Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ
Ոստիկանությունը ձախողել է Բաքվի կենտրոնում ընդդիմության անցկացրած չարտոնված ցույցը։
«Մուսավաթ» կուսակցության կողմից նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանի Սահմանադրության օրը, կազմակերպած ցույցը նվիրված էր հավաքների ազատությանը։
Ձերբակալվել է «Մուսավաթի» մի քանի տասնյակ անդամ՝ ներառյալ կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին։
• Բողոքի ցույցեր և կադրային փոփոխություններ Ադրբեջանում․ արդյո՞ք դրանց միջև կապ կա
Նախադրյալներն ու ցույցի նպատակը
Ադրբեջանական իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ վերանորոգման է կանգնել «Մեհսուլ» մարզադաշտը, որտեղ իշխանություններն ընդդիմությանը թույլ էին տալիս ակցիաներ անցկացնել։
Ընդդիմադիրներին այժմ թույլատրում են հանրահավաքներ անել միայն Լոքբաթան քաղաքամերձ ավանում, որը Բաքվից 20 կմ հեռավորության վրա է գտնվում։ Դրանից դժգոհ ընդդիմությունը փորձում է չարտոնված ակցիաներ անցկացնել Բաքվի կենտրոնում։ Իշխանությունները դա կասեցնում են։
Այսօրվա ցույցով «Մուսավաթ» կուսակցությունն ուզում էր թույլտվություն ստանալ կենտրոնում ակցիաներ անցկացնելու համար։ Այսինքն այն պաշտպանում էր սահմանադրությամբ ամրագրված հավաքների ազատության իր իրավունքը։
Իշխանությունները կտրականապես արգելել էին ցույցը։ Նշանակված օրվանից մի քանի օր առաջ «Մուսավաթի» անդամներին սկսել էին ոստիկանություն կանչել։ Այնտեղ նրանց սպառնացել էին կալանքով և պահանջել չմասնակցել ցույցին։
Ինչպե՞ս էին զարգանում իրադարձությունները ցույցից առաջ և հետո
Ցույցի մեկնարկը 15:00-ին էր նախատեսված։
Արդեն կեսօրից ոստիկանությունն իր վերահսկողության տակ էր առել գործադիր իշխանության շենքի մերձակայքը։
Մոտավորապես այդ ժամանակ էլ «Մուսվաթի» ֆեյսբուքյան էջում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ կուսակցության շտաբ-բնակարանը նույնպես շղթայված է ոստիկանությունով, և նրանց, ովքեր փորձում են դրան մոտենալ, ձերբակալում են։
13:30 շտաբ-բնակարան ուղևորվելիս ձերբակալվեց «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին։
15:00-ին գործադիր իշխանության շենքի մերձակայքը լի էր լրագրողներով և շուրջ երկու հարյուր ոստիկաններով (ինչպես համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով)։
Ընդդիմադիրները ցույցի էին գալիս փոքր խմբերով։ Նրանց տանում էին, հենց նրանք սկսում էին կարգախոսներ վանկարկել կամ լրագրողներին հարցազրույց տալ։
Փաստացի ցույցը չկայացավ։ 16:00-ին և ոստիկանությունը, և լրագրողներն աստիճանաբար ցրվեցին։
Երեկոյան ձերբակալվածների մեծ մասն արդեն ազատության մեջ էր։