ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդդեմ Իվանիշվիլիի
«Թբիլիսին՝ աշխարհի ամենաներդաշնակ պատմական մայրաքաղաքներից մեկը, վտանգի տակ է»,- այս արտահայտությունը հնչել է նամակում, որով մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում աշխատող 13 հեղինակավոր միջազգային կազմակերպություն դիմել էին նախագահին, վարչապետին, Թբիլիսիի քաղաքապետին և նախարարներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատուների վրդովմունքն էր հարուցել «Համայնապատկեր-Թբիլիսի» ներդրումային ծրագիրը, որը նախաձեռնել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, և որի շինարարությունն արդեն սկսվել է:
«Համայնապատկեր-Թբիլիսին» իր մեջ ներառում է 4 հսկայական բազմաֆունկցիոնալ համալիր, որոնք կկառուցվեն հին Թբիլիսիի տարբեր թաղամասերում (Սոլոլակի նախալեռներ, Սոլոլակի պարտեզներ, Ազատության հրապարակ և Իրակլի 2-րդի հրապարակ): Համալիրները իրար կմիանան ճոպանուղային ճանապարհով և թեք վերելակներով: Ըստ ծրագրի՝ այստեղ պետք է տեղակայվեն բազմաֆունկցիոնալ կենտրոններ, բիզնես-տարածքներ, մարզական համալիրներ, յոթաստղանի հյուրանոցներ և այլ զբոսաշրջային ու ժամանցային ենթակառուցվածքներ:
Այսպիսի տեսք ունի «Համայնապատկեր-Թբիլիսիի» համակարգչային մոդելը.
Մասնագետները կարծում են, որ նման հսկայական օբյեկտների կառուցումը Թբիլիսիի՝ նեղլիկ փողոցներով և առավելագույնը 3-4- հարկանի տներով պատմական հատվածում, կվնասի քաղաքի տեսքին:
2007թ.-ից Հին Թբիլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պատմական ժառանգության ցուցակի թեկնածու է, ինչը ենթադրում է պարտավորություն ստանձնել այդ տարածքի պաշտպանության հարցում:
«Համայնապատկեր-Թբիլիսիի» շինարարությունը դադարեցնելու պահանջով Վրաստանի կառավարությանը նամակ հղած միջազգային կազմակերպությունները համանման խնդրանքով դիմել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Թբիլիսիի պատմության մեջ ամենաթանկարժեք նախագծի նախնական բյուջեն գերազանցում է կես միլիարդ դոլարը: Նախագիծն իրականացնում է 2013թ. Իվանիշվիլիի կողմից հիմնված «Համաներդրումային հիմնադրամը»:
«Համաներդրումային հիմնադրամը» ձգտում է «Համայնապատկեր-Թբիլիսի» նախագիծը վերածել Հարավկովկասյան տարածաշրջանի խոշորագույն կենտրոնի և այն դարձնել Թբիլիսիի այցեքարտը: «Այս նախագիծը Թբիլիսին կդարձնի Հարավկովկասյան տարածաշրջանի կենտրոն»,- հայտարարել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Բաչիաշվիլին:
Ինքը՝ պրոյեկտի նախաձեռնող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, նախագիծը համարում է յուրահատուկ և բացառիկ: Նրա խոսքով՝ «ներդրողները չէին ներքաշվի այս նախագծում, եթե չլիներ իմ սևեռուն գաղափարը, քանի որ նախագիծը շահավետ չէ»:
Վրացի միլիարդատերը պատրաստվում է նախագծում ներդնել նաև իր սեփական միջոցները:
«Նախագծի ֆինանսական կողմը կապված է որոշակի ռիսկերի հետ, չնայած առաջին ռիսկերը ես իմ վրա եմ վերցրել, և եթե նախագիծն իրեն արդարացնի և դառնա շահավետ, ցանկացած ոք կարող է ձեռք բերել այս ամենը ինքնարժեքով: Ես սա անում եմ միայն բացառիկ նախագիծ ստեղծելու, զբոսաշրջիկների հոսքը խթանելու և Թբիլիսին ամբողջ տարածաշրջանի այցեքարտը դարձնելու համար»,- հայտարարում է Իվանիշվիլին:
Նա համոզված է, որ «Համայնապատկեր-Թբիլիսի» նախագծի դեմ բողոքի ալիքի ետևում կանգնած է «Ազգային շարժումը»:
Նախագծի դեմ արդեն ամիսներ շարունակ պայքարում են շրջակա միջավայրի պաշտպանները, ոչ կառավարական կազմակերպություններ և Թբիլիսիի շարքային քաղաքացիներ: Պարբերաբար ակցիաներ են անցկացվում, այդ թվում և հենց Իվանիշվիլիի տան դիմաց:
Տեսանյութում՝ ակցիաները
Վերոնշյալ նախագծի դեմ սոցիալական ցանցներում տարածված միջնորդագիրն արդեն ստորագրել է մինչև 5000 մարդ: «Եթե Իվանիշվիլին իսկապես ցանկանում է ներդրում ունենալ քաղաքի զարգացման գործում, ապա թող «Համայնապատկեր-Թբիլիսին» քաղաքի պատմական կենտրոնից տեղափոխի Թբիլիսիի արվարձան»,- հայտարարում են միջնորդագիրը ստորագրողները:
Ուրբանիստները կարծում են, որ նախագիծը կխոչընդոտի քաղաքի զարգացմանը, Թբիլիսին կկորցնի իր պատմական տեսքը և պակաս գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար:
Շրջակա միջավայրի պաշտպանները խնդիրը տեսնում են Սոլոլակի նախալեռներում անտառը կտրելու, քաղաքի կենտրոնում մեքենաների խցանումների ավելացման մեջ, ինչը վնաս կհասցնի շրջակա միջավայրին:
Նախագծի հեղինակներն ի պատասխան դրա հայտարարում են, որ «Համայնապատկեր-Թբիլիսիի» շրջանակներում կկառուցվի 1800 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի, շինարարության մեջ կներգրավվի մինչև 6000 մարդ, և մինչև շինարարական աշխատանքների ավարտը 2000 մարդ կապահովվի մշտական աշխատանքով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատուների պահանջը Վրաստանի կառավարությունը հաշվի չի առել: Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ նամակում նշված չեն եղել հստակ պատճառներ առ այն՝ ինչու պետք է նախագիծը դադարեցվի:
Չնայած հասարակությունում առկա տարաձայնություններին՝ նախագծի իրականացումն արդեն սկսվել է: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մեկուկես տարուց:
Ոչ կառավարական կազմակերպությունները և ակտիվիստները պատրաստվում են վերսկսել բողոքի ակցիաները: Նրանց կարծիքով՝ «Համայնապատկեր-Թբիլիսի» նախագիծը կարող է դառնալ այն գլխավոր պատճառը, որով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհրաժարվի հին քաղաքը ներառել իր մշակութային ժառանգության ցուցակում:
«Սա կլինի միակ կառավարությունը, որն այնպես կանի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվի հին քաղաքը ներառել մշակութային ժառանգության ցուցակում: Եթե Թբիլիսին ներառավեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, դա շահավետ կլիներ այդ թվում և ֆինանսական առումով»,- հայտարարում է մշակութաբան Ցիրա Ելիսաշվիլին:
• Օգոստոսին՝ «Համայնապատկեր-Թբիլիսիի» դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 10 ակտիվիստ: Ձերբակալման պատճառ են դարձել նախկին վարչապետի և «Համայնապատկեր-Թբիլիսիի» հասցեին ոչ պատշաճ արտահայտություններով պաստառները:
• «Համայնապատկեր-Թբիլիսիի» շինարարական աշխատանքները սկսելու համար Սաքրեբուլոն չեղյալ է հայտարարել Սոլոլակի նախալեռների՝ ժամանցային գոտու կարգավիճակը:
• Հողի մի մասը, որի վրա տարվում են համալիրի շինարարական աշխատանքները, պատկանել է Բիձինա Իվանիշվիլիին: «Համաներդրումային հիմնադրամը» այդ հողերը գնել է նախկին վարչապետից: