Նոր խնդիրներ «Վերին Լարս» անցակետում․ հայկական բիզնեսի կորուստները
Իրավիճակը Վերին Լարս անցակետում
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է Վերին Լարս կոչվող բնակավայրով, կրկին խնդիրներ է առաջացրել Հայաստանի արտահանողների ու ներմուծողների համար։ Բայց այժմ՝ ոչ եղանակային պայմանների պատճառով։ Հոկտեմբերից բեռնատարները տասնյակ օրերով հերթերում են մնում սահմանային ռեժիմի խստացման, հավելյալ մանրակրկիտ ստուգումների պատճառով, որոնք իրականացվում են ռուսական անցակետում։ Դրանք պայմանավորված են, ըստ պաշտոնական վարկածի, Ղրիմի կամրջի պայթյունից հետո ներդրված խստացումներով։
Բոլոր մանրամասները տիրող իրավիճակի մասին, նաև առաջարկներ փորձագետների կողմից՝ հնարավոր լուծումներ գտնելու համար։
- «Ռիկոշետ» Հայաստանի վրա․ ինչպե՞ս կտուժի տնտեսությունը Ուկրաինայի պատերազմի հետևանքով
- «Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ
Միակ և խնդրահարույց ցամաքային ճանապարհը
Լարսը, լինելով կենսական կարևորության ճանապարհ Հայաստանի համար, միևնույն ժամանակ միշտ եղել է խնդրահարույց՝ հատկապես ձմռան ու գարնան ամիսներին: Անբարենպաստ եղանակների և սողանքների դեպքում ճանապարհը օրերով, շաբաթներով փակվում է:
ՎերինԼարս անցակետինախագծայինթողունակությունըկազմելէօրական 170 բեռնատարև 200 մարդատարավտոմեքենա՝երկուուղղություններով։Այժմայդթիվնաճելէմիքանիանգամ՝ 650 բեռնատարև 1700 մարդատարմեքենա՝երկուուղղություններով։ Սակայն ամռանը նույնիսկ այս պարագայում կուտակումներից խուսափել չի լինում։ Հայաստանի փոխադրողներըտարեկանառնվազն 10 հազարանգամանցնումենՎերինԼարսիանցակետովերկուուղղությամբ։
Իսկ այս տարի Լարսի հետ կապված խնդիրների բազմազանությունն ու սրություն աննախադեպ էր:
Նախ հսկայածավալ հերթեր առաջացան այստեղ փետրվարից, երբ բազմաթիվ ռուսաստանցիներ որոշեցին տեղափոխվել Վրաստան և Հայաստան ուկրաինական պատերազմի հետևանքով, իսկ գարնանը՝ արդեն ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ Լարսը դարձել էր միջանցիկ ճանապարհ՝ եվրոպական ապրանքներ Ռուսաստան տեղափոխելու համար:
Դրան հաջորդեց սեպտեմբերի վերջից սկսված ռուսական երկրորդ՝ Հայասատան և Վրաստան մեծ ներհոսքը՝ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի հետևանքով:
Վերջին խնդրահարույց սրացումը Լարսում սկսվեց հոկտեմբերին, երբ հայկական բեռնատարները սկսեցին ենթարկվել մանրակրկիտ զննության՝ ռուսական անցակետում:
ՌԴ կողմից խստացված ստուգումները հայաստանյան պետական կառույցները պայմանավորեցին հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա մեքենայի պայթեցման դեպքի հետ։ Ռուսաստանից հայտարարեցին, որ մեքենայի երթուղին անցել է Հայաստանի ու Վրաստանի սահմանով:
Արդյունքում, մեկ ամսից ավել է՝ հայ բեռնափոխադրողներն անընդմեջ բարձրաձայնում են օրեր շարունակ հերթերում սպասելու, դրա հետևանքով՝ ֆինանսական մեծ կորուստների մասին։
Հայաստանյան խոշոր բեռնափոխադրող ընկերություններից մեկը՝ «Սպայկա»-ն, մի քանի տեսահաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստանից ՌԴ գյուղմթերքի արտահանումը վտանգված է։ Ահա դրանցից մեկը․
«ՀՀ –ից դեպի ՌԴ արտահանվող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները ավելի քան 17 օր շարունակում են կանգնած մնալ Լարսի անցակետի վրացական կողմում 10-նյակ կիլոմետրանոց հերթի մեջ։ Արտահանող ընկերությունները շարունակում են կրել մեծ վնասներ»։
Ապա տարածցվեց տեսանյութ, թե ինչ վիճակում է հասնում մթերքը Ռուսաստան «25 օրից ավել Վրաստանում 10-նյակ կիլոմետրանոց հերթերում կանգնեցված լինելու պատճառով»․
«Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը բացատրում է.
«Ամեն օր ընկերությունը շարունակում է մեծ ֆինանսական կորուստներ կրել։ Պատվերների ուշանալու պատճառով շատ պատվիրատուներ չեն ընդունում ապրանքը, փորձում ենք այլ ուղղությամբ իրացնել, ավելի էժան վաճառել: Գյուղմթերքի դեպքում հաճախ ստիպված ենք լինում նաև թափել փչացած ապրանքը։ Արդեն 1 400 տոննայից ավելի գյուղմթերք են թափել:
Բացի դրանից, մեքենան կանգնած վիճակում սառնարանի աշխատանքի ապահովման համար օրական ծախսում է 70 լիտր դիզվառելիք: 15 օր կանգնելու դեպքում կծախսի մոտ հազար լիտր դիզվառելիք: Վառելիքի 1 լիտրի շուկայական արժեքը 600 դրամ է: Ստացվում է՝ միայն սառնարանի աշխատանքն ապահովելու համար 15 օրում մեկ մեքենայի հաշվարկով ընկերությունը կրում է շուրջ 600 հազար դրամի վնաս: Եթե այն բազմապատկենք սահմանին սպասող 100 մեքենաների թվով, ապա պարզ կլինի կորուստների չափը»:
Սրան էլ, ասում է՝ գումարվում են վարորդների օրապահիկի, մթերքի փչանալու, պայմանավորվածությունների չեղարկման, ուղղություններ փոխելու հետևանքով առաջացող հավելյալ ծախսերը:
Կառավարությունը փորձում է աջակցել հայ բեռնափոխադրողներին՝ բանակցելով ռուսական կողմի հետ։ Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ իրավիճակը Լարսում որոշակիորեն բարելավվել է: Բեռնափոխադրողներն ու փորձագետերը, սակայն, Լարսում անընդհատ ծագող խնդիրների կարճաժամկետ լուծումները համարում են «առաջացած հրդեհների տեղային մարում», որը չի կարող ունենալ երկարաժամկետ դրական ազդեցություն:
«Այն, որ մեր արտահանման միակ ուղին դիտարկվում է Վերին Լարսը, արդեն իսկ խնդրահարույց է: Մենք թողել ենք արտահանումը մեկ ուղու վրա, որն ունի մի շարք խնդիրներ՝ և բնակլիմայական, և աշխարհաքաղաքական: Միևնույն ժամանակ այն գտնվում է մեր կառավարումից դուրս, քանի որ սահմանը Վրաստանի ու Ռուսաստանի միջև է»,- նշում է բիզնես ոլորտի փորձագետ, Export Armenia ասոցիացիայի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը։
Ինչպե՞ս մեղմել իրավիճակը Լարսում. փորձագետների առաջարկները
Բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ խնդրի լուծումներից մեկը կարող է լինել այն, որ որպես ԵԱՏՄ ամդամ՝ Հայաստանն ունենա որոշակի արտոնյալ պայմաններ․
«Մենք մի ԵԱՏՄ երկրից ապրանքը տանում ենք ԵԱՏՄ մեկ այլ երկիր՝ ՌԴ, այսինքն՝ գտնվում ենք նույն մաքսային դաշտում: Եթե, օրինակ, թուրքական, վրացական, իրանական ապրանքների դեպքում երկու տարբեր մաքսային գոտիների համագործակցություն է, հայկական ու ռուսական ապրանքաշրջանառությունը երկու ԵԱՏՄ երկրների միջև է։ Որպես այլընտրանք կարող ենք առաջարկել հայկական կողմում մեքենաների ստուգման որոշակի գործընթաց անցնելու հնարավորության ընձեռել, որն ընդունելի կլինի նաև ռուսական կողմի համար»։
Բեռնափոխադրման ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանի կարծիքով՝ խնդիրը կարող է մեղմվել, եթե ռուսական կողմն ավելացնի մաքսակետերի թիվը, միևնույն ժամանակ ունենալով առանձին մաքսային կետ՝ ԵԱՏՄ երկրների մեքենաների համար․
«Այդ դեպքում մեքենաները կբաժանվեն մի քանի մաքսային կետերի միջև, որպեսզի բոլորի ստուգումը նույն կետով ու նույն ձևաչափով չիրականացվի: Օրինակ, ԵԱՏՄ-ի մեքենաները կանցնեն մեկ մաքսակետով, Թուրքայի, Վրաստանի մեքենաները՝ որպես երրորդ երկիր, այլ մաքսակետից կսպասարկվեն։ Պետությունը պետք է փորձի ռուսական կողմի հետ լուծում գտնել, աջակցի արտահանողներին»:
Լաստանավային բեռնափոխադրումները՝ որպես այլընտրանք
2022 թվականի գարնանը Հայաստանի կառավարությունը որոշեց այլընտրանք ստեղծել Վերին Լարսի ճանապարհին․
- բեռնափոխադրումներ իրականացնել լաստանավով,
- պետության կողմից 6-ամսյա ժամկետով փոխհատուցել բեռնափոխադրողների ծախսերը։
Այս որոշումը, սակայն, մինչ օրս չի հաջողվել կյանքի կոչել: Օրերս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այս այլընտրանքային ճանապարհի գործարկման հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնք հույս ունի, որ առաջիկայում լուծում կստանան:
Հայաստանը Սև ծովով լաստանավային կանոնավոր փոխադրումներ պետք է իրականացներ հունիսի 15-ից: Սակայն հունիսի վերջին էկոնոմիկայի նախարարը հայտնեց․ հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ է կիրառում հոլանդական APM Terminals ընկերությունը, որը շահագործում է վրացական Փոթի նավահանգիստը:
«Եվրոպական շատ ընկերություններ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերություններից մեկը, ևս սանկցիաներ ունի կիրառած Ռուսաստանի դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն»,- պարզաբանում էր նա:
Փորձագետները՝ այլընտրանքների մասին
Ողջունելով լաստանավի օգտագործման գաղափարը, բեռնափոխադրման ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանը բացատրում է ուշացումը այն հանգամանքով, որ խնդիրը Հայաստանի վերահսկողության դաշտից դուրս է․
«Լաստանավը կարող է դառնալ այլընտրանքային բեռնափոխադրման տարբերակ, բայց քանի որ այդ հարցի լուծումը Հայաստանի իրավասություններից դուրս է գտնվում, մի քանի այլ երկրների համաձայնեցման հարց է, այդ պատճառով էլ այսքան երկարում է»:
Նախագծի կյանքի կոչումը նա համարում է բարդ, բայց իրատեսական: Ասում է՝ թեև լաստանավային բեռնափոխադրումները միայն որոշակի ծավալով կմեղմեն Լարսի ծանաբեռնվածությունը, սակայն կունենանք ամենակարևորը՝ այլընտրանք:
Բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանը կարծում է՝ Հայաստանը պետք է ունենա արտահանման առնվազն 3-4 ճանապարհ, որպեսզի կարողանա դիմակայել տարբեր աշխարհաքաղաքական ու բնակլիմայական խնդիրներին․
«Պետք է քայլեր ձեռնարկվեն և՛ Լարսում իրավիճակի բարելավման, և՛ այլընտրանքային ճանապահների ստեղծման ուղղությամբ: Մեր խնդիրն է այսօր հասկանալ, թե ինչպե՞ս ապահովենք մեր տնտեսավարողների կայունությունը արտահանման ճանապարհով, մանավանդ, որ արտահանումն ինքնին արդեն դարձել է խնդրահարույց՝ կապված արտարժույթի տատանումների հետ։ Մեր արտարժույթն ուժեղացել է, ինչի հետևանքով Հայաստանում արտադրված ապրանքները եվրոյով ու դոլարով թանկացել են այնքանով, որքանով դրամն է արժևորվել՝ 30 տոկոսից ավելի»:
Փորձագետը նկատում է՝ նաև դրանով է պայմանավորված բեռնափոխադրումների ակտիվացումը դեպի ՌԴ:
«Այս պահին մի փոքր ավելի ապահով է դարձել ռուբլով աշխատելը, հետևաբար, շատերը նախընտրում են ռուբլու գոտի մտնել: Ընկերություններին ձեռնտու է ապրանքը վաճառել ռուսական ընկերություններին, մանավանդ, որ ռուսական շուկայում առաջացել է մեծ բաց՝ կապված ՌԴ նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ»:
Նարեկ Ալեքսանյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր պետք է աշխատի արտահանման միանգամից երեք ուղղությամբ՝ լաստանավային, օդային և Իրանի տարածքով: Հաշվի առնելով այս երեք տարբերակների ծախսատար լինելը, գտնում է՝ գոնե որոշակի ժամանակահատվածում այս ուղղություններից յուրաքանչյուրը պետք է աշխատի պետական սուբսիդավորման շնորհիվ․
«Եթե կառավարությունն ասում է, որ արտահանումը մեր երկրի համար կարևոր է, եթե մենք ասում ենք դա գործարարին, եթե արտերկրից գործարարներ ենք փորձում ներգրավել՝ որպես ներդրողներ ու խոստանում՝ պետությունը կաջակցի, հետևաբար, եկել է ժամանակը, որ մենք մեր գործիքակազմերը կյանքի կոչենք ու չմնանք մեկ ճանապարհի հույսին:
Եկել է ժամանակը, որ մենք հասկանանք, թե որպես պետություն, արտահանումից ի՞նչ գումարներ ենք ակնկալում, այլընտրանքային ճանապարհների համար ինչքա՞ն գումար կարող ենք տրամադրել, որպեսզի գերակա ոլորտների տնտեսավորղների համար կարողանանք ստեղծել հնարավորություն՝ պետական սուբսիդավորման շնորհիվ հայկական ապրանքները հետաքրքիր շուկաներ հասցնելու համար»:
Նորայր Գևորգյանի դիտարկմամբ՝չնայած այսօր լաստանավային բեռնափոխադրումը համարվում է թանկ հաճույք, սակայն, չի բացառվում, որ Լարսում խնդիրների սրմանը զուգահեռ լաստանավային բեռնափոխադրումները դառնան ավելի շահեկան տնտեսվարողների համար․
«Լարսն, իհարկե, բեռնափոխադրման ամենաէժան ու ամենակարճ ճանապարհն է, բայց երբ 20 ու ավելի օր կանգնում ես անցակետում, բնականաբար, այդ ծախսերը կրկնապատկվում ու տասնապատկվում են: Ու այս պարագայում արժե վերանայել ծախսերը. միգուցե լաստանավով փոխադրումն ավելի շահավետ դառնա»:
Իրավիճակը Վերին Լարս անցակետում