Ո՞րտեղից է Գալի ապրանքը
Գալի շրջանի շուկան գրեթե այնպիսին է, ինչպես Սուխումում: Մեծ, աշխույժ, ֆակտուրային: Միակ բանը, որը թերևս տարբերվում է, գներն են. Գալում դրանք մի քիչ ցածր են: Եվ մարդիկ: Այստեղ նրանք ավելի հանդարտ են:
Մի քիչ պատմություն
Գալի շուկան հին պատմություն ունի: Ինչպես պատմում է դրա տնօրեն Դավիթ Բերաձեն, շուկան սկիզբ է առել փոքր առևտրային կետից, որը 1920թ-ին բացել է տեղացի մանր վաճառական Չոնչոր Մարգանիան (Մաան):
Նրա խանութն այն հատվածում էր գտնվում, որտեղ այժմ շրջանի Մշակույթի տունն է:
Մարգանիան հիմնականում եգիպտացորեն, ձավարեղեն, ձեռագործ գդալներ, երկաթե մեխեր և թուջե կաթսաներ էր վաճառում:
Շուտով նրա օրինակին հետևեցին նաև մնացածը: Աստիճանաբար սկսեցին նոր վաճառակետեր հայտնվել, շուկան սկսեց ընդլայնվել:
1925թ-ից հետո Գալում Առևտրի ոլորտի աշխատակիցների միություն հիմնվեց, որը գլխավորեց տեղի բնակիչ Երիմե Միլորավան: Հենց այդ ժամանակ Գալը քաղաքի և շրջկենտրոնի կարգավիճակ ստացավ, սկսվեց Մշակույթի տան շինարարությունը: Այդ պատճառով էլ 1930թ-ին որոշում կայացվեց տեղափոխել քաղաքի շուկան այդ նոր վայր:
Նոր շուկան ավելի մեծ էր, լավ պլանավորված և «Գալի շրջանի կենտրոնական շուկա» անվանումը ստացավ: Այդպես այդ ժամանակվանից էլ այն նշված վայրում է գտնվում:
Գալի ռեկետն ու Էյնշտեյնը
Ալյուրի ամբար: Կողքը տղամարդիկ են կանգնած և ինչ-որ բանի մասին աշխուժորեն զրուցում են: Նրանցից մեկն, ինձ տեսնելով, սկսում է ձեռքով անել՝ գրավելով ուշադրությունս:
— Լուսանկարիր մեզ, — դիմում է նա ինձ: — Մենք գալի ալյուրի ռեկետն ենք, ես աբխազ եմ, իսկ նա մեգրել է:
Ֆոտոխցիկի առջև դիրք ընդունելով՝ նրանք սկսում են հարցերի տարափ տեղալ՝ զուգահեռ գնորդների փնտրելով:
Նրանց բիզնեսն ալյուրի հետ է կապված: Պատմում են, որ նախկինում ապրանքի համար մեկնում էին Զուգդիդի, սակայն վերջին ժամանակներս դա շահեկան չէ, քանի որ դոլարն ու լարին աճել են: Այդ պատճառով էլ ալյուրն այժմ բերում են Ռուսաստանից:
Նախկինում 100 ռուբլու դիմաց 5 լարի էին տալիս, այժմ՝ երեքուկես, — ասում է նա, ով աբխազ ներկայացավ: — Պատվերը կբերեն հենց այստեղ: Իսկ Վրաստան դեռ հասնել է պետք, տրանսպորտ պատվիրել, ավելորդ գլխացավանք ու ծախս է:
— Իսկ դու տեսե՞լ ես մեր Էյնշտեյնին, — ընդհատում է նա, ով «մեգրել» է:
Ամբարից ալեհեր մի մարդ է դուրս գալիս: Նա իրոք նման է մեծ ֆիզիկոսին: Սայլակն է հրում, որում երկու պարկ ալյուր կա:
— Այո, սա մեր Գալի Էյնշտեյնն է, — ժպտում է վաճառողն ու շարունակում: — Զուգդիդին գալերի հաշվին է ապրում: Այն ամենն, ինչ այնտեղ վաճառում են, մենք ենք գնում: Սակայն եթե այսպես էլ շարունակվի, ստիպված կլինենք ապրանքը Ռուսաստանից ներկրել:
Շուկան, հնդկահավերն ու «գալսկվիչները»
Գալի շուկայական կյանքը շաբաթը երեք օր է՝ չորեքշաբթի, շաբաթ և կիրակի: Աշխատանքային օրն սկսվում է առավոտյան ժամը վեցից, ավարտվում՝ ցերեկը ժամը 3-ին, իսկ երբեմն էլ ավելի շուտ, քանի որ որոշակի մթերք, օրինակ միսը, մեկ-մեկուկես ժամից ամբողջովին վաճառվում է:
Տեղացիներից մեկը պատմեց, որ մի անգամ մսի խանութ է եկել Առավոտյան 7:20, և հազիվ է հասցրել մի երկու կիլոգրամ խոզի լավ միս գնել:
Մնացած մթերքի դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է, սակայն իմացողներն ամեն դեպքում վաղ են գալիս շուկա:
Հետաքրքիր է, Գալի շուկայում այնքան էլ աղմկոտ չէ, ինչպես մայրաքաղաքի շուկայում: Պատճառներից մեկն այն է, որ խանութներում խլացնող երաժշտություն չի հնչում: Ինչպես նաև առևտրականները սովորություն չունեն իրենց ապրանքի հանդեպ ուշադրություն գրավել բարձր բացականչություններով: Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ աշխատողներն են սայլակներով այնպես տեղաշարժվում, որ շրջապատի մարդկանց քիչ անհանգստացնեն:
Գալի շուկան նաև ավելի մաքուր է, չնայած, որ այստեղ ավելի շատ մարդ կա, քան Սուխումում: Սակայն տեղացիները զգուշությամբ ու անվստահությամբ են վերաբերվում իրենց համար նոր մարդկանց: Եթե ընդհանուր զանգվածից տարբերվում ես, կարող են մոտենալ ու հարցնել, թե ով եք, որտեղից և ինչ եք այդտեղ անում:
Տեղացիներից մեկը պատմեց, որ բառացիորեն 15 տարի առաջ, եթե շուկայի մոտ հանկարծ անհայտ մեքենա էր կանգնում, մարդիկ ընդհանրապես տարբեր կողմեր էին ցրվում: Վախենում էին, որ կկրակեն: Այժմ ամեն ինչ այլ է, ոչ ոք չի վախենում: Սակայն նոր դեմքերն այնուամենայնիվ ուշադրություն են գրավում:
Գալի վաճառողների խոսքով, այստեղ գնորդներ են գալիս ողջ Աբխազիայից՝ Պսոուից մինչև Ինգուր: Հիմնականում գալիս են հավ, հնդկահավ, խոճկոր, այծ ու ոչխար գնելու:
Հարսանիքին, ծննդյան օրերին, ցանկացած տոնին մարդիկ գնում են Գալ: Այստեղ ապրանքն ավելի էժան է: Օրինակ, հնդկահավն արժե 1500 ռուբլի [մոտ 25 դոլար]: Եվ եթե փոքր հնդկահավի ճուտ գնես պահել-մեծացնելու համար՝ 450 ռուբլի [մոտ 7 դոլար]:
Խոճկորներին այստեղ «գալսկվիչ» են անվանում և վաճառում 2-3 հազար ռուբլով [մոտ $35]՝ կախված քաշից: Այդ ամենը տեղական ապրանք է: Իսկ ահա գառներն այստեղ Վրաստանից են բերում, դրանք արժեն 6-8 հազար ռուբլի [մոտ $10].
Ամերիկյան ռազմական համազգեստն ու Զուգդիդիի գառը
Շուկայով անցնելիս հասկանում ես, որ աշխարհագրական բաղադրիչն այստեղ բավականին լայն է:
Օրինակ.
· Ամերիկյան ու գերմանական ռազմական համազգեստը Բաթումիից է;
· Ձմերուկն ու սեխը՝ Պրիմորսկից;
· Համեմունքն ու աջիկան՝ Սվանեթիից;
· Վարունգն ու լոլիկը՝ Օչամչիրիից:
Ընդհանրապես Գալ ապրանք են բերում Զուգդիդիից, Քութայիսիից և Բաթումիից:
Գնային սանդղակը երբեմն անհավանական է: Ձմեռային որսորդական կոստյումն այստեղ կարելի է 2500 ռուբլով գնել [մոտ $40], Սոչիում, օրինակ, այն շատ ավելի թանկ կլինի՝ 10 հազար ռուբլուց ոչ պակաս:
Սակայն Գալի շուկայում ոչ բոլոր ապրանքն է ցածր գնով վաճառվում: Դրանցից որոշները կարող են մրցակցել մայրաքաղաքի շուկայի ապրանքի հետ: