Մոլդովայի բնակիչներից շատերը լքում են երկիրն՝ ապրուստի միջոց վաստակելու. երեխաներն էլ հետևում են ծնողներին
Հրապարակման օրիգինալը՝ ZDG կայքում
Վերջին 20 տարվա ընթացքում Մոլդովայի երեքուկես միլիոն բնակչության ավելի քան 800 հազար քաղաքացի, ըստ պաշտոնական վիճակագրության, մեկնել է արտասահման աշխատելու: Ըստ Magenta Consulting հետազոտող կազմակերպության տվյալների՝ ամեն օր երկիրն ընդմիշտ լքում է 106 մարդ: Իսկ «Հասարակական կարծիքի բարոմետր» հետազոտության համաձայն՝ Մոլդովայի՝ տանը մնացած քաղաքացիների 56 տոկոսը հաճույքով նրանց կմիանար, եթե այդպիսի հնարավորություն ունենար:
Էմիլիան և Ալինան
Մոլդովայից սկսել են մեկնել 90-ականներին: Մեկնում էին հիմնականում կանայք: Իսկ Էմիլիա Դելեուն առաջիններից մեկն էր: «Դադարեցին աշխատավարձերը վճարել, դպրոցներում և մանկապարտեզներում դադարեցին երեխաներին կերակրել», — ասում է Էմիլիան՝ հիշելով, թե ինչպիսին էր կյանքը Մոլդովայում այն պահին, երբ նա հասկացավ, որ պետք է մեկնել:
Հայրենիքում Էմիլիան ամուսնու հետ աշխատում էր Մոլդովայի հյուսիսում գտնվող Կուպչին քաղաքի պահածոների գործարանում: Սկզբում աշխատավարձերը կրճատել են և սկսել ուշացնել, իսկ 1993թ-ին ֆաբրիկան ընդհանրապես փակվել է:
Էմիլիան և նրա ամուսին Մարչելը պատրաստվել են Մոսկվա մեկնել՝ շինարարությունում աշխատելու: Աղջիկներին՝ Ալինային ու Ագնեսային, թողել են տատի ու պապի հետ: Մտածել են, որ ժամանակավոր է, սակայն 21 տարի է անցել:
«Սկզբում մենք պարզապես աշխատում եինք, ավելի ուշ սկսեցինք գումար կուտակել: Հավաքում էինք տան վերանորոգման, այնուհետև՝ երեխաների ուսման վարձի համար: 2008թ-ին կրտսեր դուստրս՝ Ալինան, Քիշնևում քոլեջ ընդունվեց, սկսեց ինտերիերի դիզայն սովորել», — հիշում է Էմիլիան:
Մի քանի տարի անց՝ 2011թ-ին, Մոսկվա եկավ արդեն Ալինան: Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր ամուսնանալ և ցանկանում էր հետագա ուսման համար գումար հավաքել:
Հայրենիքում Ալինան հասցրել էր ավարտել քոլեջն ու ինստիտուտը, սակայն նրա դիպլոմները չեն ճանաչվում Ռուսաստանում: Նա առևտրի կենտրոնում որպես վաճառող է աշխատում, և ստանում ամսական 500 եվրո աշխատավարձ: Մոսկվայի համար դա պաշտոնական միջին աշխատավարձից ցածր է, սակայն Մոլդովայում դա պատգամավորի կամ նախարարի աշխատավարձ է: «Պետք է զարգանալ, — ասում է Ալինան, — ուզում ենք Եվրոպա մեկնել, միգուցե պայմաններն այնտեղ ավելի լավ լինեն»:
Անցյալ տարի Ալինան և նրա ընտանիքը նույնպես հրաժարվեցին մոլդովական քաղաքացիությունից՝ հօգուտ ռուսականի: Այժմ Էմիլիան ու Մարչելը ռուսական անձնագրերի են սպասում։ Մոլդովա նրանք վերադառնում են միայն տոներին:
Եկատերինան ու Սվետլանան
Եկատերինա Յանուլովան 20 տարի աշխատել է խոզաբուծարանում հայրենի Գագաուզիայի՝ Մոլդովայի հարավում գտնվող ինքնավարության գյուղերից մեկում: Երբ խոզաբուծարանը փակվեց, Եկատերինայի համագյուղացիներից շատերն արդեն Թուրքիա էին մեկնել: Թուրքիան տեղի բնակչությանը՝ գագաուզներին, էթնիկապես մոտ է: Եկատերինան ամուսնու՝ Դմիտրիի հետ նույնպես որոշեց լքել հայրենիքը՝ երազելով, թե ինչպես են վաստակած գումարով, վերջապես, վերանորոգելու տունը:
«Մենք աշխատանքի տեղավորվեցինք ընտանիքներից մեկում. ամուսինս լողավազանն էր մաքրում և բույսերը խնամում, իսկ ես սնունդ էի պատրաստում»: Հենց ստացվել է մի փոքր գումար կուտակել, ուղարկել են հարազատներին և տանը ջրատար են անցկացրել, վերանորոգել բաղնիքը, թարմացրել կահույքը:
Որոշ ժամանակ անց Թուրքիա են եկել նրանց երկու որդիներն իրենց կանանց հետ: «Մենք բոլորս միասին էինք աշխատում: Հետո որոշեցինք Մոսկվա մեկնել», — պատմում է Յանուլովների զույգը:
Հետո Դմիտրին հիվանդացել է և ստիպված է եղել Մոլդովայում մնալ: Եկատերինան հետ է եկել ամուսնուն խնամելու: Աշխատանքը չկորցնելու համար, որը կերակրում է ողջ ընտանիքը, դուստրը՝ Սվետլանան, որոշել է Թուրքիայում փոխարինել մորը: «Բավական է դու աշխատես, այժմ իմ հերթն է, — ասել է 33-ամյա Սվետլանան մորը, — ավելի լավ է, աղջիկներիս համար հոգ տար»:
Եկատերինան, Վալերիան և Վիրջինիան
Եկատերինա Գուրգիշը 55 տարեկան է: Էմիգրացիայից առաջ նա Սադովո գյուղում դպրոցի տնօրեն էր, որը Քիշնևից 40 կմ հեռավորության վրա է գտնվում:
Նա հայրենիքից մեկնել է 2011թ-ին: Այդ ժամանակ իր համագյուղացիներից շատերն արդեն աշխատանք գտնելու համար Իտալիա էին մեկնել: Մեկնում էին նաև Եկատերինայի դպրոցի ուսուցիչները, սակայն նա մեկնելու գաղափարին միանգամից չի եկել. կասկածել է, թե ինչպես կարող է լքել դպրոցի տնօրենի կաբինետը՝ սպասարկող անձնակազմ դառնալու համար:
«Սկզբում ես 60 օրով իմ հաշվին արձակուրդ վերցրի: Իսկ այնտեղ հայրենակիցներս ինձ առաջարկեցին մնալ և հոգ տանել տարեցների համար: Աղջիկս ասում էր. «Ի՞նչ դպրոց: Մնա՛ Իտալիայում»: Ես էլ մնացի», — հիշում է Եկատերինան:
Ավագ դուստրը՝ Վալերիան, որոշել է Իտալիա մեկնել մորից մի քանի տարի առաջ: Նա ամուսնու և որդու հետ ապրում է Միլանի ծայրամասում և աշխատում ընտանիքներից մեկում՝ «սնունդ է պատրաստում և տունը հավաքում»:
Եկատերինայի կրտսեր դուստրը՝ Վիրջինիան, ցանկացել է տանը մնալ և աշխատել՝ ըստ մասնագիտության (նա մոր ու ավագ քրոջ պես ուսուցչուհի է): Սակայն շուտով հասկացել է, որ աշխատավարձով չես ապրի: Արդյունքում Վիրիջինիան իր ընտանիքով նույնպես Իտալիա է մեկնել:
«Իտալիայում քրտնաջան աշխատում ես, բայց փոխարենն արժանապատիվ աշխատավարձ ես ստանում, կարելի է երեխաների համար պայմաններ ստեղծել: Թոռներս նորմալ դպրոց են հաճախում, տարբեր խմբակների մասնակցում: Մոլդովայում ամեն ինչ այլ է», — այսպես է Եկատերինան բացատրում, թե ինչու է նրա ընտանիքն արտասահմանում մնացել այսքան տարի:
Յուրաքանչյուր ամառ Եկատերինան Պադովայում ավտոբուս է նստում և մեկնում Սադովո՝ տուն: Հայրենիքը նա կարոտում է և ասում, որ, հնարավոր է, ընդմիշտ վերադառնա, երբ թոշակառու դառնա: