Նոր ԱԷԿ Հայաստանում և ռազմագերիների հարց. ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում
Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Կրեմլում կայացած բանակցությունների նախնական, բաց հատվածում Հայաստանի վարչապետը հայտարարել է.
- Երևանը մտադիր է խորացնել տնտեսական համագործակցությունը Մոսկվայի հետ և աջակցության հույս ունի, մասնավորապես, նոր ատոմակայանի շինարարության հարցում,
- հայ ռազմագերիների հարցը, որոնք Ադրբեջանում են գտնվում Արցախում հրադադարի հաստատումից ի վեր, կարգավորված չէ։
Ի պատասխան Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Մոսկվան ուշադիր է վերաբերվելու բոլոր այն հարցերին, որոնք կցանկանա քննարկել Երևանը։
Սակայն Հայաստանի և Ռուսաստանի փորձագետները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է ժամանել Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինի աջակցությունը ստանալու համար։
Մանրամասներ՝ բանակցությունների թեմաներից
«Մենք խոսելու բան ունենք երկկողմանի հարաբերությունների կառուցման տեսանկյունից, և, բնականաբար, ամենաարդիական, ամենասուր խնդիրը իրավիճակի կարգավորումն է և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ դրա շուրջ», — հանդիպման սկզբում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Եվ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին հիշեցրել է, որ գերիների հարցը, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից ի վեր Ադրբեջանում են, դեռ կարգավորված չէ.
«Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն [Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը, որով Արցախում հրադադար է հաստատվել 2020թ. աշնանը]՝ բոլոր պատանդները, ռազմագերիները, պահվող այլ անձինք պետք է հայրենիք վերադարձվեն։ Սակայն, ցավոք, մինչ օրս պահվող անձինք կան Ադրբեջանում»։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևոր գործոն է դառնում.
«Այդ առումով ես այսօր հույս ունեմ Ձեզ հետ քննարկել մեր տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ, Հայաստանում և ընդհանրապես մեր տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր հայացքները»։
Հանդիպման սկզբում Պուտինն ընդգծել է նաև Ռուսաստանի դերը Հայաստանի տնտեսությունում.
«Հայաստանի տնտեսությունում արված բոլոր կապիտալ ներդրումների 40%-ը ռուսական ծագում ունեն։ Մեր ապրանքաշրջանառությունը զգալի է։ Միաժամանակ, տարբեր պատճառներով, նախևառաջ՝ կորոնավիրուսի պատճառով, որոշակի նվազում ենք տեսնում»։
Հայաստանի վարչապետն ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու մտադրության մասին.
«Ես հույս ունեմ, որ այսօր կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված որոշ հարցեր և այդ առումով այսօր ուզում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմակայանի շինարարության հնարավորությունները»։
Փորձագետների կարծիքը
Քաղաքական տեսաբան Հայկ Խալաթյանը դեռևս հանդիպման նախօրեին այսպիսի կարծիք էր հայտնել.
«Հատկանշական է, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների համար նախորդ իշխանություններին կտրուկ քննադատող, ինքնիշխանության իբր աստիճանական հանձման համար մեղադրող Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը տարածաշրջանային քաղաքականության փաստացի սուբյեկտից վերածեց օբյեկտի, ինչն առավել ցայտուն դարձավ [2021թ.-ի] հունվարի 11-ի եռակողմ նոր հայտարարություն ժամանակ, որում ոչ մի կերպ արտացոլված չէ հայ գերիների վերադարձի հարցը։ Թեև Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը վստահեցնում էր, որ իր համար դա առաջնահերթ հարց է։
Ընդ որում, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը, չնայած ռուսամետ հայտարարություններին, Մոսկվայում, այնուամենայնիվ, ընկալվում են որպես օտարածին տարրեր՝ հաշվի առնելով նրանց քաղաքական անցյալը, ինչպես նաև Ռուսաստանի հասցեին պարբերաբար հնչող սկանդալային մեղադրանքները, որոնց նպատակը նրան Արցախյան պատերազմում պարտության գլխավոր մեղավորներից մեկը դարձնելն է հայ հասարակության աչքերում։
Փաշինյանի գլխավոր հույսն այժմ Պուտինին ներշնչելն է, որ, չնայած Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ Կրեմլի ողջ հակակրանքին, հենց ինքն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության [Արցախում հրադադարի մասին փաստաթուղթ, որը ստորագրվել է Ռուսաստանի միջնորդությամբ] անշեղ կատարման երաշխավորը»։
«Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը մոսկովյան հանդիպման նախօրեին նույնպես հայտարարել էր.
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ քննարկվելու են ռուս-հայկական հարաբերությունները։ Քաղաքական առումով Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է ունենալ Վլադիմիր Պուտինի աջակցությունը Հայաստանում կայանալիք ընտրություններին, արտաքին լեգիտիմացում ստանալ […]
Փաշինյանի վարկանիշը Հայաստանում «նստել է»։ Կա «կորիզային» ընտրազանգված, որը սատարում է Նիկոլ Փաշինյանին, սակայն այն շատ ավելի քիչ է, քան 2018 թ.-ին, երբ Փաշինյանն իշխանության է եկել։ Նրա համար նոր իրականություն է, և, իհարկե, այստեղ աջակցությունը կարևոր է՝ ընտրություններին վստահությամբ մասնակցելու համար»։
Քաղաքագետ Գագիկ Ղամբարյանը նույնպես չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել ընտրություններում Պուտինի աջակցությունը ստանալու համար.
«Փաշինյանը շատ բան է պարտական Պուտինին, և նա երկրում այժմ շատ թույլ դիրքեր ունի։ Սա ցուցադրելու փորձ է, որ նա ռազմավարական դաշնակցի աջակցությունն ունի և լավ հարաբերությունների մեջ է Պուտինի հետ։ Սակայն սա ցույց է տալիս, թե ինչ խղճուկ վիճակում է հայկական դիվանագիտությունը։
Փաշինյանն ու իր թիմն առաջին օրվանից խաթարում էին հայ- ռուսական հարաբերությունների հիմքերը։ Բայց պատերազմից և դրա արդյունքներից հետո, երբ Արցախում ռուս խաղաղապահներ հայտնվեցին, Փաշինյանը, որը հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդն էր, կտրուկ դարձավ ռուսամետ քաղաքական գործիչ։ Նա հիմա խաղալիք է Կրեմլի ձեռքում։ Նա անում է այն ամենը, ինչ ասում է Մոսկվան»։