Յոթ երիտասարդ Ռուսաստանում դատապարտվել է մեծ ժամկետներով ազատազրկման ահաբեկչական կազմակերպության ստեղծման համար
Կիսվել
Կիսվել
Ռուսական Պենզա քաղաքի դատարանը հրապարակել է «Ցանց» կազմակերպության աղմկահարույց գործով դատավճիռը։ Ինչպես հաղորդում է «Նովայա գազետան», յոթ մեղադրյալ երիտասարդները 6-18 տարվա ազատազրկման են դատապարտվել ահաբեկչական համայնքի ստեղծման և դրան մասնակության համար։
Առավել մեծ ժամկետներ են ստացել 27-ամյա Դմիտրի Պչելինցևն ու 23-ամյա Իլյա Շակուրսկին՝ 18 և 16 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի բանտում։
Դատապարտվածներն իրենց մեղքը չեն ճանաչել։ Մեղադրյալներին աջակցելու համար դատարան էր եկել մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ իրավապաշտպաններ Լև Պոնոմարյովն ու Ալեքսանդրա Կրիլենկովան։
Իլյա Շակուրսին ու Դմիտրի Պչելինցևն ամենամեծ ժամկետներն են ստացել։ Իլյան՝ 16 տարի խիստ ռեժիմով բանտում, Դմիտրին (երկրորդ պլանում)՝ 18 տարի։ Լուսանկարը՝ Վլադ Դոկշինի / «Նովայա գազետա»
«Ցանցի» գործը
Ըստ քննության վարկածի՝ ընդհատակյա կազմակերպության մասնակիցները պատրաստվում էին զինված ապստամբություն բարձրացնել և ահաբեկչական գործողություններ իականացնել նախագահական ընտրությունների և 2018 թ–ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։
«Ցանցի» «մասնաճյուղերն», ըստ քննության, գործել են Պենզայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Բելառուսում։
Հետաքննությունը հիմնվում է ընդամենը մեկ վկայի՝ Պենզայի մանկավարժական ինստիտուտի ուսանող Եգոր Զորինի ցուցմունքների վրա, որն, ինչպես պարզել են լրատվամիջոցները, մինչ այդ թմրանյութերի հետ է կապ ունեցել։
Ձերբակալվածներին միավորում են ձախ գաղափարները․ նրանց մեծ մասն իրենց անարխիստ կամ հակաֆաշիստ է համարում։ Ինչպես նաև սթրայքբոլը (կամ աիրսոֆթ՝ մարտավարական թիմային խաղ՝ թեթև օդամղիչ զենքի կիրառմամբ)։ Սակայն, ըստ նրանց հարազատների և փաստաբանների, նրանք ոչ բոլորն են միմյանց հետ շփվել։
Մարզումներն ու սթրայքբոլ խաղալը ռուսական հատուկ ծառայությունները համարել են զինված դիմադրության հմտությունների մշակում։
Սակայն ձերբակալվածներին այդպես էլ ահաբեկչության նախապատրաստման մեղադրանք չի առաջադրվել։
Նրանցից ոմանք հայտարարել են, որ ձերբակալության առաջին օրերին իրենք ստիպված են եղել խոստովանական ցուցմունք տալ՝ չդիմանալով կտտանքներին։
Բոլոր մեղադրյալներն իրենց մեղքը հերքում են և պնդում, որ ոչ մի «Ցանց» կազմակերպություն գոյություն չի ունեցել։