Ադրբեջանում գերեվարված հայ սպայի պատմությունը շարունակվում է։ Երկու կողմի փորձագետների գնահատականը
Բաքուն Ինտերպոլ է դիմել հայ երկու զինվորականների նկատմամբ հետախուզում հայտարարելու պահանջով, նրանց անունները, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, նշել է գերեվարված հայ սպան։ Աշխատանքից ազատվել են ադրբեջանցի զինծառայողները, որոնք տեսանկարահանել են գերեվարման գործողությունը։
• Ադրբեջա՞նը, թե՞ Սաֆարովը․ ո՞վ պետք է պատասխան տա հայ սպայի սպանության համար
• Հայաստանում ԱԴ ռեժիմը կարանտինով կփոխարինվի։ Ի՞նչ տարբերություն, և ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ
Ադրբեջանն Ինտերպոլ է դիմել հայ երկու զինծառայողների նկատմամբ հետախուզում հայտարարելու հայտով։ Նրանց մեղադրում են երկրի տարածքում դիվերսիա նախապատրաստելու փորձի համար։ Ինտերպոլի արձագանքը դեռ հայտնի չէ։
Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարարությունն, այդ տեղեկությունները տրամադրել է հայ սպան, որը ձերբակալվել է զորքերի շփման գծի ադրբեջանական կողմում 2020 թ–ի օգոստոսի 23–ին։
Միաժամանակ աշխատանքից ազատվել են այն զինծառայողները, որոնք նրան գերի են վերցրել։ Նրանք մեղադրվել են գերեվարման գործողությունը բջջային հեռախոսով նկարահանելու և սոցցանցերում այդ տեսագրությունները տարածելու համար։
Երևանում հերքում են իբր նախապատրաստվող դիվերսիայի մասին տեղեկություններն ու հայտարարում հայ սպայի վրա ճնշում գործադրելու մասին։
Ի՞նչ է պատմել գերեվարված հայ սպան
Հայկական ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը գերեվարվել է օգոստոսի 23–ին Ադրբեջանի Գերանբոյի շրջանում։ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա խոստովանել է, որ իրեն կարգադրել են սադրանքներ, այդ թվում՝ պայթյուններ կազմակերպել Ադրբեջանի տարածքում։
Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ալավերդյանը կատարել է իր հրամանատար Վազգեն Վարդանյանի հրամանը և իրեն պետք է օգներ հայ զինծառայող Արմեն Ջամալյանը։
Դատարանը վճիռ է կայացրել կալանավորել այդ երկու զինծառայողներին, նրանց մեղադրանքներ են ներկայացվում Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։ Այնուհետև միջազգային հետախուզում հայտարարելու մասին հայտ է ներկայացվել Ինտերպոլի կենտրոնական բյուրո, հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Սմարթֆոններ՝ մարտական դիրքերում
Մինչ գլխավոր դատախազությունը հայտ էր ներկայացնում Ինտերպոլ երկու հայ զինծառայողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն աշխատանքից ազատել է ադրբեջանցի 14 զինծառայողների, որոնք մասնակցում էին հայ սպա Գուրգեն Ալավերդյանի ձերբակալությանը։
Իջեցվել են նաև դասակների և վաշտերի հրամանատարների զինվորական կոչումները։
Այս մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են սոցցանցերում, հետո նոր ՊՆ հաստատումն է եղել։
Պատճառը զինծառայողների կողմից մարտական դիրքում սմարթֆոնների օգտագործումն է եղել, հաղորդել է ՊՆ մամուլի ծառայությունը․
«Որոշ զինծառայողներ գերու մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարներն ուղարկել են իրենց հարազատներին, և այդ կադրերը հայտնվել են սոցցանցերում»։
Մեկնաբանություն Բաքվից
Ռազմական հարցերի տեսաբան Ասաֆ Գուլիևը JAMnews–ին տված հարցազրույցում ասել է․
«Արդեն մի քանի տարի է՝ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում գերի ընկած իր երկու քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին գերությունից ազատել։ Սովորական մարդկանց դիվերսանտ են հայտարարել և երկար ժամկետով ազատազրկել։
Այդ ֆոնին քրեական գործ հարուցելն ու հայ զինծառայողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելն անհրաժեշտ է Ադրբեջանին որպես իրավաբանական նախադեպ, թեև դա հազիվ թե հանգեցնի նրանց կալանքի։
Սակայն Գուրգեն Ալավերդյանին գերեվարած զինծառայողների պատիժն այնքան էլ ճիշտ գործողություն չէ։ Այո, նրանք խախտել են կանոնակարգն ու պետք է պատժվեին։ Սակայն նախարարությունն այդ մասին պետք է հայտարարեր լրագրողներից և բլոգերներից առաջ։ Այդպիսով հնարավոր կլիներ խուսափել լայն քննարկումներից և հասարակության բացասական արձագանքից»։
Մեկնաբանություն Երևանից
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը JAMnews–ին տված հարցազրույցում ասել է․
«Այս ամենը թուրքական մոդելին է նման։ Թուրքիան սկզբից քրդերին մեղադրում է դիվերսիոն գործողություններ կատարելու փորձի համար, այնուհետև՝ «պատասխան ռազմական գործողություններ» սկսում։
Հայաստանում ի սկզբանե հայտարարեցին, որ զինծառայողը մոլորվել է։ Չի եղել ոչ մի դիվերսիա կամ հարձակում։
Չի բացառվում, որ միջազգային Ինտերպոլն ընդհանրապես հաշվի չառնի Ադրբեջանի հայտը, քանի որ հայկական կողմը բավականաչափ հիմքեր է ներկայացնում, որ այդ զինծառայողները դիվերսիոն խմբի անդամներ չեն»։