ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման գործընթացը «մտել է առարկայական փուլ»․ մանրամասներ
Նոր ատոմակայան Հայաստանում
«Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործընթացը մտել է առարկայական փուլ»,- հուլիսի սկզբին հայտարարել էր Հայաստանի Ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու հավելել, որ «գնդակը ԱՄՆ դաշտում է»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի փոխանցմամբ՝ ԱԽ քարտուղարը նկատի է ունեցել այն, որ ստեղծվում է իրավապայմանագրային բազա, որի հիման վրա էլ հետագայում հնարավոր կլինի խոսել ՀՀ-ում ամերիկյան էներգաբլոկներ տեղակայելու մասին։ Civilnet-ի եթերում Վարդանյանը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կառավարությանն առաջարկել է միանալ «1, 2, 3» կոչվող համաձայնագրին։ Միայն դրա վավերացումից հետո ամերիկյան ընկերություններն իրավասու կլինեն համագործակցել Հայաստանի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում։
«Այս պահին իրենց մոտ ներքին համաձայնեցումների գործընթաց է գնում։ Համաձայնագրին միանալուց հետո մենք իրական հնարավորություն կունենանք խոսել այստեղ ամերիկյան էներգաբլոկներ տեղակայելու հնարավորության մասին»,- տեղեկացրել է նա։
Հայաստանի կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարց է քննարկում, քանի որ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ավարտին մնացել է 12 տարի։
1977 թ․-ին շահագործման հանձնված ատոմակայանի ժամկետի երկարաձգման, վերազինման աշխատանքներում տարիներ շարունակ ներգրավված է եղել Ռուսաստանը։ Հայկական կողմը «Ռոսատոմ»-ին էր վստահել նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները։ Նոր ատոմակայանի կառուցման հարցը, սակայն, Երևանը քննարկում է տարբեր երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի։
Ինչի՞ կարիք ունի Հայաստանը և ի՞նչ կարժենա դա
Փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով՝ ելնելով ներքին սպառման տվյալներից՝ 600 մեգավատ հզորությունն ամենաօպտիմալն է Հայաստանի համար։
«Այս պահի գնահատականներով՝ 600-700 մեգավատը բավարար հզորություն է ՀՀ համար։ Որպեսզի նաև չխոչընդոտի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացումը Հայաստանում»։
Ասում է՝ կայացվելիք որոշման վրա մեծ ազդեցություն է ունենալու նաև տվյալ ընկերության գնային առաջարկը։ Հայկական կողմն արդեն իսկ ստացել է մի շարք առաջարկներ, սակայն գաղտնիության սկզբունքից ելնելով՝ դրանք չեն հրապարակվում։
«Մոտավորապես 4-20 հազար դոլար է մեկ կՎ/ժամ դրվածքային հզորության դեպքում»,— նկատել է նա։
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորմանը, ըստ Վարդանյանի, առաջնորդվելու են ընդունված պրակտիկայով:
«Եթե ընտրենք այն տարբերակը, որ ատոմակայանը լինելու է ոչ թե պետություն-մասնավոր կամ պետություն-պետություն համագործակցության ֆորմատով, այլ պետությունը պատվիրելու է, գնորդ է լինելու, ապա [ֆինանսավորումը կլինի] այն երկրից, որտեղից մենք կգնենք ատոմային տեխնոլոգիան»,- պարզաբանել է նա։
«Կա համակրանք փոքր մոդուլյար ռեակտորների նկատմամբ»
Պատճառն, ըստ Վարդանյանի այն է, որ մեծ կայանների գործունեությունը համակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ կարող է առաջացնել։
«Օրինակ՝ մենք 1000-1200 մեգավատ պիկային սպառում ունենք ոչ բոլոր սեզոններին, 1200-անոց կայանը բավականին բարդ և խնդրահարույց է շահագործել, երբեմն կարող է նույնիսկ անհնար դառնալ»,- նկատել է նա։
Նշել է, որ վերանորոգումների, վթարային անջատումների, համակարգի կայունությունն ապահովելու համար փոխարինող հզորություններ ունենալն անհրաժեշտ է։
Ո՞րն է փոքր մոդուլյար ռեակտորների առավելությունը
Փոխնախարարի դիտարկմամբ՝ դրանք ավելի զարգացած անվտանգային համակարգ ունեն, մեծերի համեմատ ավելի սեյսմակայուն են։ Անդրադառնալով փոքր մոդուլյար ռեակտորների հետ կապված խնդիրներին՝ նշել է, որ միակ մարտահրավերն այս պահին այն է, որ չկան «մինչև վերջ լիցենզավորված ծրագրեր»։
«Միակ լիցենզավորված նախագիծը ամերիկյան New Scale-ն է՝ 50 մեգավատանոց։ Որոշում են կայացրել 50-ը չշարունակել և 77 մեգավատանոց բլոկներ նախագծել։ Այս պահին դրա լիցենզավորումն ավարտական փուլում է»,- ասել է Վարդանյանը։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ում բազմաթիվ մոդուլյար նախագծեր կան, որոնց մեծ մասը ներկա պահին հետազոտական փուլում է։ Մյուս կողմից նկատել է՝ միջուկային արտադրություն ունեցող գրեթե բոլոր երկրներն էլ ունեն նման նախագծեր։
Ակտիվ գործընկերների եռյակը՝ ԱՄՆ, Ռուսաստան, Հարավային Կորեա
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարից հետաքրքրվել են՝ որ երկրներն են ակտիվորեն ներգրավված ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման գործընթացում։ Պատասխանել է, որ հատկապես ակտիվ են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Հարավային Կորեան։ Վարդանյանի խոսքով՝ որոշակի հետաքրքրություն են ցուցաբերել նաև չինական և ֆրանսիական ընկերությունները։
Ասում է՝ ընտրություն կատարելիս հայկական կողմը պետք է հաշվի առնի այն, թե որ երկրներն են վերջին տարիներին ակտիվորեն զբաղվել ատոմակայանների կառուցմամբ։ Դրանք երեքն են՝ Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա։
«Ամենաշատը ատոմակայաններ է կառուցել Չինաստանը, բայց բոլորը՝ իր տարածքում։ Ռուսաստանը և Հարավային Կորեան բացի իրենց տարածքներից նաև այլ երկրներում են կառուցել և կառուցում, ՌԴ-ն՝ մի քիչ ավելի շատ, Հարավային Կորեան՝ ավելի քիչ բլոկներ»,- բացատրել է նա։
Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար առանձին ընկերություն է ստեղծվելու
Հայաստանի կառավարությունը նման որոշում է ընդունել օգոստոսի սկզբին։
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա։ Այն գործելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ։
Այդ ընկերությունն է որոշելու, թե որ երկրի առաջարկած տեխնոլոգիայով ու ինչ հզորությամբ նոր ատոմակայան պետք է կառուցվի ՀՀ-ում։ Կառավարությանը առաջարկ ներկայացնելու համար ընկերությունն ունենալու է 2 տարի ժամանակ։
«Պետք է հաշվի առնել շատ ասպեկտներ՝ ոչ միայն հզորությունը, այլև կառուցման ժամկետները, լիցենզիաների առկայությունը, անվտանգության, հետագա շահագործման և վառելիքի հետ կապված հարցերը։ Ցավոք, դեպի ծով ելք չունեցող երկիր ենք, և շատ սահմանափակումներ կան հետագա շահագործման համար՝ կապված ապրանքների ներմուծման հետ»,- պարզաբանել է Հակոբ Վարդանյանը։
Նրա փոխանցմամբ՝ ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան առաջարկները հազարավոր էջերից բաղկացած փաստաթղթեր են, դրանք պետք է վերլուծել և ընտրել Հայաստանի համար լավագույն տարբերակը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նոր ատոմակայան Հայաստանում