«ՀՀ-ն պետք է առանց կոլապսի դեզինտեգրացվի ՌԴ-ից»․ կարծիք Երևանից
Միրզոյան-Լավրով հանդիպում 2025 թ․-ին
Նախօրեին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերջին անգամ այս ձևաչափով հանդիպել էին գրեթե երկու տարի առաջ՝ 2023 թ․-ի հուլիսին։ Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հարցերի «բավական ընդգրկուն և բազմաշերտ» շրջանակ, անդրադարձել երկկողմ համագործակցությանն ու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը վերաբերող հարցերի։
Առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։
ՀՀ արտգործնախարարը հայտնել է, որ «իրապես անկեղծ և կառուցողական մթնոլորտում» են քննարկում ծավալել։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, իր հերթին, հանդիպումը արդյունավետ է որակել։
Նա նշել է, որ հաջողվել է փոխադարձ ընդունելի լուծումների հասնել մի շարք հարցերում։ Թե որոնք են դրանք՝ Սերգեյ Լավրովը չի հստակեցրել։
«Մենք ընդգծել ենք հավատարմությունը Երևանի հետ պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում, որը ձևակերպված է երկկողմ մակարդակով և մեր ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- հայտարարել է Լավրովը։
JAMnews-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Մոսկվան փորձում է Հայաստանը վերադարձնել ՀԱՊԿ ուղեծիր։
«Դատարկ խոսքեր են։ Եկեք հասկանանք՝ ինչին ու ինչ ձևով է հավատարիմ։ Զենքի մատակարարումներ կարողանո՞ւմ է ապահովել։ Իհարկե, ոչ։ ՌԴ դիրքորոշումը 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունների վերաբերյալ փոխվե՞լ է [Ադրբեջանի հարձակումից հետո ՀԱՊԿ-ը չէր հստակեցրել ՀՀ-ում իր պատասխանատվության գոտին, նշել էր՝ սահմանը դելիմիտացված չէ]։ Չի փոխվել։ Բովանդակազուրկ, անիմաստ վերբալ կոնստրուկցիաներ են, որոնց արժեքը զրո է»,- հայտարարել է Մեհրաբյանը։
Հայ-ռուսական այս շփումները հաջորդում են ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու օրինագծի հաստատմանը, ինչպես նաև հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն, իր ելույթում ընդգծել է՝ իր այցը նախապատրաստվել է շուրջ երեք ամիս, անընդհատ հետաձգվել «տեխնիկական պատճառներով»։ Հատկանշական է, որ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցից օրեր առաջ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը։
- «Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել»․ ինչո՞ւ Փաշինյանը չմեկնեց ՌԴ
- «ՌԴ-ն չի ուզում թույլ տալ, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ ուղեծրից»․ կարծիք Երևանից
- «ՀՀ-Իրան սահմանային անցակետից ռուսների դուրսբերումը կարմիր գիծ չէ ՌԴ համար»․ կարծիքներ
Տնտեսությունից մինչև հյուպատոսական ներկայություն․ երկկողմ օրակարգի մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է՝ հայ-ռուսական գործակցության կարևոր բաղադրիչ է տնտեսությունը․
«Այստեղ թվերն ինքնին խոսուն են: Հայաստանի համար առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում, շարունակում է մնալ տնտեսական աճի և արտաքին առևտրային ներուժի իրացման վրա ազդեցություն ունեցող կարևոր գործոններից մեկը»։
Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատրաստվում համատեղել անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին։ Հայաստանի արտգործնախարարը նշել է՝ ԵՄ-ին անդամակցելուն ուղղված օրինագիծը հասարակական նախաձեռնություն է, ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը կողմ կքվեարկի դրան։ Միրզոյանի խոսքով՝ օրինագիծը կոնկրետ ժամկետներ կամ մեխանիզմներ չի սահմանում։ Ընդգծել է՝ «եթե նման հարց ծագի, ապա, հավանաբար, պետք է հասկանալ՝ ինչ անել»։
Ռուսաստանի արտգործնախարարը հատուկ շաշտել է, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է նաև փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզում ռուսական հյուպատոսական ներկայության։
«Մենք ելնում ենք նրանից, որ դիվանագիտական ներկայացուցչությունների թվի ընդլայնումը համապատասխանում է մեր երկրների փոխադարձ հետաքրքրություններին»,- նշել է Լավրովը։
Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերը կարևորել են բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության ինտենսիվության պահպանումը։ Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ընդունում է Միրզոյանի՝ Երևան այցելելու հրավերը։
Երևանի դժգոհություններն ու ակնկալիքները
Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանը միշտ կողմ է եղել Մոսկվայի հետ «բաց և կառուցողական» երկխոսությանը․
«Մենք հույս ունենք, որ հետագայում էլ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, մենք տեսանք վերջին օրերին ու վերջին շրջանում»։
Նախարարը, սակայն, չի մատնանշել՝ ինչի մասին է խոսքը, արդյո՞ք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»՝ արտատարածքային ճանապարհի, որը պահանջում է Բաքուն։
Շեշտել է՝ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել՝ հիմնվելով փոխշահավետ գործընկերության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա։ Կարևորել է նաև գործակցությունը միջազգային հարթակներում․
«Մենք մշտապես փորձում ենք ըմբռնմամբ վերաբերվել ՌԴ շահերին։ Ցանկություն և ընկալում կա, որ ռուսական կողմը ևս միջազգային հարթակներում որոշ չափով հաշվի առնի Հայաստանի շահերը»։
Հայ-ադրբեջանական կարգավորում․ ո՞ւմ կողմից է Մոսկվան
Լրագրողները Լավրովից հետաքրքրվել են՝ Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումների սինխրոնացման, երբեմն նույնացման պայմաններում ՌԴ-ն ինչպե՞ս կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրել է՝ որևէ մեկի կողմից չեն։
«Զբաղվում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով՝ հիմնված մեր այն խորը հետաքրքրության վրա, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,- հայտարարել է նա ու հիշեցրել, որ ռազմավարական և դաշնակցային գործընկերություն ունեն ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
Լավրովի փոխանցմամբ՝ ի տարբերություն «Հարավային Կովկասից հեռու տեղակայված» այլ երկրների՝ ՌԴ-ն խորապես հետաքրքրված է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ։
Կարծիք է հայտնել, թե այդ երկրներն ունեն «այլ օրակարգ, որը նպատակ ունի հնարավորինս երկար պահպանել այստեղ լարվածությունը՝ հուսալով, որ այդ լարվածության շրջանակներում ավելի արդյունավետ կերպով առաջ կտանեն իրենց համաշխարհային քաղաքական շահերը»։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատրաստ է կարգավորմանն աջակցել 2020-2021 թթ․ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում։ Ըստ Լավրովի՝ դրանք «նախկինի նման արդիական են, հատկապես տարածաշրջանային ընթացիկ իրավիճակում»։
Շեշտել է՝ խոսքը վերաբերում է ինչպես խաղաղության պայմանագրին, այնպես էլ տարածաշրջանի հաղորդակցությունների բացմանը, սահմանագծմանն ու սահմանազատմանը․
«Մենք այդ աշխատանքին մասնակցում ենք այնքանով, որքանով մեր մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից․ ո՛չ ավել, ո՛չ պակաս»։
Արարատ Միրզոյանը, հերթական անգամ, ընդգծել է՝ ՀՀ-ն շարունակում է ջանքեր գործադրել երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման համար՝ «չնայած այդ ճանապարհին առկա բոլոր դժվարություններին և մարտահրավերներին»։ Հիշատակել է նաև Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու նշել, որ «Հայաստանը կարող է նշանակալի ներդրում ունենալ միջտարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման գործում՝ նպաստելով տարածաշրջանի լոգիստիկ գրավչության մեծացմանը»։
«Ուրախ եմ ընդգծել, որ այս նախագիծն արժանացել է մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, դրական արձագանքին»,- հայտարարել է Միրզոյանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը դժվարանում է ասել՝ որ հարցերի շուրջ և ինչ «փոխադարձ ընդունելի լուծումների» են կարողացել հասնել Միրզոյանն ու Լավրովը։ Վստահ է՝ դրանք Հայաստանի շահերից բխող լուծումներ են։
Կարծում է՝ ներկա իրավիճակում, երբ «Ռուսաստանը բարոյաքաղաքական առումով սնանկ է, չի ուզում կտրուկ շարժումների դիմելով կորցնել ամեն ինչ և իրենից հետո միայն փոշի թողնել»։
Վերլուծաբանն ասում է՝ Երևանի քաղաքականությունը պետք է լինի հետևյալը՝ կառավարելի հունի մեջ պահել ՌԴ հնարավոր հակազդեցությունը Հայաստանի ձեռնարկելիք քայլերին։
Մեհրաբյանի փոխանցմամբ՝ ինչ-որ փուլում խոսք կարող է գնալ նաև ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն լքելու մասին։ Ասում է՝ հնարավոր է, որ դա տեղի ունենա շատ շուտով։
«Նոր աշխարհ է ձևավորվում և Հայաստանը հապաղելու ժամանակ չունի։ Այդ ամենը արագացնելու շահերից ելնելով էլ այս խորհրդակցություններն անհրաժեշտ են։ Ի վերջո, նույն ՌԴ-ն ևս ադապտացվում է այդ կտրուկ փոփոխություններին։ Հայաստանի խնդիրն է Ռուսաստանին բացատրել՝ սահման չունենք ձեզ հետ, ձեր դեմ ոչինչ չենք անում, իսկ այն, ինչ կընկալեք, թե ձեր դեմ է, կարող ենք միայն ցավակցել»,- JAMnews-ի հետ զրույցում պարզաբանել է նա։
Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է՝ պետք է չեզոքացնել Մոսկվայի խանդը։ Հավելում է՝ բոլորն էլ հասկանում են՝ անախրոնիզմ է այն, որ այսօր Հայաստանը կապված է Ռուսաստանին․
«Դեզինտեգրացիան անխուսափելի է։ Այն կարող է լինել երկու ձևով՝ կոլապսի միջոցով կամ առանց կոլապսի։ ՌԴ հետ շփումները հնարավորություն են տալիս գործերը կառավարել առանց կոլապսի։ Հանդիպումները կարելի է դիտարկել որպես հոգեթերապիա, որն անհրաժեշտ է ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Ռուսաստանին»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանից կարող է լինել հակազդեցություն, այդ թվում՝ տնտեսական սահմանափակումների տեսքով։ Ըստ նրա՝ Մոսկվան կարող է մինչև անգամ ոչ ռացիոնալ քայլերի գնալ, օրինակ՝ վնասել ինքն իրեն Երևանին վնասելու համար։ Նկատում է՝ այդ տրամաբանությունը թույլ չտալու համար պետք է ամեն բան պահել ռացիոնալ դաշտում։
Ընդգծում է՝ ռուսական կողմի բոլոր հայտարարությունները՝ առանց բացառության միակողմանի են։ Խոսքը ոչ միայն հաղորդակցությունների բացման, այլև «Եվրաքվե» նախաձեռնության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին է․
«Պատահական չէ, որ Միրզոյանը Լավրովին հիշեցրեց՝ «սկզբունքները, որոնք դրված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում երկաթյա են»։ ՌԴ-ն չպետք է այլ հույսեր ունենա և Ադրբեջանի շուրթերով ՀՀ առաջ պահանջներ չդնի։ Առնվազն վերբալ մակարդակում Մոսկվան կողմ է արտահայտվել այդ խաչմերուկին»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՌԴ-ում գիտակցում են՝ որպես միջնորդ անելիք չունեն սահմանազատման, ապաշրջափակման հարցերում, ինչպես նաև բուն բանակցություններում։
Նկատում է՝ Լավրովի հայտարարությունները վկայում են՝ Ռուսաստանը փորձում է հավակնել միջնորդի դերին, բայց չի ստացվում․ Երևանն ու Բաքուն ամեն բան անում են երկկողմ ձևաչափով և առանց Մոսկվայի ներկայության։
Ինչ վերաբերում է Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման հնարավորությանը, ըստ նրա, դա հայկական կողմին պետք չէ։ Մեհրաբյանի համոզմամբ՝ դա «Ռուսաստանի կապրիզն է, որը Հայաստանը պարտավոր չէ բավարարել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Միրզոյան-Լավրով հանդիպում 2025 թ․-ին