Թշնամիներ չեն։ Ինչպես է Վրաստանը դիմավորում Ռուսաստանից և Բելառուսից արտագաղթածներին
Ռուսաստանից և Բելառուսից արտագաղթածները Վրաստանում
Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանը հիմնական ուղղություններից մեկն է դարձել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար, որոնք որոշել են լքել իրենց երկրները։ Ռազմական գործողություններից առաջ էլ Վրաստանը գրավիչ ուղղություն էր համարվում այդ երկրներից արտագաղթողների համար, որոնք համաձայն չեն իշխանության հետ։ JAMnews-ը պատմում է նոր քաղէմիգրանտների պատմությունները, թե ինչու են նրանք Վրաստան մեկնում, ինչ խնդիրների են բախվում, և ինչպես են նրանց այնտեղ դիմավորում։
Վրաստանի իշխանության տվյալներով՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 20-ը Վրաստան է ժամանել 35 հազար ռուսաստանցի։ Իսկ փետրվարի 24-ից մինչև մարտի 16-ը՝ Բելառուսի ավելի քան 15 հազար քաղաքացի։
«Ասում են, որ ժամանողների այսքան մեծ թիվը վտանգավոր է, սակայն դա այդպես չէ», — պնդում է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։ Նրա խոսքով՝ համավարակից առաջ այդ երկրներից նույն ժամանակահատվածում Վրաստան էր գալիս ավելի շատ զբոսաշրջիկ։
Ռուսաստանի և Բելառուսի՝ Վրաստան ժամանող քաղաքացիների այս մեծ թիվը բուռն քննարկումներ է առաջացրել վրացական հասարակությունում։ Մարդիկ այդ անձանց տարբեր կերպ են ընկալում, յուրաքանչյուրն իր փաստարկներն ունի․ թեմայի քննարկումները սոցցանցերում չեն դադարում։
Ոմանց համար անընդունելի է Վրաստանում «օկուպանտ երկրի և սատելիտ-երկրի» քաղաքացիներ ընդունելը։ Նրանք մտավախություն ունեն, որ Ռուսաստանն ապագայում կսկսի ճնշել Վրաստանին՝ «իր քաղաքացիների պաշտպանության» համար։
«Նրանք փախչում են անհարմարությունից և պատամիջոցներից, այլ ոչ թե Պուտինի ռեժիմից։ Պուտինն, ի՞նչ է, նախկինում ուրի՞շ էր», — սա տիպիկ փաստարկներից մեկն է։
Մյուսներն, ընդհակառակը, հասարակությանը կոչ են անում համերաշխություն դրսևորել մարդկանց հետ, որոնք ապաստան են փնտրում։
Իրականում Ռուսաստանի քաղաքացիներն այսօր մեծ ընտրություն չունեն, թե ուր մեկնել։ Եվրոպան ու ԱՄՆ-ն նրանց համար փակ են, եթե վիզա չկա։ Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Իսրայելն, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներն այն ուղղություններն են, ուր ամենից հաճախ «փախչում են» Ռուսաստանից։
Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին Վրաստան գալու համար վիզա պետք չէ։ Նրանք կարող են այնտեղ ապրել մեկ տարի՝ առանց երկրից դուրս գալու։
Վրաստանի օգտին մի քանի լավ փաստարկներ էլ կան՝ համեմատաբար էժան ապրուստ և լավ կլիմա։
- Թե ինչպես է ուկրաինուհին Վրաստան եկել մի քանի օրով և մնացել ընդմիշտ։ Բլոգ
- Վրաստանի փոքրամասնությունները․ ի՞նչ անել, որ նրանք ինտեգրվեն
Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները JAMnews-ին պատմել են, թե ինչու են որոշել Վրաստան տեղափոխվել։
Վրաստանի օգտին աշխատող փաստարկներից մեկն այն է, որ «ժողովուրդը հյուրընկալ է»։
Սակայն այս անգամ, ովքեր Վրաստան են ժամանում, այլ պատկեր են տեսնում։ Ողջ քաղաքում ծածանվող ուկրաինական դրոշներին զուգահեռ՝ Թբիլիսիում կարելի է այսպիսի գրառումներ տեսնել․ «Ռուսնե՛ր, գնացեք տուն», «Ռուսական նավ, գրողի ծոցը գնա» և այլն։
«Այժմ իմ տունը Վրաստանն է»
24-ամյա Վասիլի Կրեստյանինովը Ռուսաստանից մեկնել է պատերազմից մի քանի ամիս առաջ։ Նա Թբիլիսիում է ապրում արդեն չորս ամիս։
Վասիլին Մոսկվայից է, այնտեղ է ծնվել և մեծացել։ Այսօր նա չգիտի, թե երբ է իր երկիր վերադառնալու և արդյոք վերադառնալու է։
Ամեն ինչ սկսվեց մեկ տարի առաջ՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։ Նույն օրը ֆիզկուլտուրայի 23-ամյա ուսուցիչ Վասիլի Կրեստյանինովը դուրս եկավ՝ մասնակցելու Մոսկվայի կենտրոնում անցկացվող հակակառավարական հանրահավաքին։
Կրեստյանինովին ձերբակալեցին և 200 դոլարով տուգանեցին չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար և ազատ արձակեցին, սակայն այդ պահից նրա կյանքը վերածվեց դժոխքի։
Նրան ոստիկանություն կանչեցին հոր հետ, որը 30 տարի աշխատում է որպես նույն դպրոցի տնօրեն, որտեղ Վասիլին ֆիզկուլտուրա էր դասավանդում։
Ոստիկանությունում Վասիլիին անվանեցին երկրի համար խայտառակություն, դավաճան և հայտարարեցին, որ նրա մասին ամեն ինչ գիտեն՝ թե ում հետ է ընկերություն անում, ինչ գրառումներ է անում սոցցանցերում և այլն։
«Ռուսաստանում ձեզ չպետք է ոստիկանություն կանչեն։ Եթե կանչել են, նշանակում է՝ բանը բուրդ է։ Պատճառը կապ չունի․ նույնիսկ եթե դա մանր գործ է, եթե ձեզ ոստիկանություն են կանչել, կորած եք»։
Վասիլին հեռացել է աշխատանքից, որպեսզի հայրն իր պաշտոնը չկորցնի, և սկսել ֆոտոլրագրությամբ զբաղվել։
«Լուսանկարներ էի անում տարբեր միջազգային լրատվամիջոցների համար։ Եթե դուրս չէի գալիս բողոքելու, փորձում էի պայքարել այդ համակարգի դեմ՝ լուսաբանելով հանրահավաքներն ու տեղեկություններ տարածելով»։
Մեկ տարի շարունակ Վասիլին լուսանկարել է բոլոր հանրահավաքները, որոնք անցկացվել են Մոսկվայում։
«Ռուսաստանում ցուցապաստառը կարելի է պարզել ընդամենը 30 վայրկյան, այդ պատճառով էլ այդ 30 վայրկյանում պետք է լավ լուսանկարներ անել։ Եթե անգամ դատարկ պաստառ ես պարզում, ոստիկանը, որը դարանակալում է քեզ, առավելագույնը 30 վայրկյանից մոտենալու է և քարշ տա քեզ մեքենա։ Իսկ հետո ինչ կլինի, ոչ ոք չգիտի։
Եթե հանրահավաքի մասնակցեք միայն մեկ անգամ, ամենուր կհետևեն ձեզ։ Եթե մեկնաբանություն գրեք սոցցանցերում, որ, օրինակ, ձեզ դուր չի գալիս Պուտինը, հաջորդ օրը ձեր տուն կգա միլիցիոները։ Եթե այսպիսի բան գրեք, օրինակ՝ «Պուտին՝ գող», ձեր տան դուռը կկոտրեն», — պատմում է Վասիլին։
Ավելի ուշ ոստիկանություն են կանչել նրա եղբորը և հրահանգել հետևել Վասիլիին։
«Այն ժամանակ արդեն ուզում էի մեկնել, որովհետև ողջ ընտանիքս վտանգված էր, բայց, միևնույն է, մնացի։ Դեռ հույս ունեի, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել»։
2021 թ-ի նոյեմբերին նրա հետ է կապվել ոստիկանությունը։ Այս անգամ համագործակցություն է առաջարկել։
Վասիլին բաժանմունքում նստած ինքն իրեն հետևել է տեսագրություններում՝ թե ինչպես է քայլում փողոցում, լուսանկարում հանրահավաքների ժամանակ։ Ոստիկանությունում ասել են, որ եթե նա չհամագործակցի, նրա մոտ թմրանյութեր կգտնեն և բանտ կնստեցնեն։
Վասիլին հրաժարվել է համագործակցել։ Դա նշանակում է, որ նա էլ չէր կարող մի օր անգամ ավելի մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Հենց նա դուրս է եկել ոստիկանությունից, ավիատոմս է գնել և Թբիլիսի մեկնել։
«Ես չեմ կարողանա վերադառնալ մինչև Ռուսաստանում պուտինյան ռեժիմի ավարտը», — ասում է նա։
Այժմ Վասիլին ֆրիլանսեր լուսանկարիչ է, որը համագործակցում է տարբեր լրատվամիջոցների հետ։ Նա ընկերուհու հետ բնակարան է վարձակալում քաղաքի կենտրոնում, որն ընտանիքով նույպես փախչել է ռուսական ռեժիմից։
Վասիլին ու Լիզան սիրում են զբոսնել բնության գրկում, սարերում․ ամեն շաբաթ քաղաքից դուրս են մեկնում և այցելում վայրեր, որոնք զբոսաշրջիկներին այնքան էլ ծանոթ չեն։
«Ես գործով Ղազախստան էի մեկնել, և երբ վերադառնում էի, այնպիսի տպավորություն ունեի, որ տուն եմ գնում։ Այժմ իմ տունը Վրաստանն է։ Սակայն ես երբեք չեմ մոռանա, որ հյուր եմ այստեղ։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ մենք հյուր ենք Վրաստանում։ Հաճախ իմ համաքաղաքացիները մոռանում են այդ մասին, և վրացի ժողովրդի հետ խնդիրներ կարող են առաջանալ միայն այդ դեպքում»։
«Մենք թշնամի ենք դարձել ողջ աշխարհի համար»
36-ամյա Ալեքսանդրն ու 26-ամյա Յուրին տեղափոխվել են արդեն պատերազմի մեկնարկից հետո։ Ալեքսանդրն իր հայրենի Կրասնոդարում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն է եղել տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ Յուրին իրավաբան է աշխատել Սիբիրում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կազմակերպությունում։
«Ես եկել եմ մարտի 6-ին։ Չէի կարծում, որ երբևէ երկիրս կլքեմ և կդադարեմ պայքարել, — ասում է մեզ Ալեքսանդրը, — սակայն Ռուսաստանում մնալն անհնար էր։ Ինձ 15-20 տարվա ազատազրկում էր սպասվում նրա համար, որ հրապարակավ ասում էի, որ չէր կարելի պատերազմ թույլ տալ։ Մեր երկիրը Հյուսիսային Կորեայի ուղին է բռնել»։
Ալեքսանդրը սկզբից Երևան է ժամանել, հետո նոր՝ Վրաստան։
Յուրին սկզբից փորձել է Ղազախստանում մնալ, հետո՝ Ստամբուլում, ի վերջո, նույնպես Վրաստան է տեղափոխվել։
Նրա խոսքով՝ Վրաստանն անվտանգ երկիր է, ուր կարելի է գալ առանց վիզայի։ Բացի այդ, մարդկանց մեծ մասը ռուսերեն և անգլերեն է խոսում, այդ պատճառով էլ շփման հետ կապված խնդիրներ չկան։ Կլիման լավն է, մարդիկ ջերմ ու հյուրընկալ են։
Ռուսաստանցիների խոսքով՝ իրենք խտրականություն կամ ագրեսիա չեն զգացել, քանի որ ամեն տեղ ասում են, որ դեմ են Պուտինի ռեժիմին և համերաշխ են Ուկրաինայի հետ։
Նրանց հարցնում ենք Թբիլիսիի շենքերի պատերին հակառուսական գրառումների մասին։
«Ես հասկանում եմ, թե ինչու նրանք չեն ուզում, որ մենք այստեղ լինենք։ Այժմ Ռուսաստանի քաղաքացիները նույն դրության մեջ են, ինչ Գերմանիան Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, և մենք սա պետք է վերապրենք։ Հատկապես, որ Վրաստանը հիշում է 2008 թ-ի պատերազմը, և մենք նույնպես պետք է հիշենք այդ մասին», — ասում է Յուրին։
Նրա խոսքով՝ ինքն անձամբ ագրեսիա չի զգացել Թբիլիսիում։
«Ընդհակառակը, մարդիկ պարզապես ուզում են օգնել։ Երեկոյան ես ու մի տարեց կին նստում ենք եկեղեցու մոտ, գինի ենք խմում և զրուցում ենք։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ այստեղ ինձ բոլորը հասկանում են։ Չգիտեմ, թե որքանով եմ ես այստեղ որևէ մեկին դուր գալիս, բայց ինքս այստեղ ամեն ինչ հավանում եմ»։
««Ռուսներ հեռացեք» կարգախոսն ինձ վրա չեմ վերցնում, քանի որ նույն պայքարի մեջ եմ, ինչ Վրաստանը, — ասում է Ալեքսանդրը։ — Վրաստանը վերապրել է նույն բանն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում։ Այնպես որ, ընդհակառակը, հասկանում եմ այդ վերաբերմունքը և ուղղակի շնորհակալ եմ այս երկրին, որ ինձ ընդունել է։ Սա շատ լավ երկիր է՝ անհավանական մարդկանցով, բայց ես ուզում եմ իմ երկիր վերադառնալ, որքան հնարավոր է, շուտ։ Բայց այն երկիր, որտեղ հնարավոր է ապրել»։
«Ռուսներն անտանելի են դարձել ողջ աշխարհի համար, — ասում է 24-ամյա Վասիլին։ — Ռուսաստանը բարեկամներ չունի՝ մեկ կամ երկուսից բացի, նրանք էլ իսկական չեն։ Մենք թշնամի ենք դարձել ողջ աշխարհի համար և լիովին արժանի ձևով։ Ես, ճիշտ է, չեմ ամաչում իմ ազգությունից, բայց ամաչում եմ, որ չենք կարողացել հաղթել այդ ռեժիմը, և ես անձամբ ինձ մեղավոր եմ զգում»։
«Ես այրել եմ անձնագիրս»
Վասիլին, Ալեքսանդրն ու Յուրին հավաքվում են Free Russia Foundation-ի գրասենյակում։ Վասիլին մշակում է ցույցերի և հանրահավաքների լուսանկարները և ուղարկում տարբեր լրատվամիջոցների, իսկ Ալեքսանդրն ու Յուրին փորձում են օգնել քաղաքացիներին, որոնց հետապնդում են այնպես, ինչպես իրենց։
Այս հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է զարգացնել ժողովրդավարությունը Ռուսաստանում և օգնել ռեժիմի զոհ դարձած մարդկանց։ Այն գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բեռլինում, Կիևում և Թբիլիսիում։ Ռուսաստանում չունի։
Թբիլիսիի գրասենյակում այբբենական կարգով կախված են Ռուսաստանի տասնյակ քաղաքացիների լուսանկարները․ դրանք այն մարդիկ են, ովքեր երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել բողոքի ակցիաների կամ սոցցանցերում ընդդիմադիր մեկնաբանությունների համար։ Իսկ այդպիսիք, այսօրվա տվյալներով, հազարից ոչ պակաս են։
«Ես առաջիններից մեկն էի, որ այրել եմ ռուսական անձնագիրը Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ», — ասում է 31-ամյա Անտոն Միխալչուկը՝ կազմակերպության ներկայացուցիչը։
«Ռուսական իշխանությունն ինձ անախորժություններից զատ ուրիշ ոչինչ չի տվել և, ցավոք, ոչ միայն ինձ, այլև շատ այլ ժողովուրդների։ Դա ռազմական բռնապետություն է, և ես չեմ ուզում, որ ինձ ասոցացնեն ռուսական իշխանության հետ, այդ պատճառով ես երբեք ձեռքս չեմ առնելու ռուսական դրոշը»։
Անտոնը Վրաստանում է ապրում արդեն երեք տարի։ Նա, ինչպես մյուսները, փախել է ռեժիմից և այժմ փորձում է օգնել և պաշտպանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, հիմնադրամը հույս ունի նաև օգնել ուկրաինացի փախստականներին, որոնք Վրաստան են ժամանում։
«Վրացիները չպետք է մեզնից վախենան։ Այստեղ հիմնավորվելու համար պետք է վրացերեն լավ իմանալ, իսկ ռուսաստանցիների մեծ մասը վրացերեն չգիտի։ Վրաստանն այժմ յուրօրինակ կամուրջ է։ Մարդիկ այստեղ կարող են արագ տեղափոխվել և խուսափել ռեժիմից։ Սակայն, եթե իրավիճակը բարելավվի, նրանք կմեկնեն», — ասում է Միխալչուկը։
«Պատերազմում արվեստը տեղ չունի»
29-ամյա Իգնատ Կաչանը կնոջ հետ Բելառուսից այստեղ է տեղափոխվել մարտի կեսերին։ Իգնատը ռեժիսոր է, վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր է նկարահանում։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են Բաթումի միջազգային կինոփառատոնում, այդ օրվանից նրան միշտ դուր է եկել Վրաստանը։
Վերջերս նա ապրում էր Մինսկին մոտ գյուղում, որտեղ իր ձեռքերով ավելի քան 100 ծառ է տնկել մեկ հեկտար տարածքում և սպասում էր դրանց ծաղկելուն։ Նա չէր պատրաստվում ոչ մի տեղ մեկնել, ապրում էր՝ ինքն իր հետ ներդաշնակ, բազում պլաններ ուներ։
Սակայն հենց սկսվել է պատերազմը, նա հասկացել է, որ չի կարող մնալ Բելառուսում։
«Պատերազմում արվեստը տեղ չունի։ Պետք է պատերազմից հեռու լինել՝ արվեստի մասին խոսելու համար։ Մենք այժմ թշնամիներ ենք նրանց համար, ում հետ ընկերներ էինք։ Վատ առաջնորդների պատճառով մարդիկ կորցնում են միմյանց»։
Վրաստան տեղափոխվելը նրա կնոջ գաղափարն է եղել, և Իգնատը միանգամից համաձայնել է։
«Մեր երկրներն ընդհանուր անցյալ և պատմություն ունեն, այդ պատճառով էլ այստեղ ինձ համար բնական միջավայր է։ Բնությունը չքնաղ է, մարդիկ՝ ջերմ և բաց։ Եթե ձեզ քաղաքավարի եք պահում, վրացերեն եք բարևում և հարգանք եք ցուցաբերում նրանց նկատմամբ, նրանք չեն կարող ձեզ վատ վերաբերվել»։
Իգնատ Կաչանը պլանավորում է Վրաստանում մնալ երկու տարի և վավերագրական ֆիլմ նկարել։ Թե հետո ուր է գնալու, չգիտի։
«Կյանքը Վրաստանում շատ լավ փորձ է։ Շատ բան եմ սովորում վրացիներից, նախևառաջ, մարդկանց հետ շփման առումով։ Ուզում եմ անպայման գոնե մի նախագիծ անել այստեղ։ Մի մարդ կընտրեմ, որի մտքերին և զգացմունքերին կհետևեմ, հետո ֆիլմում կցուցադրեմ»։
Սպասվա՞ծ, թե անկոչ հյուրեր
Քննարկումներն այն մասին, թե ինչպես դիմավորել Ռուսաստանի քաղաքացիներին, արժե արդյոք նրանց թույլ տալ Վրաստան գալ, վրացական հասարակությունում ընթանում են պատերազմի առաջին օրվանից։
Facebook-ում հաճախ են գրում սլավոնական արտաքինով կամ ռուսալեզու անձանց նկատմամբ ագրեսիայի և բռնության դեպքերի մասին։
Մտավախություններ կային, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են խտրականության զոհ դառնալ։
«Պետությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ վերահսկելու, թե ով ինչ նպատակով է գալիս, և ով ինչ պատմություն ունի, այդ պատճառով էլ մարդիկ առաջնորդվում են միայն բարոյական գործոններով։ Այժմ մեզնից յուրաքանչյուրը պետք է իր համար որոշի՝ ինչպես գործել», — ասում է զբոսաշրջության փորձագետ Վաթո Ասատաշվիլին։
«Ռուսաստանցիների և բելառուսների հոսքի պատճառով խուճապի հիմքեր չկան։ Հայաստան ավելի շատ մարդ է եկել, քան մեզ մոտ։ Փետրվարի 24-ին և 25-ին օրական 25 չվերթ էր ժամանում Երևան, առաջին երկու շաբաթում գրանցվել է սահմանի 80 հազար հատում։ Իսկ Վրաստանում այս հոսքի գագաթնակետը մարտի սկզբին էր, այժմ այն աստիճանաբար նվազելու է։ Ապրիլին այդպիսի հոսք էլ չի լինելու», — ասում է նա։
Նրա խոսքով՝ ակնկալիքները, որ անշարժ գույքի շուկայում գները կրկնապատկվելու են, և Վրաստանն այդ ընթացքում տնտեսական մեծ շահույթ է ունենալու, չափազանցված էին։
«Նախ, բարոյական չէ շահույթի մասին մտածել մարդկանց հաշվին, որոնք ապաստան են փնտրում, կապ չունի՝ բարեկամական, թե թշնամական երկրից են։ Երկրորդ հերթին՝ դա կեղծ սպասելիք էր․ վարձակալների թիվն այնքան էլ մեծ չէր, և դա միայն պատրանք էր, որ Վրաստան է տեղափոխվում մեծ քանակությամբ ռուսական կապիտալ, և անշարժ գույքը վարձկալության է տրվելու կրկնակի և եռակի թանկ գնով»։
Սակայն այդպիսի դեպքեր իրոք եղել են։ Բելառուս լրագրողը, որի հետ խոսել է JAMnews-ը, և որը Լուկաշենկոյի ռեժիմից փախել է 2021 թ-ի ամռանը, բնակարան է վարձակալել Բաթումում 300 դոլարով։ Մարտի սկզբին բնակարանի տերը խնդրել է ազատել այն կամ հավելյալ 200 դոլար վճարել։
«500 դոլարը շատ մեծ գումար է, և մենք չկարողացանք վճարել։ Հատկապես որ, բնակարանն այդքան չարժեր։ Արդյուքում՝ ուրիշ բնակարան գտանք և տեղափոխվեցինք։ Ցավալի է գիտակցել, որ նույնիսկ Վրաստանում չեն հասկանում, թե ինչ է Լուկաշենկոյի ռեժիմի հալածյալ լինելը, և այդպես են քեզ հետ վարվում»։
Վաթո Ասատաշվիլիի խոսքով՝ Վրաստանի շատ քաղաքացիներ բնակարան են վարձակալել՝ կրկնակի գնով Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վերավարձակալության տալու համար։
«Արհեստական պահանջարկը բերել է գների կտրուկ աճի։ Սակայն շուկան դա կկարգավորի երկու-երեք շաբաթում։ Գները կընկնեն և կվերադառնան նույն ցուցանիշին։ Ընդհանուր առմամբ, երկու երկրներից երկարաժակետ ժամանողների թիվը չի գերազանցի 20 հազարը, ինչն այնքան էլ շատ չէ»։
Սակայն խնդիրն այդ մարդկանց գրանցման հարցն է։ Այսօր Վրաստան ժամանող և ուկրաինացի փախստականը, և ապաստան փնտրող ռուսաստանցին կամ բելառուսը, և ցանկացած երկրից գործուղաման եկած մարդը նույն կերպ սահմանին գրանցվում է որպես զբոսաշրջիկ։
Փորձագետների կարծիքով՝ պետությունը պետք է սկզբից համակարգ մշակի, որը փախստականներին և ապաստան փնտրողներին կտարանջատի զբոսաշրջիկներից։
«Հումանիտար իրավունքը պահանջում է, որ մենք օգնենք կարիքավորներին։ Ապաստան տրամադրել մեզ կոչ է անում ոչ միայն օրենքն, այլև մեր քաղաքակիրթ արժեքները, կրոնական և պարզապես մարդկային բարոյականությունը։ Սակայն մենք դա չպետք է կուրորեն անենք։ Թե ում եք օգնում, ում ՝ ոչ, պետք է պարզ, թափանցիկ և հասկանալի լինի յուրաքանչյուրին։ Կառավարությունը դա չի անում, այդ պատճառով էլ մեզ մոտ շատ հարցեր են առաջանում», — ասում է քաղաքագետ, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով Վրաստանի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։
«Երբ մարդը հատում է ձեր սահմանը, դուք լիովին իրավունք ունեք նրանց հարցնելու ժամանման նպատակի մասին և կենսագրական տվյալներ պահանջելու։ Պետությունը պետք է հոգ տաներ և ապաստան փնտրողների գրանցման համակագ մշակեր։ Այդ ժամանակ նրանց կստուգեին, թե ինչով են զբաղվում, ինչի վրա են գումար ծախսում, որքան երկար են մնում և այլն», — ասում է նա։
«Մի կողմից՝ մենք պետք է իմանանք, թե ովքեր են կարիքի մեջ, որպեսզի նրանց հաշվին չզարգացնենք մեր տնտեսությունը, այլ, ընդհակառակը, օգնենք նրանց։ Մյուս կողմից՝ մենք չպետք է մեզ թույլ տանք հարստանալ ռուսական փողերով։ Պետությունն ի սկզբանե պետք է նախապատրաստվեր և կարգավորումներ մտցներ, որոնց համաձայն՝ մենք կընտրեինք՝ ում թողնել երկիր այս լարված իրավիճակում, ում՝ ոչ», — կարծում է Վաթո Ասատաշվիլին։
Այն բանից հետո, երբ սկսվել է ռուսաստանցիների և բելառուսների ներգաղթը Վրաստան, տեղի շատ քաղաքացիներ ակտիվորեն պահանջել են վիզային ռեժիմ սահմանել՝ տհաճ իրավիճակներից խուսափելու համար։
Մինչ օրս պարզ չէ նաև, թե ինչու է Ռուսասանի և Բելառուսի ցանկացած քաղաքացի առանց որևէ խնդրի հատում Վրաստանի սահմանը, երբ ռուսական և ուկրաինական ընդդիմադիր մեդիայի ներկայացուցիչներին թույլ չէին տալիս սահմանը հատել։
«Վիզային ռեժիմ սահմանել կարելի է կատարյալ հանգիստ իրավիճակում։ Երբ մարդիկ փախչում են, դա անելը ծանր է։ Պատերազմի ժամանակ զանգվածային արտագաղթ է տեղի ունենում, և մարդիկ փախչում են դեպի ամենահեշտ սահմանը։ Այդ պատճառով էլ պետք էր կարգավորումներ մտցնել և գործընթացը թափանցիկ դարձնել։ Այժմ ամեն ինչ շատ մշուշոտ է», — ասում է Պաատա Զաքարեիշվիլին։
«Մեր դռները բաց են Ռուսաստանի և Բելառուսի ցանկացած քաղաքացու համար այն դեպքում, երբ պետությունը ոչ մի հատուկ չվերթ չի բացել ուկրաինացի փախստականներին Վրաստան բերելու համար», — ասում է Վաթո Ասատաշվիլին։
Փորձագետների կարծիքով՝ այսօրվա իրականությունը փորձություն է վրացական հասարակության համար։ Քանի որ Վրաստանի կառավարությունը կանոններ չի սահմանել, և երկիրը բաց է բոլորի համար, մարդիկ պետք է որոշեն՝ ում օգնել, ում՝ ոչ, ում հաշվին վարել իրենց բիզնեսն, իսկ ում մերժեն ծառայություններ մատուցել։
«Մենք չպետք է այդ մարդկանց ընկալենք որպես զբոսաշրջիկ և չպետք է նրանց հաշվին գումար վաստակենք։ Նրանք ապահովված մարդիկ չեն, որ եկել են հանգստանալու։ Այժմ Վրաստան է ժամանում հիմնականում երիտասարդությունը, որը ԵՄ վիզաներ չունի, կամ նրանք, ովքեր մեքենայով են կարողացել գալ, ովքեր մեծ խնայողություններ չունեն և արագ են որոշում կայացրել։ Բարձր եկամուտներ ունեցողները Եվրոպա են մեկնում, այլ ոչ թե Վրաստան», — ասում է Վաթո Ասատաշվիլին։
«Սակայն ապաստանի կարիք ունեցողներին զուգահեռ՝ շատ են նաև «ռուսաստանցի հայրենասերները», որոնք փախչել են անհարմարություններից, — ասում է Պաատա Զաքարեիշվիլին։ — Նրանք լիովին կարող են նյարդայնացնել, սակայն ոչ մի դեպքում չի կարելի նրանց նկատմամբ խտրականություն և ագրեսիվ պահվածք թույլ տալ։ Մենք կարող ենք նրանց առջև քաղաքավարի պայմաններ դնել հյուրանոցում կամ ռեստորանում․ թույլ չտալ միացնել Ռուսաստանի հիմնը կամ թույլ չտալ Ռուսաստանի դրոշը կախել։ Մենք պետք է հասկանանք, որ դրա իրավունքն ունենք»։
«Մեդիացանցի» աջակցությամբ»