«Ոչ նվեր, ոչ էլ հյուրասիրություն»․ վարքագծի նոր կանոններ ՀՀ հանրային ծառայողների համար
Հայաստանում հանրային ծառայողների համար կգործի նվերների և հյուրասիրության ընդունման արգելք։ Վարքագծի տիպային կանոնները մշակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Որոշման նախագիծը հանրային քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am)։ Մինչ մարտի 30-ը քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները նախագծի վերաբերյալ։
Հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները ներառված են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում, սակայն նույն օրենքը սահմանում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից այդ սկզբունքներից բխող վարքագծի կանոնների ընդունման անհրաժեշտությունը։
«Հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը» հանձնաժողովը դիտարկում է որպես արդյունավետ գործիք կոռուպցիայի դեմ պայքարում։
«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի կանոնները կոչված են նպաստելու նրանց վարքագծում բարեվարքության՝ օրենքով սահմանված սկզբունքների ու էթիկական նորմերի արտացոլմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Վարքագծի տիպային կանոնների նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, ներգրավված են եղել նաև Եվրոպայի Խորհրդի միջազգային փորձագետները։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ակնկալում է նախագծի ընդունման արդյունքում․
- ամրապնդել հանրային ծառայության բարեվարքության համակարգը,
- ապահովել հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը,
- բարձրացնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ,
- ստեղծել հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված ևս մեկ գործիք,
- բարձրացնել հասարակության քաղաքացիական պահանջատիրությունը՝ հանրային ծառայության համակարգում ակնկալվող վարքագծի առնչությամբ։
Վարքագծի կանոնները՝ պարտադիր և խրախուսելի
Վարքագծի տիպային կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ։ Հանրային ծառայողները պարտավոր են հետևել պարտադիր կանոններին։ Դրանց թվում են օրինականությունը, բարեխղճությունն ու հավատարմությունը հանրային շահին, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, նվերների ընդունման արգելքը, քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, կոռուպցիոն բնույթի դեպքերի և այլ խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնելը և այլն։
Նվեր՝ ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:
Հյուրասիրություն՝ նվերի տեսակ, որը առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով և տրվում է հյուրասիրողի ներկայությամբ:
Խրախուսելի կանոնները բնորոշում են «գերազանցությունը հանրային ծառայության համակարգում»․
«Խրախուսելի կանոնները միտված են կերտելու հանրային ծառայողի առավել բարեվարք կերպար՝ շեշտադրելով նրանց ինքնազարգացման և ինքնակատարելագործման անհրաժեշտությունը»։
Խրախուսելի կանոններից են գործընկերներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը, աշխատանքային բարենպաստ և առողջ միջավայրի ստեղծումը, իրեն ենթակա հանրային ծառայողների շրջանում ՀՀ օրենքների, հանրային ծառայության սկզբունքների ու վարքագծի կանոնների մասին իրազեկվածության բարձրացումը և այլն։
Պարտադիր կանոնների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Խրախուսելի կանոններին չհետևելու համար պատիժ նախատեսված չէ։
Պատասխանատվության միջոցները կկիրառվեն անհատական մոտեցմամբ՝ նախազգուշացումից մինչև աշխատանքից ազատում։ Որոշումը կընդունի կառույցի ղեկավարը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխանցմամբ՝ նախկինում վարքագծի կանոններ են գործել «Հանրաին ծառայության մասին» օրենքի շրջանակում, բայց դրանց «արդյունավետությունն այնքան էլ մեծ չի եղել»։
«Սրանք արդեն ամբողջությամբ ինստիտուցիոնալ տարբերակով ներդրվող նոր կանոններ են, որոնց միջոցով հանրային ծառայողի աշխատանքը դառնում է կոռուպցիայի ռիսկերից ավելի զերծ, բայց նաև հաշվետու»,- «Առաջին ալիքի» հետ զրույցում նշել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Որոշման նախագիծը մարտի 15-ից հանրային քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Մինչ մարտի 30-ը քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները e-draft.am հարթակում կամ ուղարկել դրանք հանձնաժողովի էլեկտրոնային փոստի հասցեին։