաց, իսկ էլեկտրաէներգիայի և գազի «արտոնյալ» ծավալը կփոխհատուցվի դրամով: Նոր հրամանն ուժի մեջ էր մտնելու 2017թ. հունվարից:
Տնտեսագետ, փորձագետ Թորգուլ Մաշալլին կարծում է, որ իշխանությունների նման որոշումը կարող էր համալրել բյուջեն. «Հաշվիչ պալատի տվյալներով, եթե հարկադիր տեղահանվածների վրա ծախսերը նախկինում կազմել են 95-94 միլիոն մանաթ, ապա 2017թ. նախատեսվում էր ծախսել 54-55 միլիոն: Հարկադիր տեղահանվածները ծախսերի ևս մ եկ հոդված ունեն. գումար, որը շնորհվում է նրանց սննդի համար: Այս նպատակով տարեկան տրամադրվում է 117-128 միլիոն մանաթ: Այս գումարն անփոփոխ է մնացել: Չեղարկելով արտոնությունները՝ հացի համար տրվող 19 մանաթ 96 կոպեկը նախատեսում էին դարձնել 36 մանաթ՝ միավորելով կոմունալ ծախսերի հետ: Արդյունքում բյուջեն շահում էր»:
Ինչ վերաբերում է «խղճի կալանավորների» գործով պետական դիրքորոշմանը, ապա մեզ չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ փախստականների և հարկադիր տեղահանվածների գործերով պետական կոմիտեից: Պաշտոնյաների տեսակետը 2016թ. բողոքի ակցիայից հետո modern.az-ին ներկայացրել է Ջեբրաիլի գործադիր իշխանության առաջին տեղակալ Արիֆ Ֆարզալիևը: «Հարկադիր տեղահանվածները մեծ պարտքեր ունեն: Քաղաքացիները գերազանցել են էլեկտրաէներգիայի ծախսի սահմանված չափը: Այդ պատճառով Իմիշլիի շրջանային էլեկտրացանցն անջատել է լույսը: Բայց տեղի ունեցած բանակցություններից հետո ամեն ինչ կարգավորվել է: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, ամեն ինչ հանգիստ է, անկարգություններ չկան»:
Կառավարամետ ԶԼՄ-ները վերջերս կայացրած դատավճիռը լուսաբանել են որպես սովորական դեպք քրեական օրակարգից՝ շեշտը դնելով մեղադրանքի հոդվածների վրա:
Ի՞նչ տեղի ունեցավ հետո էլեկտրաէներգիայի, Ջեբրաիլի փախստականների և արտոնությունների հետ 2017թ. սկզբին բողոքի նոր ակցիաներ են տեղի ունեցել հարկադիր տեղահանվածների շրջանում, բայց արդեն Բաքվում: Մարդիկ 36 մանաթը (սնունդ՝ գումարած կոմունալ ծառայություններ) համարեցին արտոնությունների ոչ ադեկվատ փոխարինում:
Այս անգամ ձերբակալվածներ չեղան, ավելին, մեկ ամիս էլ չէր անցել, երբ նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց նախորդ հրամանագրում ուղղումներ կատարելու մասին կարգադրություն, ըստ որի հարկադիր տեղահանվածները բաժանվում էին կատեգորիաների: Նրանցից ոմանք հետ ստացան արտոնություններն ամբողջ ծավալով: Ներկա պահին փախստականները և հարկադիր տեղահանվածները, որոնք ապահովված չեն բնակարաններով, չեն վճարում կոմունալ ծառայությունների համար: Չեն վճարում էլեկտրաէներգիայի համար նաև նրանք, ովքեր գազ չունեն և շարունակում են ստանալ «հացի փող»:
Նրանք, ովքեր բնակարան ունեն, ամսական ստանում են 36 մանաթ ($21) և պետք է իրենք վճարեն կոմունալ ծախսերը:
Ջեբրաիլցիների մոտ այժմ միշտ լույս կա: Իսկ օրենքի վերջին ուղղումներն ամբողջությամբ լուծել են հարցը, քանի որ այստեղ գազ չկա (նոր են սկսել գազի հոսքագիծ քաշել), ոչ ոք պարտավոր չէ վճարել էլեկտրաէներգիայի համար:
«Եթե բոլոր խնդիները լուծվել են, ինչո՞ւ այդ երիտասարդներին բանտ նստեցրին: Մեր երեխաներն «անմեղ մեղավոր» դարձան»,-ասում է Թեբրիզ Գաջիևը: