Մոլդովա․ կեղծ փախստականների «հոսքագիծ»
Եվրամիության երկրներում ապաստանի համար դիմողների թվով Մոլդովան զիջում է միայն այն երկրներին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում։ Մոլդովական անկախ ZdG պարբերականի լրագրողները մեկնել են Նիդերլանդներ՝ հետևելու այն ուղուն, որն անցնում են Մոլդովայից Եվրոպա մեկնող ապօրինի միգրանտները, և պարզելու, թե ինչու նրանց սպասումները չեն արդարանում։
Ըստ Ziarul de Gardă–ի նյութի
«Կներեք, բայց դուք շանս չունեք »
Տասնյակ հազարավոր մոլդովացիներ երազում են եվրոպական ձանձրալի խուլ բնակավայրերում անհոգ կյանքի մասին։ Նրանցից շատերը Եվրոպա են գալիս ընտանիքներով՝ հույս ունենալով, որ կհաջողվի «հանձնվել» իշխանություններին և ստանալ փախստականի կարգավիճակ։ Մարդիկ մեկնում են աղքատության, գործազրկության և անկայունության պատճառով, սակայն եվրոպացի պաշտոնյաները լիովին հիմնավորված կարծիք ունեն, որ դա բավական չէ փախստական կոչվելու համար։
«Սովորաբար մենք ուղիղ ասում ենք, որ նրանք շանս չունեն, որովհետև չեն համապատասխանում չափանիշներին», — պարզաբանում է Հենկ Վոլտոֆը՝ հոլանդական Տեր Ապել քաղաքի Նիդերլանդներում ամենախոշոր Ապաստան փնտրողների կենտրոնի ղեկավարը։
- Սահմանափակումներով առանց վիզայի ռեժիմ։ Ո՞վ և ինչո՞ւ Եվրոպա չի թողնում Վրաստանի քաղաքացիներին
- Վրաստանի քաղաքացիները Եվրոպայում․ առանց վիզայի, առանց ապաստանի
- Նրանց արտաքսում են գիշերը՝ հավաքվելու ժամանակ չտալով․ հայ միգրանտներին այլևս ապաստան չեն տալիս Եվրոպայում
Մոլդովացիները հաճախ են Տեր Ապել գալիս «կազմակերպված»․ ավտոբուս են լցվում ազգականներով, հարևաններով ու համագյուղացիներով։ Ավելի լավ կյանք փնտրողների շարքում են նաև ծերեր, երեխաներ և հղիներ։ Հաճախ ուղևորներն ավտոբուսի նստատեղերից ավելի շատ են լինում, և տանջալից ուղևորությունը մի քանի օր է տևում։
«Մենք, իհարկե, ցավում ենք, որ մարդիկ ստիպված են եղել այսքան երկար ճանապարհ անցնել։ Ցավում ենք, որ նրանք չեն իրականացնի այն երազանքը, որն ունեցել են տանը՝ Մոլդովայում, – ասում է Հենկ Վոլտոֆը, – ես նրանց դեմքին տեսել եմ հիասթափություն, երբ նրանք իմացել են, որ ապաստան խնդրելն անիմաստ է»։
Տեր Ապելի Ապաստան փնտրողների կենտրոնի ղեկավարի խոսքով՝ մի անգամ նա ստիպված է եղել դիմավորել Մոլդովայի 200 քաղաքացու։ Այդ մարդկանց գիշերակացով ապահովելու համար ստիպված են եղել մարզասրահ ազատել և երեք շարքով մահճակալներ տեղադրել։ Ըստ Վոլտոֆի՝ մարդկանց թույլ են տվել քունն առնել, հանգստանալ, լվացվել և տաք սնունդ են ապահովել։ Որից հետո նրանք ստիպված են եղել Մոլդովա վերադառնալ։
Տեր Ապելի փախստականների ընդունելության կենտրոնը չի փակվում ոչ ցերեկը, ոչ գիշերը․ ողջ աշխարհից այստեղ են ժամանում մարդիկ, որոնք ուզում են հիմնվել Եվրոպայում։ Շատերը ստիպված են փախչել պատերազմներից կամ բռնապետական ռեժիմների հետապնդումներից։
Սակայն այն անձանց թվում, ովքեր ապաստանի խնդրագիր են ներկայացնում, քիչ չեն երկրների քաղաքացիները, որոնք Նիդերլանդներն անվտանգ են համարում։ Դրանց թվում է նաև Մոլդովան, այդ պատճառով էլ անցյալ տարի Նիդերլանդների Թագավորությունը չի բավարարել այդ երկրից ապաստան փնտրողների ոչ մի խնդրագիր։ Ընդհանուր առմամբ, 2019 թ–ին նրանք շուրջ 900–ն էին։
Հանցավոր սխեմաներ
Հիմքեր կան կասկածելու, որ մոլդովացիներին «հավաքագրող» և նրանց տեղափոխող ավտոբուսները կազմակերպող անձինք միջազգային հանցավոր սխեմայի մաս են կազմում։
2019 թ–ի նոյեմբերին հոլանդական ոստիկանությունը Մոլդովայի մի քանի քաղաքացու է ձերբակալել, որոնք կասկածվում են ապօրինի միգրացիայի կազմակերպման և մարդկանց վաճառքի համար։ Հետաքննությունը շարունակվում է, ավտոբուսների երկու վարորդ, որոնք մոլդովացիներին Նիդերլանդներ են տեղափոխել, կալանքի տակ են։
Նրանցից շատերն, ովքեր մերժում են ստացել Նիդերլանդներից, սկսում են բախտը փորձել ԵՄ մյուս երկրներում։ Ըստ վիճակագրության, ասում է Նիդերլանդներում Մոլդովայի դեսպան Տատյանա Պըրվուն, այդ «մերժվածների» 70 տոկոսը խնդրագիր է ներկայացնում Ֆրանսիայում կամ Գերմանիայում։ Դա նույնպես իմաստ չունի, քանի որ բոլոր մերժումները գրանցվում են ԵՄ բոլոր երկների համար մեկ ընդհանուր բազայում։
Նախորդ տարիներին բոլոր ապաստան փնտրողներին նպաստ են վճարել այն ժամանակահատվածի համար, մինչ իշխանությունները քննում էին նրանց դիմումները։ Սակայն վերջերս կանոնները խստացել են, և մարդիկ էլ փող չեն ստանում, նրանց միայն գիշերակաց են տրամադրում։ Մոլդովայի դեսպանն ասում է, որ այդ խստացումը կրճատում է եվրոպական մյուս երկրներում «հանձնվել» ցանկացողների թիվը։
Ռիսկի խումբ
Ապօրինի միգրանտների մեծ մասը, որոնք կարող են մարդկանց վաճառքով զբաղվողների ուռկանն ընկնել, Մոլդովայի ռոմերի համայնքի ներկայացուցիչներն են։ Համենայնդեպս, նրանք Մոլդովայից Տեր Ապել մեկնող ավտոբուսների ուղևորների մեծ մասն են կազմում։
Ռոմերի մեծ մասն, այդ թվում՝ փոքր երեխաներով կանայք և 70 տարեկանից բարձր տարեցները մեկնում են Օտակի քաղաքից։ Հայտնի է, որ այդ մարդիկ Նիդերլանդներում խնդրագիր են ներկայացրել և մերժում ստացել, սակայն այդպես էլ հայրենիք չեն վերադարձել։
Դենիս Պրեյդան Մոլդովա վերադարձած սակավաթիվ «մերժվածներից» է։ Նրա խոսքով՝ ինքը Նիդերլանդերից վերադարձել է մեկ ամիս առաջ։
«Վարշավա–Քիշնև ինքնաթիռով, ասում է Դենիսը, – մեզ ութ մարդ էր ուղեկցում՝ համոզվելու համար, որ տուն ենք վերադառնալու, այլ ոչ թե հետ ենք գնալու»։
Դենիսը հաճույքով կիսվում է իր եզրակացությամբ․ եվրոպական իշխանությունները կարող են ապաստան տրամադրել, եթե համոզվեն, որ մարդուն հետապնդում են կամ սպառնում։ «Ես նրանց ասացի, որ ֆինանսական խնդիրներ ունեմ, սակայն նրանք դա հաշվի չառան», – եզրակացնում է Դենիսը։
Մեդիացանցի աջակցությամբ