Նրանք մտադիր են մահանալ
Ավտովթարների քանակը ճանապարհներին Աբխազիայի գլխավոր խնդիրներից մեկն է դառնում: 2016թ-ի 10 ամիսների ընթացքում 66 մարդ է զոհվել, և սա աղետալի թիվ է փոքր հանրապետության համար:
Սոցցանցերում դրանց կատաստրոֆիկ աճի երկու պատճառ է նշվում. պաշտոնյաների և նրանց երեխաների լկտի պահվածքը ճանապարհներին; մտածողությունը. ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելն Աբխազիայի վարորդների համար հպարտանալու առիթ է:
Նախորդ ամսվա վիճակագրությունը.
- կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, Սուխումի կենտրոնում երիտասարդ տղա, աղջիկ և 7-ամսական երեխա մահացան, ևս մեկ կին ծանր վիճակում հիվանդանոցում է երկու մեքենաների բախման հետևանքով, քաղաքի նյուս հատվածում էլ մեքենայի վարորդը հարվածել էր սյանը:
- Հաջորդ օրը՝ երկուշաբթի, 3 դժբախտ դեպք տեղի ունեցավ՝ Մյուսերի առողջարանի ճանապարհին, Սուխումի Էշբա փողոցում և Ինգուր-Պսոու ճանապարհին՝ Կընդըգ գյուղի մոտ: Մահացավ մեկ մարդ, մի քանի հոգի վնասվածք ստացավ:
- Հաջորդ 4 օրվա ընթացքում Աբխազիայում ևս 5 ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունեցավ:
«Հեշտությամբ կարելի է արձանագրել, որ առկա է համապարփակ համակարգային ճգնաժամ… զոհերի քանակը լիովին համեմատելի է ռազմական ամփոփագրերի հետ: …Կարծում եմ, մենք մոտեցել ենք այն սահմանին, երբ պետք է ընտրություն կատարենք. կամ ապրում ենք որպես պետություն, կամ արձանագրում, որ հասարակական բարքերի միջնադարյան ձևին ենք հարում: Որտեղ ճանապարհներին մարդ սպանելու իրավունքի ինդուլգենցիա է հնարավոր, կադրերի տոհմացեղական ընտրություն, կաշառակերություն, ֆեոդալական մասնատում և երկպառակչական պատերազմներ», — Ֆեյսբուքում գրել է լրագրող Իբրահիմ Չկադուան:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան արտահերթ խորհրդակցություն հրավիրեց հաճախակի դարձած ավտովթարների հետ կապված, որին հատարարեց, որ «բոլոր պաշտոնյաների և ղեկավարների հանդեպ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, խիստ միջոցներ են ձեռնարկվելու նրանց կամ նրանց երեխաների կողմից ճանապարհային կանոնների խախտման դեպքում»:
Մասնավորապես, նա նշեց, որ եթե անգամ ավտովթարի մեղավորը պաշտոնյայի որդին լինի, տվյալ ղեկավարը կկորցնի իր աշխատանքը:
Հաջիմբան խոստացավ, որ յուրաքանչյուր դեպքի առթիվ բաց քննություն է անցկացվելու, և բոլոր խախտումներ արածների անունները հրապարակվելու են լրատվամիջոցներում:
«Ոչ մի ներում չի լինելու», — զգուշացրեց նախագահը:
Աբխազիայում մի քանի ամիս առաջ սկսել են թեստավորել ճանապարհային խախտումների գրանցման համակարգը տեսախցիկների միջոցով, և իշխանությունները խոստանում են, որ 2017թ-ին այդ համակարգն ամբողջությամբ կգործարկվի:
Հասարակական շարժում նույնիսկ ձևավորվեց, որի ակտիվիստները փրձում են ակցիաների միջոցով ազդել տեղի վարորդների մտածելակերպի վրա: Նրանք հետևյալ կոչերով կպչուն պիտակներ են պատրաստել՝ «Մի՛ սպանիր: Ինքդ էլ ապրի՛ր», «Իջեցրո՛ւ արագությունը» և բաժանել վարորդներին:
Լրագրող Անտոն Կրիվենյուկը, սակայն, կարծում է, որ ոստիկանության նյութերը, որոնք հրապարակվել են ԶԼՄ-ներում, ակտիվիզմն ու սոցիալական գովազդն անօգուտ են: Նրա կարծիքով, խնդիրն այն է, որ վրաերթերի մեծ մասի մեղավորները 1990-ականների ծնունդ են:
«Քննության նյութերից երևում է, որ Ճանապարհային մարդասպանների և ինքնասպանների երեք քառորդը 1992-1995թ-ի ծնվածներն են: Մենք ունենք մի սերունդ, որը կորցրել ենք: Այդ ժամանակահատվածում ծնված երեխաների զգալի մասը հասարակության կյանքից մշակույթի հեռացման և անկման զոհ է: Նրանք ոչնչի կրող են: Նրանք ունակ են միայն բաժակաճառերի բառապաշար ձևավորելու: Այդ մարդիկ զուրկ են կրթությունից, հաճախ նույնիսկ՝ դաստիարակությունից: Նրանք կարդալ չգիտեն, նորմալ ոչ մի լեզվի չեն տիրապետում, և մեզ հետ մեկ սոցիալական տարածքում չեն ապրում: Նրանք ընդհանրապես չեն ապրում: Նրանք պատրաստվում են մահանալ: Թե ինչպես դա կանի նրանցից յուրաքանչյուրը, մեզ հայտնի չէ», — ասում է Կրիվենյուկը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
Հրապարակվել է 2.11.2016