«Երկու քարի արանքում»․ Հայաստանի բանկերը այլևս «Միր» քարտերը չեն սպասարկի
«Միր» քարտերի սպասարկումը
Հայաստանյան բանկերը մարտի 30-ից չեն սպասարկում «Միր» քարտերը։ «Միր» համակարգի միջոցով կատարվող գործարքները շարունակում է սպասարկել միայն «ՎՏԲ-Հայաստան» բանկը, որը ռուսական ՎՏԲ-ի դուստր-բանկն է։
Առևտրային բանկերը դադարեցրել են «Միր» համակարգի հետ համագործակցությունը` հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։ Հայաստանի բանկերի միության փոխանցմամբ՝ խոսքը ԱՄՆ օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության սահմանած պատժամիջոցների փաթեթի մասին է, որն ընդունվել է փետրվարին։ ՀՀ Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է՝ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից։
Հայ տնտեսագետները կարծում են՝ այս որոշումը լուրջ հարված կհասցնի երկրի տնտեսությանը։ Մյուս կողմից այն համարում են «չարյաց փոքրագույնը»՝ նշելով, որ միջազգային ընդհանուր սկզբունքներից հրաժարվելու դեպքում վնասներն ավելի մեծ կլինեին։
Արձագանքելով այս որոշմանը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Միր» քարտերի սպասարկումը մերժելու որոշումը չի դիտարկում որպես «անբարյացակամ քայլ», դա համարում է ԱՄՆ աննախադեպ ճնշումների հետևանք:
«Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է։ Այն հայկական շուկայում է 2017 թ․-ից։ Փետրվարից համակարգը հայտնվեց Միացյալ Նահանգների թիրախում։ Վաշինգտոնի համոզմամբ՝ դրա միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։
Մեկնաբանություններ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ հայկական բանկերի որոշման նպատակը արևմտյան պատժամիջոցներից խուսափելն է։
Նկատում է՝ Հայաստանը շարունակում է մեծ կախվածություն ունենալ ՌԴ տնտեսությունից, ուստի «ճգնաժամ» կարող է առաջանալ։
Պարսյանի խոսքով՝ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում մոտ 1 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր, ապա 2023 թ․-ին միայն ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից ՀՀ է փոխանցվել շուրջ 3,9 միլիարդ դոլար։
«Այդ 3,9 միլիարդից 3,1 միլիարդը առևտրային նպատակով են փոխանցվել, այսինքն՝ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանում ապրանք, հագուստ ձեռք բերելու համար Ռուսաստանից փոխանցել են Հայաստան։ Անշուշտ, այդ 3,1 միլիարդի մի զգալի մասը փոխանցվել է հենց «Միր» քարտերի միջոցով»,- պարզաբանել է տնտեսագետը։
Ըստ նրա՝ «Միր» քարտերի միջոցով Հայաստանում աշխուժացել էր առևտուրը, հանրային տարբեր տեսակի ծառայությունները։
News.am-ի հետ զրույցում նկատել է՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Արևմուտքը պատժամիջոցների փաթեթ է ընդունել նաև Ռուսաստանի ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ․ «Միր» քարտերի գործունեությունը դադարեցվել է արևմտյան բոլոր երկրներում։ Պարսյանի փոխանցմամբ՝ այս քարտերից ամբողջությամբ հրաժարվել է նաև Ղազախստանը։
«Միր» քարտերի նկատմամբ այդ պատժամիջոցների խստացումն օրեցօր ավելանում է։ Անշուշտ այս ամենից Հայաստանի բանկերը չէին կարող անմասն մնալ։ Եվ արևտմյան այդ ճնշման տակ Հայաստանի առևտրային բանկերը հայտարարում են, որ դադարեցնում են դրանց սպասարկումը»,- նկատել է նա։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ մտահոգիչ իրավիճակ կարող է ստեղծվել նաև սոցիալական խմբերի, օրինակ՝ կենսաթոշակ ստացող քաղաքացիների համար։
Բանկը փոխելու առցանց դիմում նրանք պետք է ներկայացնեին մինչև մարտի 29-ը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ 2024 թ․-ի հունվարի տվյալներով միայն անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճար ստանալու ծրագրում ներառված է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հաճախորդ մոտ 39 հազար թոշակառու։ Բանկը չփոխելու պարագայում այս անձինք իրենց գումարը կկարողանան ծախսել միայն «ՎՏԲ-Հայաստան» բանկում կանխիկացնելուց հետո։
Տնտեսագետ Աղասի Թավադյանի խոսքով՝ «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները դադարեցնելը կարող է բարդություններ առաջացնել հատկապես արտահանում իրականացնող հայ գործարարների համար:
Հիշեցնոււմ է՝ ներկայումս ՀՀ-ից արտահանվող արտադրանքի 43 տոկոսը տեղափոխվում է Ռուսաստան, ուստի հայ գործարարները կապիտալը դուրս հանելու առումով բարդությունների կարող են բախվել․
«Խնդիրն այն է, որ ներկայումս Ռուսաստանը կտրված է աշխարհի ֆինանսական համակարգերից․ միջազգային քարտերն այնտեղ չեն գործում: Դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի գործարարների համար՝ հանգեցնելով կողմնակի ծախսերի աճի»։
«Արմենպրեսի» հետ զրույցում Թավադյանը նկատել է՝ այս որոշման արդյունքում շատ գործարարներ, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում ռուսական շուկայում, ստիպված կլինեն հրաժարվել այլ բանկերի ծառայություններից և օգտվել «ՎՏԲ-Հայաստան» բանկից։
Կարծում է՝ ՀՀ բանկերը հայտնվել են «երկու քարտի արանքում»։
«Մի կողմից՝ ստիպված են հրաժարվել «Միր» քարտերը սպասարկելուց, ինչը հանգեցնելու է վերոնշյալ խնդիրներին, մյուս կողմից՝ այդ քարտերի հետագա սպասարկումը հղի է պատժամիջոցների կիրառմամբ»,- պարզաբանել է նա։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սա տեղի է ունենում երկրում բանկային ոլորտի ծավալների կրճատման ֆոնին։ 2023 թ․-ին, ըստ նրա, դրանք կրճատվել են մոտ 6 տոկոսով։ Նույն միտումն է նկատվում նաև այս տարի, ուստի բանկային համակարգում ռիսկերը մեծ են։
Տնտեսագետի գնահատմամբ՝ ՀՀ-ում «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև ներքին առևտրի վրա:
«2022 թ․-ին Հայաստան է եկել մոտ 130 հազար ռելոկանտ: Հիմա նրանց զգալի մասը վերադարձել է Ռուսաստան կամ էլ տեղափոխվել է այլ երկրներ, որտեղ որոշ պայմաններ ավելի լավն են: ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բարդացնելու է տրանզակցիաները (դրամական միջոցների փոխանցումներ և բանկային գործարքները) և կարող է հանգեցնել ռելոկանտների հավելյալ արտահոսքի»,- շեշտել է Աղասի Թավադյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Միր» քարտերի սպասարկումը