Պուտինը հաղորդել է Մակրոնին, որ Նավալնին սիմուլյանտ է և շանտաժիստ
Ֆրանսիայի նախագահն անհիմն է անվանել Ալեքսեյ Նավալնու թունավորման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի վարկածը, թե ռուս առաջատար ընդդիմադիր գործիչը կարող էր ինքն իրեն թունավորել «նովիչոկ» մարտական թույնով։

Le Monde հեղինակավոր ֆրանսիական թերթը մանրամասներ է հրապարակել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցից։
Վլադիմիր Պուտինն այդ զրույցում Նավալնուն անվանել է «սովորական համացանցային զավզակ», որն իր հակակոռուպցիոն հետազոտություններն օգտագործում էր պաշտոնյաներին շանտաժի ենթարկելու նպատակով։
Ըստ Պուտինի՝ Նավալնին նախկինում էլ է «կեղծ հիվանդ ձևացել»։
Պուտինը պնդել է նաև, որ Նավալնին կարող էր ինքն իրեն թունավորել «նովիչոկով», քանի որ «այդ նյութը պատրաստելն այդքան դժվար չէ, որքան թվում է»։
Ռուսաստանի նախագահի առաջադրած ևս մեկ վարկածի համաձայն՝ հանցագործության հետքերը կարող են Լատվիա տանել, որտեղ ապրում է «նովիչոկը» ստեղծողներից մեկը։
Էմանուել Մակրոնը հերքել է Պուտինի ենթադրություններն այն մասին, թե Նավալնին կարող էր ինքն իրեն թունավորել, ինչպես նաև «Լատվիայի հետքը»։
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում այդ զրույցը մեկ նախադասությամբ է նկարագրված․ «Ա․ Նավալնու գործով կարծիքների մանրամասն փոխանակում է տեղի ունեցել»։
Ավելի մանրամասն Վադիմիր Պուտինին պատասխանել է հենց ինքը՝ Ալեքսեյ Նավալնին։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․
«Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկերոջը հաղորդել է․ «Նավալնին կարող էր ինքն ընդունել այդ թույնը»։
Լավ վարկած է։ Կարծում եմ, որ այն արժանի է մանրամասն ուսումնասիրության։ Խոհանոցում «Նովիչոկ» եմ եփել։ Թաքուն սրվակից խմել եմ ինքնաթիռում։ Կոմայի մեջ ընկել։ Դրանից առաջ կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ պայմանավորվել եմ, որ, եթե առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ պետք է բուժման ուղարկել Գերմանիա, նրանք ոչ մի դեպքում թույլ չտան դա անել։
Օմսկի հիվանդանոցում մահանալն ու Օմսկի դիահերձարանում հայտնվելը, որտեղ որպես մահվան պատճառ կնշեին «հերիք է, որքան ապրել է», իմ խորամանկ պլանի վերջնական նպատակն էր։
Սակայն Պուտինն ինձ բացահայտեց։ Նրան չես խաբի։ Արդյունքում՝ ես հիմարի պես 18 օր կոմայի մեջ մնացի, բայց իմ ուզածին չհասա։ Սադրանքը չստացվեց»։
Ռուսաստանի արտգործնախարությունը սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ «նովիչոկ» անվանումով նյութ ոչ Ռուսաստանում, ոչ ԽՍՀՄ-ում երբեք չի արտադրվել։