Շահարկելով հոմոֆոբիան
Հանրաքվե
Վերջերս Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է մի նախաձեռնող խմբի հայտը, որն առաջարկել է երկրում միասեռ ամուսնությունների հնարավոր օրինականացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Հարցը, որը պետք է տրվի Վրաստանի քաղաքացիներին, սենսացիոն բնույթ է կրում. «Ցանկանո՞ւմ եք, թե ոչ, որպեսզի Վրաստանում թույլատրվի ամուսնությունը նույն սեռի ներկայացուցիչների միջև»:
Սակայն ԿԸՀ-ում գրանցված լինելը ոչինչ չի նշանակում, հանրաքվեի կայացման համար ակտիվիստները պետք է երկու հազարից ավել ստորագրություն հավաքեն և ներկայացնեն հանձնաժողով: Վերջինս ձայները հաշվելուց հետո փաստաթուղթը կփոխանցի երկրի նախագահին, ով էլ կորոշի՝ կկայանա հանրաքվեն, թե ոչ:
Եվ բոլորի համար ակնհայտ է, որ այդքան ստորագրություն չի հավաքվի:
Միասեռականների՝ ամուսնանալու իրավունքն ընդունելու պահանջը Սահմանադրական դատարան մտցրեց Վրաստանի քաղաքացի Գեորգի Թաթիշվիլին, ով իրեն ԼԳԲՏ իրավունքների պաշտպան է հռչակել: Հենց այդ դեպքից հետո ստեղծվեց նախաձեռնող խումբ և պահանջեց հանրաքվե անցկացնել: Ինչպես նշում է հանրաքվեի նախաձեռնողներից մեկը՝ Զուրաբ Թոլորայան, դրա նպատակն այս հարցը մեկընդմիշտ փակելն է:
«Մենք ուզում ենք վերջ դնել այս թեմայի շուրջ խոսակցություններին: Մենք ասում ենք, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է: Այդ դեպքում հասարակությունն ինքը պետք է որոշի, որքանով է իր համար ընդունելի հարաբերությունների նման ձևը», — բացատրում է Թոլորայան լրագրողներին:
Սակայն ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներն ու նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները խոսում են շահարկումների մասին: «Նա խաբեբա է, որը կապի մեջ է ռուսական հատուկ ծառայությունների հետ», — այսպես Թաթիշվիլիին բնութագրեց իրավապաշտպան Բայա Պատարայան:
«Ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի Վրաստանի բնակչությունը «ճիշտ» ընտրություն անի «անբարո Արևմուտքի» և նույնակրոն Ռուսաստանի միջև», — կարծում է Պատարայան:
Փոփոխություններ Սահմանադրությունում
Այս արշավը համընկավ կառավարության նախաձեռնության հետ, որը ենթադրում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, ինչը կառնչվի նաև ԼԳԲՏ համայնքին: Առաջարկվում է ավելացնել կետ որտեղ նշված կլինի, թե ով իրավունք ունի ամուսնանալ:
«Ամուսնության պես կարևոր արժեքի պահպանությունը պետք է երաշխավորված լինի երկրի Սահմանադրության մակարդակով», — հայտարարել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի Սահմանադրության 36 հոդվածի առաջին կետն առաջարկվում է հետևյալ կերպ ձեակերպել. «Ամուսնությունը կնոջ և տղամարդու կամավոր միությունն է ընտանիք կազմելու նպատակով»: Այսօր գործող տարբերակում այս պարագրաֆում չէր ենթադրվում ապագա ամուսինների սեռի մատնանշում, ինչն, ըստ բարեփոխման հեղինակների, հոդվածի կամայական մեկնաբանման հնարավորություն է տալիս:
Չնայած, երկրի Քաղաքացիական օրենսգիրքը հստակեցնում է, որ «ամուսնությունը կնոջ և տղամարդու միություն է» և արգելում է նույն սեռի մարդկանց միջև ամուսնությունը:
Սեքս և ընտրություններ
Քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեի կարծիքով, ԼԳԲՏ մասին վերջին խոսակցությունները ամենաանմիջական ձևով կապված են նախընտրական արշավի հետ:
«Հասարակությունում տարածվում են տարբեր ֆոբիաներ Եվրոպայի հանդեպ: Օրինակ, եթե իշխանությունները շատ փափուկ լինեն, Եվրոպան կարող է սահմանափակել մեր շուկան, և մեր ապրանքն ամբողջությամբ կանհետանա այնտեղից: Հասարակությունում վախ կա նաև, որ Եվրոպան կսահմանափակի ուղղափառ եկեղեցու ազդեցությունը: Այդ վախերի ցուցակում է նաև միասեռ ամուսնությունների օրինականացումը: Այս բոլոր ֆոբիաները ոչ այլ ինչ են, քան պրոպագանդայի արդյունք», — կարծում է Սակվարելիձեն:
Վրաստանում իրոք մեծ թափով պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, որոնք կայանալու են հոկտեմբերին: Իշխող կուսակցությունը պառակտման եզրին է, և «սեռական» հարցը կարող է դառնալ եթե ոչ միավորվելու միակ փորձը, ապա գոնե այն սակավաթիվ հարցերից, որի շուրջ կոալիցիայում կոնսենսուս կա: Ավանդական արժեքների պահպանման հարցը նախկինի պես տարածված է ընտրազանգվածի շրջանում:
Քաղաքականություն և խտրականություն
Ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց աշխատանքը կապված է ԼԳԲՏ հարցերի հետ, արդեն մի քանի հայտարարություն են տարածել, նրանք կոչ են անում դադարեցնել այս թեմայի շահարկումները: «Սահմանադրության նման բարեփոխումը հակասում է ազատության և հավասարության գաղափարներին և բերում է ԼԳԲՏ ավելի շատ մարգինալացմանն ու խտրականությանը», — ասված է վերջերս արված հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են այդ ոլորտի հեղինակավոր կազմակերպություններ «Իդենտոբան», «ԼԳԲՏ-Վրաստանը» և այլք:
Նրանք հղում են անում վիճակագրությանը, որի համաձայն, եվրոպական երկրների մեծ մասը լիբերալ է միասեռ ամուսնությունների հանդեպ: Փոքր մասը՝ որոշակի սահմանափակումներ է մտցնում: Եվրոպայում այդպիսի 14 պետություն կա՝ Ադրբեջանը, Ուկրաինան, Հայաստանը, իսկ Վրաստանը հավանաբար կլրացնի այդ ցուցակը մոտ ապագայում:
Վրաստանում այնքան էլ հեշտ չէ ենթադրել, քանի հոգի է իրեն ԼԳԲՏ համարում: Նույնիսկ իրավապաշտպանները մոտավոր վիճակագրություն ունեն: Գլախվոր պատճառն այն է, որ ԼԳԲՏ հասարակության մեծ մասը անվտանգության նկատառումներով թաքցնում է իր կողմորոշումը:
Կանանց նախաձեռնությունների աջակցության խմբի հետազոտության համաձայն, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները չեն վստահում ոստիկանությանը, հետևաբար չեն դիմում օգնության խնդրանքով, երբ անհրաժեշտություն է առաջանում: Նույնիսկ ծեծի պարագայում ոստիկանություն է դիմել տուժածների 30%-ը:
Ի՞նչ է նշանակում Վրաստանում ԼԳՏԲ հանդեպ խտրականություն
«Հարցվածների մեկ երրորդն ընդունում է, որ գոնե մեկ անգամ իր հանդեպ կիրառվել է ֆիզիկական բռնութուն, և դա ուղղակիորեն կապված է եղել սեռական կողմնորոշման հետ», — ասված է հետազոտությունում:
Փաստաթղթում բերված է նաև այն մարդկանց տոկոսն, ովքեր հաճախ են բախվում հոգեբանական ճնշման հետ, որը նույնպես կապված է «սխալ» կողմնորոշման հետ՝ 83%:
ԼԳԲՏ դեմ ամենաագրեսիվ վարքի արտահայտումը 2013թ.-ին տեղի ունեցած ծեծկռտուքն է, երբ հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը կազմակերպված փոքրաթիվ ակցիային Թբիլիսիում պատասխանեցին եկեղեցու կողմից կազմակերպված հակաակցիայով:
Դրա մասնակիցները թբիլիսյան եկեղեցիների հավատացյալներն էին՝ եկեղեցականների գլխավորությամբ: Այդ ելույթները վերածվեցին աննախադեպ դաժանության. ենթադրյալ միասեռկանների հետևից էին ընկել ոչ միայն հավատացյալներն, այլ նաև եկեղեցականները, շատերը քարեր էին նետում, օգտագործում մետաղական ճիպոտներ և այլ առարկաներ:
2013թ. մայիսի 17-ի ակցիայի յուրօրինակ խորհրդանիշ դարձավ աթոռը, որը զենք էր դարձել հոգևորականի ձեռքում: Տուժածների թիվը հասնում էր 17-ի, ոստիկանությունը ձերբակալեց միայն մի քանի մասնակցի և նրանք բոլորն ազատվեցին՝ տուգանք վճարելով:
Հրապարակվել է