Շտապօգնություն մոպեդներով․ խնդրի լուծո՞ւմ, թե՞ խճճում
Շտապօգնություն մոպեդներով
Երևանի քաղաքային իշխանությունը դիտարկում է մոպեդներով քաղաքացիներին շտապ բժշկական օգնության ծառայություն մատուցելու հնարավորությունը։ Մեկ շաբաթ է, ինչ այս առաջարկը քննարկվում է հանրության և փորձագետների շրջանում։ Հարց էր առաջացել, թե ինչպես է հնարավոր, օրինակ՝ մոպեդով վատառողջ քաղաքացի տեղափոխել։
Նախաձեռնության հեղինակները, սակայն, բացատրում են՝ մոպեդներով միայն առաջին բուժօգնություն է իրականացվելու, այսինքն՝ խոսքն այն դեպքերի մասին է, որոնք հիվանդանոցային բուժում և տեղափոխություն չեն ենթադրում։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, մեկնաբանություններ
Շտապ օգնության եղած շարժակազմը բավական չէ
Այն մասին, որ նախատեսվում է առաջիկայում շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով, նախորդ շաբաթ հաղորդել էր քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։ Ամենշաբաթյա գործակարգավարական նիստի ընթացքում նա նշել էր, որ պետք է իրականացնեն մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ գտնեն համապատասխան կրթություն ունեցող մասնագետներ, որոնք կկարողանան նաև մոպեդ վարել։
Անդրադառնալով շտապօգնության չափորոշիչներին՝ նա նկատել էր՝ առողջապահության նախարարի հրամանով է սահմանված, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում․
«Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, այս պահին աշխատում ենք 43 շարժակազմով»։
Դավիթ Կարապետյանը տեղեկացրել էր նաև, որ արդեն իսկ դիմել են կառույցին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով:
«Արմենպրեսի» հետ զրույցում այսօր նա նշել է, որ բնակչությանն արագ և օպերատիվ կերպով սպասարկելու տեսանկյունից մոպեդների ներդրումը լավ ծրագիր է համարում․
«Հարցին, թե մոպեդով ո՞նց են մարդ տեղափոխելու, պատասխանեմ, որ ոչ ոքի մոպեդով չեն տեղափոխելու։ Այն ընդամենը հիվանդանոցային բուժում չպահանջող դեպքերի համար է»։
Գրանցված կանչերի մոտ 20 տոկոսը, նրա փոխանցմամբ՝ կազմում են ջերմության գանգատով բուժառուները։ Կարծում է՝ այս պարագայում, եթե անձը քրոնիկ հիվանդություններ չունի, բուժակը կարող է մոպեդով հասնել տեղ, չափել ջերմությունը, խորհրդակցել բժշկի հետ, ջերմիջեցնող տալ կամ ներարկել։
Կարապետյանն ասում է՝ ուսումնասիրել են մի շարք երկրների՝ Իսրայելի, Նորվեգիայի, Իտալիայի և Վրաստանի փորձը։ Դիտարկում են իտալական ընկերություններից մեկի հետ համագործակցության հնարավորությունը։ Այն մոպեդներ է մատակարարել նաև երկրի պարեկային ոստիկանության համար։ Դրանք, ըստ նրա, որակյալ են, բացի այդ՝ այս դեպքում նաև բժշկական հագեցվածություն են ունենալու։
Պաշտոնյան տեղեկացրել է, որ ներկա պահին շարունակում են իրականացնել առողջապահական չափորոշիչների ուսումնասիրություններ, քննարկում են հարցը մասնագետների հետ։
Մեկնաբանություններ
«Հայ բժշկագիրների ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Դավիթ Աբրահամյանը քաղաքապետարանին հորդորել է «նման բան չանել»։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ «մոպեդներն ու մոտոցիկլներն իրենք տեղով վթարի բուն են»՝ ներկայացնելով նաև վիճակագրական տվյալներ, մասնավորապես՝
- Ավստրալիայում մոպեդավարները 4 անգամ ավեի հաճախ են վթարվել, քան մոտոցիկլավարները (2013թ.);
- Գերմանիայում մոպեդավարները 24 անգամ ավելի հաճախ են վթարվել, քան հեծանվավարները (2007);
- Շվեդիայում մոպեդավարները ամեն 1 կմ հաշվով 20 անգամ ավելի հաճախ են վթարվել, քան ավտոմեքենաների ուղևորները (2003):
«Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե շտապ օգնությունը (ՇՕ) լինի մոպեդով… Ամեն մոպեդին էլ պիտի մի ՇՕ մեքենա կցվի, որպեսզի այդ վթարված մոպեդավարին ՇՕ ցուցաբերի»,- գրել է Դավիթ Աբրահամյանը։
«Առողջության իրավունք» ՀԿ–ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանն ասում է՝ առաջին հայացքից նախաձեռնությունը «անսովոր է և մի քիչ էլ հումորային», բայց նման պրակտիկա կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ Իսրայելում, Եգիպտոսում։ Նպատակը արագ և էժան դեպքի վայր հասնելն է, ինչից հետո «անհրաժեշտության դեպքում մոտենում է շտապօգնության բրիգադը»։
«Այս մոպեդները կոչվում են ամբուցիկլներ, օգտագործվում են պարամեդիկների կողմից, շատ երկրներում այդ մարդիկ կամավորներ են»,- տեղեկացրել է նա։
Անդրադառնալով Հայաստանին՝ Վարդանյանը նկատել է՝ պետք է հաշվի առնել առկա ռեսուրսները, օրինակ՝ այն, որ երկրում պարամեդիկների ինստիտուտ գոյություն չունի․
«Մեր շտապօգնության առաջնային խնդիրը ոչ թե խցանումներն են, դժվարանցելի ճանապարհները, այլ սանիտարական ավտոմեքենաների պակասը։ Առաջարկը չի կարգավորելու այս խնդիրը, այլ ավելի խճճելու է՝ խառնելով բժշկական, նախաբժշկական օգնությունները»։
Մյուս կողմից՝ որպես նոր գաղափար Վարդանյանը առաջարկն ընդունելի է համարում և ասում, որ կարելի է նման մոպեդներ ձեռք բերել պոլիկլինիկաների բժիշկների համար և օգնել նրանց տնայցեր կատարելու հարցում։ Նման փոփոխությունն, ըստ նրա, կթեթևացնի նաև շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Շտապօգնություն մոպեդներով