Միջանցք։ Ովքե՞ր են ապրում Ջավախքում՝ Վրաստանի հարավում
Ովքե՞ր են ապրում Ջավախքում։ Ջավախքում ամեն ինչ այլ է՝ լանդշաֆտը, կլիման, մարդիկ, ճարտարապետությունը։ Ամեն անգամ այստեղ գալիս փորձում եմ հասկանալ, թե ի՞նչն է կարևոր, ո՞րն է Ջավախքի գաղտնիքը։
70 տարի այստեղ փակուղի է եղել: Խորհրդային Միության սահմանը: Տարածաշրջան, որտեղ մարդիկ տեղաշարժվում էին հատուկ անցագրերով: Այն ժամանակ շատերը լքեցին Ջավախքը: Այսօր այս շրջանը միջանցք է, ճամփաբաժան կամ երեք երկրների հատման կետ: Այստեղ մեծ նախագծեր կան, այստեղ են հատվում մեծ պետությունների շահերը:
Այս պատմության մեջ ես կներկայացնեմ, թե ինչպես է փոխվում կամ չի փոխվում Ջավախքը: Թե ինչ են այստեղ բերում կամ այստեղից տանում մարդիկ ու թռչունները, որոնք այստեղ ապաստան են փնտրում: Ջավախքի բնակիչների մեծ մասը հայեր են: 1980-90-ականներին այստեղ Աջարիայից վերաբնակեցրել են մուսուլման վրացիների, էկոէմիգրանտների: Իսկ մինչ այդ, նախորդ դարի 40-ական թվականներին Ստալինի հրամանով այս տարածաշրջանից մի գիշերում արտաքսվել են մուսուլման մեսխերը: Իսկ որոշ գյուղերում մինչ այսօր ապրում են հոգեմարտիկները՝ տեղական էկզոտիկա դարձած սլավոնները:
Ինչո՞ւ է այդքան հաճախ փոխվում այս շրջանի մարդկային լանդշաֆտը: Թե՞ այս փոփոխություններում էլ հենց կայանում է Ջավախքի գաղտնիքը:
Մեծ լճերի երկիր
Ջավախքը ծովի մակարդակից 1800-2100 մետր բարձր է: Վրաստանում ոչ մի տեղ այդպիսի ցուրտ չի լինում, ինչպես այստեղ: Ձմռանը ջերմաստիճանը երբեմն 40-ից ցածր է լինում:
Տեղացիները սովոր են ձյանն ու սառնամանիքին: Այստեղ անտառներ գրեթե չկան: Տները ձմռանն աթարով են ջեռուցում:
Գարնանն այս ցուրտ ձյունածածկ շրջանը կերպարանափոխվում է: Մարգագետիններում ալպիական ծաղիկներ են ծաղկում, բազմաթիվ թռչուններ են գալիս: Ջավախքը չվող թռչունների համար Վրաստանի գլխավոր միջանցքներից մեկն է:
Փարավանի, Սագամո, Խանչալի, Տաբացկուրի, Մադաթաֆա, Բուգդաշենի. «մեծ լճերի երկիր»՝ այսպես կարելի է անվանել Ջավախքը: Որոշները խորն են, մյուսները՝ ծանծաղ, սառն ու տաք. ջրլող թռչունների համար դա դրախտ է երկրի վրա: Հենց այդ պատճառով շատ թռչուններ մնում են Ջավախքում, որոշները հանգստանում են չվելու ընթացքում, մյուսներն էլ՝ բներ հյուսում:
Հոգեմարտիկներ
1835թ-ի աշնան վերջին Նինոծմինդայի շրջակայքում մարդիկ հայտնվեցին, որոնք ոտքով էին քայլում կամ սայլով տեղաշարժվում:
Հոգեմարտիկներ (դուխոբորներ) կամ հոգու հետ մարտնչողներ՝ այսպես էին նրանք իրենց անվանում:
Ռուս-թուրքական պատերազմից հետո Ջավախքը դատարկ էր: Իսկ հոգեմարտիկները, որպես անհնազանդներ (ուղղափառ բողոքականներ, որոնք չեն ընդունում եկեղեցին և հրաժարվում են բանակում ծառայել), Ռուսաստանի կայսեր կողմից արտաքսվեցին Ջավախք:
Թե ինչու է նման որոշում կայացվել, կպատմի Կոլյա Սուխոռուկովը՝ այսօր Ջավախքում մնացած ամենատարեց հոգեմարտիկներից մեկը։
Նիկոլայի պատմությունը. «Մեզնից ոմանք գնչուներից են սերում, մյուսները գերմանացի են, երրորդները՝ լեհեր, մոլդովացիներ, թաթարներ, կազակներ, ուկրաինացիներ, ֆիններ: Մեր արյան մեջ ինչ արյուն ասես կա: Ազգությունը նշանակություն չունի, մենք Աստծո որդիներն ու դուստրերն ենք:
Օրինակ, եթե ձեզ ծարավը տանջում է, և ինչ-որ մեկը ջուր է տալիս, դուք ի՞նչ եք անում, հարցնո՞ւմ եք, թե ինչ ազգության է այդ ջուրը: Նորմալ մարդը շնորհակալություն կհայտնի և կխմի:
Երբ որոշեցի ամուսնանալ, եկա ծնողներիս մոտ և ասացի. «Երկու կողմից էլ սեր է, մեր խոսքն օրենք է»: Եթե սեր կա, ընտանիքը միայն այդ ժամանակ է ամուր: Իսկ ազգությունը կապ չունի: Իմ կինն այլ ազգության է: Մեր պապերը զրուցում էին անմիջականորեն աստծո հետ, որն ապրում է մարդու սրտում և հոգում: Մենք աստծո հետ հարաբերություններում միջնորդներ չենք ճանաչում: Մի ժամանակ քրիստոնեությունն ու մեր աշխարհայացքը համագոյատևում էին, սակայն հետո մեզ սկսեցին հետապնդել, վերաբնակեցնել: Ինչ է թե՝ եկեղեցի չեք հաճախում»:
Ավելի ուշ, աշխատասեր և բարեխիղճ հոգեմարտիկները հիմնավորվեցին Ջավախքում: Այն դարձավ նրանց տունը. Գորելովկան, Սպասովկան, Եֆրեմովկան և այլ գյուղեր վերածվեցին սլավոնական բնակավայրերի՝ կոկիկ փոքր տներով, մաքուր փողոցներով, ավանդական կարած հագուստով: Ջավախքն է՛լ ավելի բազմազան դարձավ:
2014 թ-ի մարդահամարի համաձայն՝ 2002 թ-ի համեմատ Սամցխե-Ջավախեթիի բնակիչների թիվը կրճատվել է 47 հազար 94 մարդով: Գրեթե դատարկվել են Գորելովկան, Սպասովկան, Օռլովկան, Եֆրեմովկան, Տրոիցկոյեն, Տամբովկան, Ռադիոնովկան՝ 7 գյուղերը, որոնցում ապրել են հոգեմարտիկները:
Նիկոլայ Սուխոռուկովը ծնվել և մեծացել է այստեղ, ասում է, որ իր հայրենակիցները լքել են իրենց բնակավայրերը և հեռացել՝ ավելի լավ կյանք ունենալու հույսով:
Հոգեմարտիկները հիմնականում անասնապահությամբ էին զբաղվում: Ալպիական գոտում տնային անասունների հատուկ արոտավայրեր կան, նրանց պանիրն էլ էր ընտիր լինում: Այսօր Ջավախքում հաճախ բողոքում են, որ կարոտել են հոգեմարտիկների պանիրը:
Էկոէմիգրանտները
Հոգեմարտիկների բնակավայրերում հիմա ուրիշներն են ապրում: Մարդիկ, որոնց, նրանց խոսքով, այստեղ է նետել ճակատագիրն ու բնությունը: Էկոէմիգրանտներ Աջարիայից և հարավային Վրաստանի այլ վայրերից, որոնք զրկվել են իրենց տներից ջրհեղեղների և սելավների պատճառով:
Ջավախքի խիստ բնությանը նրանք սովորել են: Հիմա ուրիշ խնդիրներ ունեն. չեն կարողանում սեփականաշնորհել տները, տնային կենդանիների համար արոտավայրերը չեն հերիքում: Յուրաքանչյուր ընտանիքի ընդամենը 2 հա հող է հասել, և հնձած խոտն անգամ չի հերիքում երկու կովերին: Իսկ ձմեռն այստեղ 7 ամիս է տևում: Էկոէմիգրանտների մի մասն աշխատում է տեղական ֆերմաներում և ոչ մեծ աշխատավարձ ստանում:
«Թող մեր անունով բնակարանները ձևակերպեն և մարգագետիններ տան: Որպեսզի մեր գլխին տանիք լինի: Եթե մի բան լինի, ո՞ւր գնանք: Չէ՞ որ չենք կարող ողջ կյանքում որպես փախստական ապրել։ Հող չունենք, ինչպե՞ս կենդանի պահենք», — ասում է Օմար Շավաձեն՝ էկոէմիգրանտը, որը Գորելովկա է տեղափոխվել Ադիգենիից:
Ջավախքի խիստ բնությանը նրանք սովորել են: Հիմա ուրիշ խնդիրներ ունեն. չեն կարողանում սեփականաշնորհել տները, տնային կենդանիների համար արոտավայրերը չեն հերիքում: Յուրաքանչյուր ընտանիքի ընդամենը 2 հա հող է հասել, և հնձած խոտն անգամ չի հերիքում երկու կովերին: Իսկ ձմեռն այստեղ 7 ամիս է տևում: Էկոէմիգրանտների մի մասն աշխատում է տեղական ֆերմաներում և ոչ մեծ աշխատավարձ ստանում:
«Թող մեր անունով բնակարանները ձևակերպեն և մարգագետիններ տան: Որպեսզի մեր գլխին տանիք լինի: Եթե մի բան լինի, ո՞ւր գնանք: Չէ՞ որ չենք կարող ողջ կյանքում որպես փախստական ապրել: Հող չունենք, ինչպե՞ս կենդանի պահենք», — ասում է Օմար Շավաձեն՝ էկոէմիգրանտը, որը Գորելովկա է տեղափոխվել Ադիգենիից:
Օմարի պատմությունը. «Ես Ադիգենիից եմ, 2011թ-ին տունս քանդեց սողանքն, ու ես այստեղ տեղափոխվեցի: Կառավարությունն օգնեց, ինձ տուն տվեց: Մեր ընտանիքում 5 անդամ կար, աղջիկս ամուսնացավ: Կով ենք կթում, կաթը՝ հանձնում, ահա և մեր ողջ եկամուտը: Երկար ժամանակով այստեղ ոչ ոք չի մնում: Եվ ավելի վաղ այստեղ վրացիների են վերաբնակեցրել 80-90-ականներին, սակայն շատերն են հեռացել: Ձմռանն այստեղ ցուրտ է, շատերը չեն դիմանում: Մենք Ջավախքում ենք մեծացել, սովոր ենք: Առանց հողի այստեղ հնարավոր չէ ապրել:
Տասնյակ գործարարներ այստեղ հող են վարձակալում: Ասում են, թե իրենց հողն է, մենք դրան չենք էլ դիպչում: Եվ շրջանում ենք եղել (Նինոծմինդա) և գուբերնիայում (Թբիլիսի), սակայն ոչինչ չի ստացվում. առաջարկում են գնել հողը: Բայց ինչո՞վ գնես, երբ փող չկա: Իսկ այստեղ լավ վայրեր են, կարելի է ապրել: Ով սիրում է անասնապահությամբ զբաղվել, կկարողանա ապրել»:
Այսօր Գորելովկայում մոտ 90 վրացի ընտանիք կա: Հիմնականում՝ տարերային աղետից տուժած Ադիգենիից և Խուլոյից:
Գորելովկայում վերաբնակեցված մուսուլման վրացիները մզկիթ են սարքել. տուն են գնել, վերանորոգել, մոլլա հրավիրել:
«Ուզում ենք այստեղ մնալ, սակայն եթե հող չտան, չենք կարող: Ես արդեն այն չեմ, որ Թուրքիա մեկնեմ աշխատելու: Լավ էր, որ այստեղ երկաթուղի էին գցում: Շինարարության համար չվերցրին, սակայն պահակի գործ կար»:
Սեզոնային միգրանտները
«Գրեթե յուրաքանչյուր հայկական ընտանիքում կա մեկը, որը սեզոնային կամ մշտական աշխատանքի է մեկնում Ռուսաստան: Հիմնականում տղամարդիկ են մեկնում ամռանը: Աշխատում են շինարարությունում, ճանապարհներ են սարքում, իսկ վաստակած գումարով ապրում ողջ ձմեռ:
Ճակատագրից չեմ բողոքում. շինարարությունում եմ աշխատում: Տասը գլուխ անասուն ունենք, կաթը հանձնում եմ: Կին ու երկու աղջիկ ունեմ: Մի բան լավ չէ. տղա չունեմ, բայց պետք է: Արդեն 10 տարի է՝ ոչ մի տեղ չեմ մեկնել, իսկ առաջ միշտ Ռուսաստան էի մեկնում աշխատելու՝ Կրասնոդարի երկրամաս: Շինարարությունում էի աշխատում կես տարի: Այնտեղ շատ մտերիմներ ունեմ, մոտ 5 տարի եմ այնտեղ անցկացրել:
Այնտեղ աշխատանք կա, բայց դժվար է, ստիպված ես առանց ընտանիքի ապրել, տաք սնունդը հազվադեպ բան է, տանջանք է:
Մեր գյուղից հիմա մոտ 20 մարդ Ռուսաստանում է աշխատում: Նախկինում գյուղի կեսը գնում էր: Փողն արժեզրկվեց, և առանձնապես իմաստ այլևս չկա. մանրում ես, բան չի մնում: Նախկինում կես տարվա վաստակածի հաշվին ողջ ձմեռ ապրում էինք:
Ես այստեղ եմ ծնվել, հայրս վարորդ էր կոլտնտեսությունում: Լավ ժամանակներ էին, լավ ընտանիք էր:
Աղջիկներս դպրոց են գնում: Չեն պատրաստվում ամուսնանալ: Ուզում են ուսումը շարունակել: Վրացերեն լավ գիտեն: Մեկը մաթեմատիկայի օլիմպիադայում երկրորդ տեղն է զբաղեցրել: Եթե նույն ոգով շարունակեն, չեն լինի ինձ պես, կրթություն կստանան: Դպրոցից հետո լրացուցիչ վրացերեն են պարապում, որ հետագայում աշխատանքի հետ կապված խնդիր չունենան:
Ավագ աղջիկս ուզում է Թբիլիսի մեկնել սովորելու: Բնակարան կվարձեմ նրա համար, և նա Թբիլիսի կմեկնի: Մենք էլ, երբ Ռուսաստանում էինք աշխատում, բնակարան էինք վարձում, բոլորս միասին: Հաճախ դա նույնիսկ բնակարան էլ չէր, ընդհանրապես ոչինչ չկար, 6-7 հոգով տախտակների վրա էինք քնում: Չէ՛, ամեն դեպքում, ընտանիքով լավ է: Իմ աղջիկներն այդպես չեն ապրելու»:
Թռչունները
Ջավախքի սարահարթով է անցնում թռչունների համար կարևորագույն միգրացիոն միջանցքներից մեկը: Գարնանը դեպի հյուսիս են չվում, աշնանը՝ դեպի հարավ: Եվ այդ սարահարթն այդ ընթացքում հարյուր հազարավոր թռչուններով է լցվում: Ծանծաղ, պլանկտոնով և ձկներով հարուստ լճերը ջրլող թռչունների համար հիանալի հանգստավայր են դառնում. այն ճիշտ վայր է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:
Չվելը երկար և էներգատար ճամփորդություն է, ուժերի մեծ պաշար է պահանջում: Այդ պատճառով էլ ողջ ամռանը թռչունները պատրաստվում են, ճարպ հավաքում, որպեսզի աշնանը պատրաստ լինեն չվելու: Որոշները ցերեկն են թռչում (արագիլներ, գիշատիչներ), մնացածները՝ գիշերը (բադեր և որոշ ճնճղուկազգիներ): Ձմռանն այստեղ թռչուններ չկան: Ձմեռներն այստեղ սովորաբար խստաշունչ են: Լճերը սառչում են, սնվելու բան չկա։
Փոխարենը՝ ամռանը լրիվ այլ տեսարան է: Որոշ թռչուններ հենց այստեղ են ավարտում իրենց միգրացիան, բներ են հյուսում, ձագեր հանում:
Արագիլները ձկնկուլները, բադերն ու նույնիսկ կռունկները ապաստան և սնունդ են փնտրում Ջավախքի ազգային պարկում և դրա շրջակայքում: Մադատաֆա լճի վրա է հիմնավորվել հայկական ճայերի մի մեծ գաղութ (Larus armenicus): Թերակղզում, որն ամռանը բարձրացող ջուրը կղզի է դարձնում, ապրում է ավելի քան 10 հազար թռչուն: