Նոր ընտրություններ, Արցախյան հարց, գերիների վերադարձ․ քաղաքագետը՝ Հայաստանի ապագայի մասին
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, Հայաստանի քաղաքական ապագայի մասին խոսելիս, նշել է «մեկ-մեկուկես տարուց» նոր ընտրությունների անցկացման հավանականությունը։ Այն դեպքում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայացել են բոլորովին վերջերս՝ հունիսի 20-ին։
«Չեմ կարծում, որ Ղարաբաղյան հարցում մոտ ապագայում կարող է որևէ առաջընթաց լինել։ Ադրբեջանը հրաժարվում է քննարկել Ղարաբաղյան խնդիրը», — հայտարարել է նա ասուլիսին։ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ այսօրվա դրությամբ, «իսկ այսօրվա դրությունը դեռ երկար է տևելու», Ղարաբաղյան խնդրի քննարկման ձևաչափ հազիվ թե ի հայտ գա։
Քաղաքագետը մեկնաբանել է նաև հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո դեռևս Ադրբեջանում են։ Նրա կարծիքով՝ Բաքուն հակված չէ վերադարձնել բոլոր հայ գերիներին, «սակարկությունը դեռ երկար է շարունակվելու»։
Մանրամասն այս հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, Փաշինյանի և Պուտինի վերջին հանդիպման և նորընտիր խորհրդարանում ուժերի հարաբերակցության մասին։
- Հայացքը՝ Մոսկվային հառած․ Հայաստանը ԵՄ-ից զգալի ֆինանսական օգնություն կստանա
- Հայաստանում վիճարկվում են ընտրությունների արդյունքները։ Որոշումը Սահմանադրական դատարանինն է
Արցախյան հարցն ու Պուտին-Փաշինյան հանդիպումը
Ասուլիսն Ալեքսանդր Իսկանդարյանը սկսել է Արցախյան հակամարտության կարգավորման հարցից։ Նա ընդգծել է, որ հրադադարի մասին եռակողմ փաստաթուղթը, որը ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2020 թ-ի աշնանը, Արցախյան խնդրի վերաբերյալ համաձայնագիր չէ․
«Դա հրադադարի, պատերազմի դադարեցման մասին համաձայնագիր էր, ոչ ավելին։ Կարգավիճակի, երաշխիքների, ընթացակարգերի և բանակցությունների մասին խոսք անգամ չկա, նկատի ունեմ՝ հենց Արցախի մասին»։
Հետևաբար, ըստ փորձագետի, այժմ Հայաստանի Հանրապետության առջև Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով մի քան հարց է կանգնած․
«Դա սահմանների խնդիրն է, այսինքն՝ այն տարածքների, որոնք Ադրբեջանը կամաց-կամաց պոկում է Հայաստանից, այդ սահմանների կայունության խնդիրը, այսինքն՝ անվտանգության ապահովումը (ըստ ամենայնի, որոշում է կայացվել երրորդ կողմի՝ Ռուսաստանի օգնությամբ), ճանապարհների խնդիրը, այսինքն՝ Հայաստանի շուրջ կոմունիկացիաների բացումը»։
Իսկանդարյանի կարծիքով՝ հենց այս հարցերն են քննարկվել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը կայացել է հուլիսի 7-ին, Մոսկվայում։
Պուտինը Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդգծելով, որ հայաստանյան ընտրությունները ցույց տվեցին ժողովրդի վստահությունը Փաշինյանի նկատմամբ, իսկ դա «կարևորագույն պայման է երկրի հետագա զարգացման համար»։
«Պուտինը, փաստացի, եթե «պուտիներենից» թարգմանենք համամարդկային լեզվով, ասաց, որ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի այն իշխանության հետ, որը կա», — կարծում է քաղաքագետը։
Ի՞նչ է սպասվում նոր խորհրդարանին
Արդեն չորրորդ օրն է, ինչ Հայաստանի Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը։
Քվեարկության վերջնական արդյունքները հայտարարելուց հետո քաղաքական չորս ուժեր դիմել են ՍԴ այս պահանջով։
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ՍԴ որոշումը «չի կարող փոխել քաղաքական իրողությունը»։ Իսկ ընդդիմադիր կուսակցություններն, այնուամենայնիվ, գնալու են նոր գումարման խորհրդարանում աշխատելու և չեն բոյկոտելու դրա աշխատանքը։
Ընդ որում, ֆորմալ առումով, ըստ քաղաքագետի, դրանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը նույնն է լինելու, ինչ նախկինում․ կուսակցություններից մեկը մեծամասնություն է ստացել՝ ձայների գրեթե ⅔-ը, և ևս երկու ընդդիմադիր կուսակցություններ կան, որոնցից մեկն ավելի շատ մանդատ ունի, քան մյուսը․
«Սակայն իրականում, եթե ֆորմալ տեսանկյունից չնայենք և նայենք կազմին, ապա այդ երկու ընդդիմադիր կուսակցությունները բնավ նման չեն սրանից առաջ եղածներին։ Սրանից առաջ այնտեղ երկու կուսակցություն էր, որոնք սատարել էին Փաշինյանին և նրա «Իմ քայլը» ուժին 2018 թ-ի հեղափոխության ժամանակ […]։ Դրանք այն կուսակցություններն էին, որոնք ընդդիմություն էին խաղում, բայց կապված էին փաշինյանական ռեժիմի հետ»։
Իսկ նոր ընդդիմությունը, կարծում է քաղաքագետը, «այլ է», և խորհրդարանն այժմ ավելի շատ է ներկայացնելու հասարակությունը, քան սրանից առաջ էր․
«Հասարակությունում որոշակի թվով մարդիկ կան, որոնք բավականին կտրուկ մերժում են Փաշինյանի և նրա համախոհների իշխանությունը, և նրանք ներկայացված են խորհրդարանում։ Հասարակությունը պարալիզվել և պառակտվել է, խորհրդարանը պարալիզվել և պառակտվել է։ Հետևաբար, նրանք հազիվ թե կարողանան լրջորեն ազդել քաղաքականության վրա, բայց քննարկումներ, իհարկե, կլինեն»։
Իսկանդարյանի խոսքով՝ «հերթական արտահերթ ընտրություններ» կարող են տեղի ունենալ մեկ-մեկուկես տարուց․
«Որովհետև քաղաքական ճգնաժամը չի անհետացել, Արցախյան հարցը բացարձակ չի անհետացել, պարոն Ալիևը շարունակելու է խաղալ հայկական ներքաղաքական դաշտում, հասարակության պառակտումը մնալու է և չի անհետանալու, իշխանությունն անկում է ապրելու, պարզապես որովհետև իշխանություն է»։
«Ադրբեջանը հակված չէ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին»
Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ հասարակության ամենասուր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն է, որոնք ամիսներով Ադրբեջանում են պահվում։ Ընդ որում, Բաքվում նրանց ռազմագերի չեն համարում, այլ դատում են որպես դիվերսանտների և ահաբեկիչների։
Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Ադրբեջանը հակված չէ նրանց բոլորին վերադարձնել․
«Ադրբեջանը նրանց գերեվարել է և սակարկում է այդ գործոնը, նրանք պատրաստ են փոխանակման ինչ-որ բանի դիմաց [վերջին երկու անգամ Բաքուն վերադարձրել է 15-ական գերիների՝ պատերազմից հետո ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզների դիմաց — JAMnews]։
Այս գործընթացը գնում է և, կարծում եմ, շարունակվելու է նույն ռեժիմով։ Կարծում եմ, որ սա երկար է տևելու՝ ամիսներ, անգամ տարիներ, քանի որ չեմ կարող պատկերացնել, որ միանգամից բոլոր ռազմագերիներին տան։ Կցանկանայի սխալվել, սակայն ինձ թվում է, որ Ադրբեջանը հակված չէ նրանց բոլորին մինչև վերջ վերադարձնել, քանի որ նրա տեսանկյունից տրամաբանական կլիներ որոշակի թվով գերիների իր մոտ պահել և երկար ժամանակ սակարկել»։