Նամակներ բանտից: Վերջին նախազգուշացում
«Նամակներ բանտից»-ը JAMnews-ի նոր նախագիծն է: Ամեն ինչ սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր մի ցմահ դատապարտյալից: Յուրի Սարգսյանն արդեն 23 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը:
Յուրի Սարգսյանը նաև «Պատժի առավելագույն չափ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:
Յուրի Սարգսյանի չորրորդ նամակը
Մի կանոն կա, որն ասում է. մի՛ դատիր ուրիշին, քանի դեռ նրա տեղում չես հայտնվել: Ինչո՞ւ: Որովհետև հայտնի չէ, թե ինչ կանեիր ինքդ նմանատիպ իրավիճակում: Սակայն շատերը դատում են և քննադատում՝ անգամ չմտածելով սեփական դատողությունների հետևանքների, ուրիշին դատելու սեփական բարոյական իրավունքի մասին:
Բանտերի և դրանց բնակիչների գոյությունն իրականություն է: Փշալարից այնկողմ կատարվող ստորությունները՝ նույնպես: Ցանկանում եք այդ մասին իմանալ, թե՝ ոչ, բայց փաստը համառ բան է: Ինչպես նաև այն հանդիմանանքը, որը հանդիպում է մեծերի և փոքրերի հայացքում ամեն քայլափոխի՝ ծնողների հայացքում, որոնք կորցրել են զինվոր որդուն, չքավորների, հիվանդների, անապաստանների, անտունների հայացքում…
Ավելի հեշտ է երեք կապիկներին նմանվել, որոնք թաթերով ծածկում են աչքերն, ականջներն ու բերանը, քան մարդ մնալ. «Եթե ես չեմ տեսնում չարիք, չեմ լսում չարիքի մասին, պաշտպանված եմ դրանից»: Իմ կարծիքով՝ դա սխալ դիրքորոշում է: Ճակատագրի հարվածները կարող են բաժին ընկնել (և բաժին են ընկնում) յուրաքանչյուրին ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Եվ ավելի լավ է, ուրիշների սխալների վրա սովորել, քան գործել սեփականները:
Վտարյալ դառնալու համար պարտադիր չէ, որ մարդ օրենք խախտի և ճաղերի հետևում հայտնվի: Բավական է՝ ոտքը սայթաքի և ընկնի կեղտոտ ջրափոսի մեջ, որպեսզի աշխարհը, որը դրանից առաջ ամբողջական և ներդաշնակ էր, փլվի, երեք խմբի բաժանվի՝ նրանց, ովքեր վախենում են կեղտոտվել, որոնք օգնության ձեռք են մեկնում և «երեք կապիկների»: Մի ակնթարթ նրանք, ովքեր ջրափոսում չեն, կզգան իրենց գերակայությունը: Եվ կարևոր չէ, թե որքան երկար կլինի այդ ակնթարթը: Ձեզ ընտրության առաջ են կանգնեցրել, դուք էլ ընտրել եք: Մարդը, որն ուրիշին ամենավատն է համարում, վատ բան է մտածում միայն նրա մասին: Սակայն իրեն բոլորից լավը հռչակածը վատ կարծիքի է բոլորի մասին:
Չկա ավելի սարսափելի բանտ, քան այն, որը կառուցվում է մեր գլխում: Եվ չկա ավելի դաժան մարդասպան, քան նա, ով համոզված է սեփական անսխալականության և իրավացիության մեջ:
90-ականներին սպանության համար բոլոր մեղադրյալներին կարցեր (տուգանային մեկուսարան) էին տանում: Ինձ այնտեղ պահեցին 22 օր, որոնք հաստատության նկուղային հարկի միայնակ խցում անցկացրած ամենամղձավանջային գիշերների վերածվեցին: Ոչ լույս կա, ոչ օդ, ոչ մարդ: Պատժի պատճառը տեղեկություն կորզելն էր (կտտանքների միջոցով խոստովանություն էին կորզում Հայաստանում իմ ներկա գտնվելու ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ): Ծեծում էին օրը երեք անգամ, տաք կերակուր էին տալիս երեք օրը մեկ, մնացած ժամանակ՝ չոր հաց և տաք ջուր: 22-րդ օրն ինձ զգուշացրին, որ շուտով իսկական դժոխքն է սկսվելու: Եվ ես երակներս կտրեցի: Կորցնում էի գիտակցությունս, կրկին ուշքի գալիս, կրկին կտրում երակներս:
Այնտեղ երեք մարդու մահվան ականատես եղա, որոնց սպանեցին բանտի աշխատակիցները: Առաջինը մեղադրվում էր բռնաբարության համար, սակայն այդպես էլ իր մեղքը չընդունեց: Երկրորդ զոհը շատ երիտասարդ մի տղա էր: Նրան մի ամբողջ ամբոխով էին ծեծում հերթով. ոմանք հոգնում էին, նրանց մյուսներն էին փոխարինում: Վերջում արդեն անշունչ մարմինն անարգեցին՝ միզելով վրան: Հիշում եմ, թե ինչպես նախաձեռնողը՝ տականք սպա-բանտապետը, հեգնանքով ասաց. «Սկսեք… Միգուցե կենդանանա»:
Երրորդ մահը ֆաշիստական համակենտրոնացման ճամբարները հիշեցրեց: Այդ տարի Հայաստանում այնպիսի ցրտեր էին, որ խողովակները պայթում էին: Եվ դա ռեժիմի ներկայացուցիչներին միտք տվեց. բանտային նկուղի բանտարկյալների հագուստը հանել, թողնել միայն վարտիքը՝ հերթական անգամ փորձելով նրանց մեջ կոտրել մարդուն: Այդպես էլ արեցին: Միայն բանտարկյալներից մեկը պահանջեց վերադարձնել հագուստը՝ սպառնալով բողոքել Կարմիր Խաչին: Եվ նրան լսեցին: Սկզբում խեղճին ծեծեցին, մինչև կորցրեց գիտակցությունը: Այնուհետև թրջեցին նրա բրդյա վերարկուն ջրով և հագցրին ծեծվածի մերկ մարմնին: Առավոտյան ուռած դիակը տարան պատգարակով:
Ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչպես թվում է. սխալվում են մարդիկ, սխալվում են դատավորները:
Իմ մահապատժի դատավճռից երեք ամիս անց իմ բանտախուց նորեկի բերեցին: Տաքսու վարորդ էր, որը գումարտակի հրամանատար կապիտանին տարել էր մինչև զորամասի հսկիչ անցակետ: Հետագայում պարզվել է, որ սպան թմրամոլ-մարդասպան է, որը գնդակահարել էր իր երեք ենթականերին: Տաքսու վարորդին մեղադրել էին հանցակից լինելու համար և առավելագույն պատիժ սահմանել: Ազատության մեջ էին մնացել նրա կինն ու երկու զույգ տղաները: Խեղճ հայրը խելագարվում էր, գրեթե չէր ուտում և զօրուգիշեր այսուայնկողմ նետվում բանտախցում՝ բացականչելով. «Չորս միլիո՜նս, չորս միլիո՜նս»: Երկու ամսից մահացավ. երեխաների կարոտն ու հուսահատությունն իրենց գործն արեցին:
Գնդակահարության դատապարտվածների բանտախցերում այլ մահեր էլ եղան: Հնարավոր չէ մեկ հոդվածի շրջանակում պատմել բոլորի մասին: Սակայն այս փաստերը խոսուն են, և դրանք խոսում են ոչ թե արտաքին աշխարհից մեկուսացված աշխարհի, այլ պատմության մասին, որի մի մաս է ձեզնից յուրաքանչյուրը:
Դատապարտվածի մռայլ անցյալը նույնպես փաստ է: Սակայն այդ փաստն արդեն հնարավոր չէ փոխել ոչ մեկ տարուց, ոչ տասը տարուց, երբեք:
Աստվածաշնչում գրված է եգիպտական մահապատիժներից մեկի՝ խավարի մասին, որն ինչ-որ ժամանակով կուլ էր տվել Եգիպտոսի հողը: Առաջին երեք օրվա ընթացքում այնքան մութ էր, որ «մարդիկ միմյանց չէին տեսնում»: Նման մեծագույն խավար նկատվում է նաև մեր առօրյա կյանքում, որն արտահայտվում է «երեք կապիկների» համախտանիշով, անուշադրությամբ և/կամ անսահման եսակենտրոնությամբ:
Երբեմն մարդը կարծում է, որ «ճիշտ բաներ է անում». ինչ-որ գործերով է զբաղվում, որոնք նրան թույլ չեն տալիս նկատել իր շուրջ կատարվող ապօրինությունները: Եվ մոռանում է մարդու գլխավոր կոչման մասին. երբեք չլինել այնքան կլանված սեփական զարգացմամբ և բարօրությամբ որպեսզի շրջապատի մարդկանց օգնության ճիչերի հանդեպ ոչ զգայուն լինես: Քանի որ ամեն ինչ բումերանգի պես վերադառնում է:
Այսօրվա դրությամբ Հոլանդիայի Լեյդենի թանգարանում հնագույն մի փաստաթուղթ կա (թանգարանային կատալոգում 344 համարի տակ է), ուր ներկայացվում է հենց այն աստվածաշնչյան ժամանակահատվածի դժբախտությունների ժամանակագրությունը, որի մասին այստեղ նշեցի: Հետագայում այդ փաստաթուղթը ստացել է «Իպուվերի պապիրուս» անվանումը (դրա հեղինակ եգիպտացու անունով): Խավարով պատիժը Բարձրյալի վերջին նախազգուշացումն էր:
Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, որ հասել ենք մի սահմանագծի, որից այնկողմ դատարկություն է և մահ:
Հրապարակման հեղինակի կողմից օգտագործված եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են նրան և, հնարավոր է, չհամընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների գաղափարների և կարծիքների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակմանը կից այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կոչ կանեն բռնության և էթիկապես անթույլատրելի կլինեն այլ պատճառներով: