Նոր Բելառուս
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը հասունացել է սահմանադրությունում փոփոխություններ անելու համար: Երկրորդ ոչ պակաս աղմկահարույց հայտարարությունը, որ նա արել է, այն էր, որ փոփոխություններն ու բարեփոխումները պետք է մշակի ինչ-որ Իմաստունների խորհուրդ:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ են սպասվում, ենթադրվում է միայն, որ դրանք հանրաքվեի միջոցով են ընդունվելու: Պարզ չէ նաև, թե ովքեր են ներգրավվելու երկրի ղեկավարի նախաձեռնությամբ ստեղծվող Իմաստունների խորհրդում:
Այդ պատճառով էլ Եվրոռադիոն դեռևս սեփականներին է գտել՝ քաղաքագետներ Դենիս Մելյանցովին և Անդրեյ Կազակևիչին, ինչպես նաև նախկին դատավոր Միխայիլ Պաստուխովին: Նրանք իրենց ենթադրույթուններն արտահայտեցին այն մասին, թե ինչպիսի բարեփոխումներ ու փոփոխություններ են սպասվում Բելառուսին:
Տարբերակ 1. Անցում դեպի խորհրդարանական հանրապետության (նախագահի ընտրություններ ոչ թե համաժողովրդական քվեարկության միջոցով, այլ խորհրդարանի կողմից)
«Եթե մեր իշխանություններն իրոք պատրաստվում են ռուսական օրինակով ինքնիշխան ժողովրդավարություն խաղալ՝ ցույց տալու համար, որ և՛ խորհրդարան կա, և՛ կուսակցական համակարգ, ապա հնարավոր է՝ փոփոխությունները ոչ թե նախագահական, այլ նախագահական-խորհրդարանական ուղղությամբ ընթանան», — ասում է քաղաքագետ Դենիս Մելյանցովը:
Ընդ որում, նա ավելացնում է, որ խորհրդարանական հանրապետությունը դեռ չի նշանակում ավելի ժողովրդավար: Բելառուսում շատ ավելի կարևոր է, թե ինչպես է համակարգը գործում իրականում, այլ ոչ թե այն, թե ինչպես է այն նկարագրված սահմանադրությունում:
Այն մասին, որ Բելառուսը կարող է անցում կատարել խորհրդարանական հանրապետության, խոսում է նաև Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Միխայիլ Պաստուխովը: Նա հիմնվում է Հայաստանի վերջին փորձի վրա:
«Հնարավոր է նաև այսպես կոչված «հայկական տարբերակը»: 2015թ-ի դեկտեմբերին Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացվեց, որը հաստատեց պատգամավորների կողմից նախագահ ընտրելու մեխանիզմը»:
Տարբերակ 2. Փոփոխություններ ընտրական համակարգում
Դա թույլ են տալիս բոլոր երեք փորձագետները: Խոսքը կուսակցական ցուցակներով խորհրդարան մտնելու հնարավորության մասին է:
Այսինքն՝ քվեարկում են ոչ թե հստակ մի մարդու օգտին, այլ՝ կուսակցության: Իսկ վերջինս էլ արդեն որոշում է, թե ում խորհրդարան ուղարկի (եթե այն իհարկե բավականաչափ ձայներ հավաքի):
Տեսականորեն նման համակարգ ներդնելու համար սահմանադրություն պետք չէ փոխել, բավական է միայն ընտրական օրենսգիրքը փոխել: Սակայն խորհրդարանական հանրապետությանն անցում կատարելու համար (ինչպես նշված է նախորդ կետում), հարկ է փոփոխություններն ամրագրել միանգամից երկրի հիմնական օրենքում:
Տարբերակ 3. Մահապատժի արգելումը
«Պետության ղեկավարը վկայակոչում էր այն, որ ժողովուրդն այդպես է որոշել 1996թ-ի հանրաքվեին: Այդ պատճառով էլ կարելի է ևս մեկ անգամ պարտադիր արդյունքով կարծիք արտահայտել դրա վերաբերյալ: Դա է պահանջում նաև հասարակությունն ու Եվրոպան», — կարծում է Միխայիլ Պաստուխովը:
Փոփոխությունների նման տարբերակը նույնպես բավականին հավանական է: Այդ դեպքում էլ հենց հանրաքվե է անհրաժեշտ:
Մյուս կողմից էլ, հասարակության և Արևմուտքի դրական արձագանքին արժանանալու համար պետք չէ մահապատիժը սահմանադրական փոփոխությունների միջոցով արգելել, բավական է միայն մորատորիում ներմուծել: Դա կարելի է անել հաշված օրերի ընթացքում առանց թանկարժեք հանրաքվեների, պետության ղեկավարի մի հրամանով:
Տարբերակ 4. Տնտեսական դատարանների մասին հիշատակումներից հրաժարում
«Բելառուսում արդեն 3-4 տարի է՝ լուծարվել է տնտեսական դատարանների համակարգը: Իսկ աահմանադրությունում դեռևս առկա է Գերագույն տնտեսական դատարանն, օրինակ: Դա ակնհայտ հակասություն է, այն պետք է ինչ-որ ձևով չեղարկել», — ասում է Միխայիլ Պաստուխովը:
Դա իրոք այդպես է. սահմանադրությունում հիշատակվում է Գերագույն տնտեսական դատարանը, սակայն գործնականում այն գոյություն չունի: Այնպես որ հիմնական օրենքի տեքստը պետք է փոփոխել: Մյուս կողմից, ինչո՞ւ նման փոքր հարցի համար Իմաստունների խորհուրդ ստեղծել և հանրաքվե անցկացնել:
Տարբերակ 5. Հանրապետության խորհրդի լուծարում
«Մենք խնդիրներ ունենք խորհրդարանի Գերագույն պալատի հետ: Այն շատ չափանիշներով ֆունկցիոնալ չէ կամ ընդհանրապես ավելորդ է: Եվ այն կարելի է պարզապես լուծարել: Չնայած, թվում է, թե ոչ մի քննարկում այդ ուղղությամբ չի եղել: Բայց պարտավորությունների վերաբաշխումը տրամաբանական կլիներ», — կարծում է քաղաքագետ Անդրեյ Կազակևիչը:
Փորձագետի կարծիքով, խորհրդարանը երկու մասի բաժանելն այն նենգ ընդդիմադիրներից ապահովագրելու նպատակ ուներ: Վախի աչքերը մեծ են, ընդդիմությունն էլ 90-ականներին այլ էր:
Այժմ կրքերը հանդարտվել են, այդ պատճառով էլ կարելի է վերադառնալ պարզ խորհրդարանական համակարգի, լուծարել Հանրապետության խորհուրդը կամ միավորել այն Ներկայացուցիչների պալատի հետ:
Բոլոր փորձագետները համակարծիք են, որ պետության ղեկավարը չէր կարող սահմանադրական փոփոխությունների մասին արտահայտվել հենց այնպես: Լուկաշենկոյի հայտարարությունը խոսում է այն մասին, որ որոշումն արդեն ընդունված է, և համեմատաբար շուտով հայտնի կդառնա, թե ինչպիսին է այն:
Հրապարակվել է 21.10.2016