Նավալնի, Ուկրաինա, կիբերհարձակումներ․ ինչի՞ մասին են խոսել Բայդենն ու Պուտինը
Պուտինն ու Բայդենը հանդիպել են Ժնևում
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կայացել է հունիսի 16-ին, Շվեյցարիայի Ժնև քաղաքի Լա Գրանժ վիլլայում։ Սա նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է այն պահից ի վեր, երբ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնն է զբաղեցրել։
Սա նաև առաջին ռուս-ամերիկյան բարձր մակարդակի գագաթնաժողովն է Հելսինկիում 2018 թ- հուլիսին Պուտինի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից ի վեր։ Հանդիպումը տևել է գրեթե չորս ժամ․ սկզբից՝ «նեղ», այնուհետև՝ «ընդլայնված» կազմով։
Ի՞նչ են խոսել
Բի-Բի-Սին հանդիպմանը հետևած ասուլիսին նախագահ Բայդենի խոսքի հիման վրա մի քանի հարց է առանձնացրել․
- կիբերանվտանգություն․ ԱՄՆ նախագահը Ռուսաստանին 16 ռազմավարական օբյեկտների ցանկ է տվել, որոնք չեն կարող հարձակման ենթարկվել,
- մարդու իրավունքներ․ ԱՄՆ նախագահը խոսել է ընդդիմության հետապնդման, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մասին և ազատ լրատվամիջոցների աշխատանքի կարևորության մասին։ Նա հիշատակել է նաև Ազատություն ռադիոկայանի աշխատանքի սահմանափակումը,
- ռազմավարական անվտանգություն․ կողմերը պայմանավորվել են փոխադարձ երկխոսություն սկսել զենքի սահմանափակման հարցերով,
- Ուկրաինայի անվտանգություն․ խոսվել է Մինսկի համաձայնագրերի պահպանման անհրաժեշտության մասին,
- Բելառուս․ Բայդենը մտահոգություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի առնչությամբ,
- բանտարկյալների փոխանակում․ ԱՄՆ նախագահը հիշատակել է բանտերում գտնվող անձանց փոխանակման հնարավորության մասին։
Ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքի ռեպորտաժը Ժնևից․
- «Օդահենություն» և եվրոպական պատասխան․ ավիահաղորդակցության կասեցում Բելառուսի հետ
- Դատապարտում և «տեղեկատվական ճակատ» Ռուսաստանի դեմ։ Ի՞նչ է որոշել «Մեծ յոթնյակի» հանդիպումը
- Ուկրաինան և Ռուսաստանը՝ «մեծ պատերազմի» շեմին
Ի՞նչ են պայմանավորվել
Վլադիմիր Պուտինն իր ճեպազրույցի ամենասկզբում հաղորդել է, որ Բայդենի հետ պայմանավորվել է դեսպանների վերադարձի մասին Մոսկվա և Վաշինգտոն։ Թե երբ, դա արդեն տեխնիկական բնույթի հարց է։
Նախագահները պայմանավորվել են նաև միջուկային զենքի վերահսկման նպատակով խորհրդատվությունների մեկնարկի մասին։ Այս թեմայով նախագահների համատեղ հայտարարության տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Այժմ երկրների միջև գործում է հարձակողական ռազմավարական սպառազինության մասին երրորդ պայմանագիրը։ Դրա ժամկետը լրացել է 2020 թ-ին, սակայն Պուտինի և Բայդենի համատեղ որոշմամբ՝ 2021 թ-ի փետրվարին դրա գործողության ժամկետը երկարաձգվել է ևս հինգ տարով։ Ճիշտ է, այս որոշումը դեռ պետք է վավերացնի Պետդուման։
«ԱՄՆ-ն և ՌԴ-ն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում ռազմավարական կայունության համար գոնե միայն այն պատճառով, որ մենք երկու խոշորագույն միջուկային պետություններ ենք․․․ Բայդենը ժամանակին և անհրաժեշտ որոշում է կայացրել երկարաձգելու СНВ-3-ը մինչև 2024 թ-ը։ Իհարկե, հարց է առաջանում, թե ինչ է լինելու հետո։ Մենք պայմանավորվել ենք, որ խորհրդատվություններ կսկսվեն միջգերատեսչական մակարդակում», — Պուտինի խոսքերն է մեջբերում «Հրոմադսկոյե» ուկրաինական հեռուստաալիքը։
Ի՞նչի մասին են պայմանավորվել
Ուկրաինա և Բելառուս
Ուկրաինայի թեման արծարծվել է, բայց ոչ այնքան մանրամասն, հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը։ Նրա խոսքով՝ նախագահ Բայդենը համաձայնել է, որ Դոնբասի հակամարտության կարգավորման հիմքը Մինսկի համաձայնագրերն են։
Այս հարցում Պուտինը մերժել է Կիևի հավակնությունները և հայտարարել, որ Ուկրաինան իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը կարող է վերադարձնել միայն այն բանից հետո, երբ Դոնբասում ընտրություններ անցկացվեն, որոնք Կիևը պաշտոնապես կընդունի։
Ուկրաինային իր ելույթում անդրադարձել է նաև Բայդենը։
«Ես Պուտինին հայտնեցի անվերապահ աջակցություն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Մենք քննարկել ենք նաև Բելառուսին վերաբերող հարցեր, որոնք ինձ անհանգստացնում են։ Նա համաձայն չէ նրան՝ ինչ է տեղի ունեցել, պարզապես նա այլ տեսակետ ունի դրա վերաբերյալ, թե ինչ անել այդ ամենի հետ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանն, ապա, ըստ Պուտինի, այդ թեմային անդրադարձ է եղել «թեթև», և «այստեղ քննարկելու բան չկա»։
Մարդու իրավունքներ, Նավալնի և ռուսական ընդդիմություն
«Ես Պուտինին հստակ հասկացրի, որ մենք բարձրացնելու ենք մարդու իրավունքների, Ալեքսեյ Նավալնիի մասին հարցերը։ Մենք անընդհատ ընդլայնում ենք մարդու իրավունքների ոլորտն, այնտեղ ներառում ենք ավելի ու ավելի շատ մարդկանց․․․ Ես Պուտինին ասացի, որ մենք պետք է խաղի հստակ հիմնարար կանոններ ունենանք, որոնց պետք է հետևել։ Եվ մենք շփման որոշակի եզրեր ունենք»,- նշել է Բայդենը։
«Ես Պուտինին ասացի, որ եթե Ալեքսեյ Նավալնին բանտում մահանա, Ռուսաստանի համար հետևանքները կործանարար կլինեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Սակայն Պուտինը ռուսական ընդդիմության առաջնորդի թունավորման և հետագա կալանքի վերաբերյալ քննադատությունը չի ընդունել։
«Այդ մարդը գիտեր, որ խախտում է Ռուսաստանի գործող օրենքը։ Գիտակցաբար, ուզում եմ ընդգծել, անտեսելով օրենքի պահանջներն՝ այդ քաղաքացին մեկնել է արտասահման բոժման։ ․․․Կասկածներ ունեմ, որ երբ նա եկավ, գիտակցաբար գալիս էր ձերբակալության»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, Պուտինը շատ է խոսել Ռուսաստաում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող կազմակերպությունների թշնամական գործունեության մասին։
«Ձեր հիշատակած կազմակերպությունը (Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը), հանրային կերպով զանգվածային անկարգությունների կոչ էր անում, դրանցում ներգրավում էր անչափահասներին, հրապարակում հրահանգներ, թե ինչպես Մոլոտովի կոկտեյլներ պատրաստել»։
Արդյո՞ք Պուտինը մարդասապան է
Ասուլիսին Պուտինը ստիպված էր մեկնաբանել նաև Բայդենի հայտնի հարցազրույցը, որում ամերիկացի նախագահը համաձայնում է, որ Ռուսաստանի նախագահը «մարդասպան է»։
«Բայդենը հիշատակել է մարդու իրավունքների խնդիրը։ Ինչ վերաբերում է նրա հայտարարություններին… Մենք բոլորս դրանք գիտենք, դրանից հետո Բայդենն ինձ զանգահարել է, մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումները, բացատրությունները բավարար էին», — ասել է Պուտինը՝ հավելելով, որ մարդկանց կտտանքների են ենթարկում և սպանում նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Ջո Բայդենին ասուլիսին հարցրել են, թե ինչ է նա Պուտինին ասել իր հայտնի հարցազրույցից հետո։«Իմ խոսքերը նրան բավարարել են», — կրկնել է Բայդենը։
Կիբերհարձակումների մասին
Դատելով Բայդենի հայտարարություններից՝ այս հարցին նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Պուտինի հետ զրույցում և անգամ ակնարկել հնարավոր պատասխան գործողությունների մասին․
«Ի՞նչ կլիներ, եթե մենք կիբերհարթությունում գրոհեինք ռուսական օբյեկտները։ Եթե մենք միջամտեինք այլ երկրների ընտրություններին։ Դա կթուլացներ երկրի դիրքերն ու դա թուլացնում է Ռուսաստանի դիրքերը, որը ձգտում է պահպանել գերտերության կարգավիճակը։ Ես ասացի, որ կիբերանվտանգության ոլորտում մեր հնարավորությունները շատ զգալի են։ Եվ անհրաժեշտության դեպքում մենք արձագանքելու ենք։ Պուտինը գիտի այդ մասին։ Վերջին բանը, որն այժմ Պուտինն ուզում է, սառը պատերազմն է», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ինչպե՞ս դիմավորեցին Պուտինին․ երեք պաստառ, ԼԳԲՏ դրոշներ, Նավալնիի դիմանկարով գրաֆիտիներ
Բայդենի և Պուտինի գագաթնաժողովից առաջ Ժնևում երեք բիլբորդ էր տեղադրվել «Նավալնիին թունավորել են «Նովիչոկով», «Եվ մինչ օրս հետաքննություն չկա», «Այդ ինչպե՞ս, նախագահ Պուտին» գրառումներով։ Պաստառները ձևավորված էին «Երեք բիլբորդ Միսսուրիի Էբինգի սահմանին» գեղարվեստական ֆիլմի ոճով, որում գլխավոր հերոսուհին գովազդային երեք վահանակների վրա տեղի շերիֆին ուղղված հարց էր տեղադրել իր դստեր սպանության հետաքննության մասին։
Պաստառները տեղադրվել էին նույն փողոցում, ինչ ռուս ընդդիմադիր գործչի դիմանկարով գրաֆիտին, որը մի քանի օր առաջ նկարել էր նկարիչ Ջուլիեն Բարոն։
Բացի այդ, այն վիլլայի դիմացի տան վրա, որտեղ պետք է կայանար գագաթնաժողովը, տեղադրվել էին ԼԳԲՏ+ համայնքի դրոշներ․ հավանաբար՝ ի նշան Ռուսաստանում ԼԳԲՏ ճնշման դեմ բողոքի։