Մի՛ կրակեք լրագրողների վրա ու մի՛ անպատվեք
«Կոչ ենք անում հրապարակավ դատապարտել Մհեր Սեդրակյանի՝ ԱԺ պատգամավորին անհարիր վարքը… Կարծում ենք, որ պատգամավորների համար նույնքան վիրավորական պետք է լինի, որ իրենց գործունեությունը «նախիրն» է լուսաբանում»: Այս տեքստի տակ ստորագրել է ավելի քան 120 մարդ, այդ թվում նաև որոշ ընդդիմադիր պատգամավորներ:
Լրագրողի հանդեպ հերթական անգամ արհամարհական վերաբերմունք ցուցաբերած ՀՀԿ-ական պատգամավորի պահվածքը դատապարտելու պահանջով հանդես են եկել «Մեդիա և իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» և «Լրագրողների միավորում» հասարակական կազմակերպությունները:
Ակցիայից մեկ օր առաջ նախաձեռնողները հայտարարեցին, որ իրենց բողոքը ներկայացնելու համար հավաքվելու են Ազգային Ժողովի դարպասների մոտ՝ կոչ անելով խմբագիրներին, իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցել: Սակայն նախատեսվածից շատ ավելի քիչ մարդ եկավ:
Պատգամավոր Արամ Մանուկյանը, ով աջակցում է Սեդրակյանի անհարիր պահվածքի դեմ լրագրողների և լրագրողական կազմակերպությունների բողոքի ակցիային, սակավամարդությունը բացատրեց մարդկանց անիրազեկությամբ:
Իսկ ակցիայից մեկ օր առաջ լրագրողական 10 կազմակերպություն քննադատեցին Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի «լկտի պահվածքը», ով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին «նախիր» անվանեց: Սեդրակյանը հերքեց, որ նման արտահայտություն է արել, բայց միևնույն ժամանակ հայհոյեց լրագրողներից մեկին՝ նրան հրավիրելով առանձնազրույցի: Լրագրողի այն դիտարկմանը, թե պատգամավորը կարող է տեսախցիկների առջև արտահայտվել, պատգամավորը պատասխանեց, որ «պատրաստ է շփվել նորմալ լրագրողների հետ, իսկ աննորմալների հետ գործ ունենալ չի ուզում»:
Սեդրակյանի «արհամարհական պահվածքի» վերաբերյալ իրենց դժգոհությունն արտահայտելով՝ լրատվական կազմակերպությունները պահանջում են, որ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարությունը դիտարկի այս հարցը և Սեդրակյանին կոչ անի ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը:
Բացի այդ, մեդիա կազմակերպությունները պահանջում են, որ խորհրդարանի խոսնակն ու հանրապետական խմբակցությունը հրապարակայնորեն դատապարտեն կուսակցին, պահանջեն ներողություն խնդրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներից՝ հասցված վիրավորանքի համար և երաշխավորեն, որ այսուհետ նման բան չի կրկնվի:
«Եթե այս պահանջները չկատարվեն, մենք հիմք ենք ունենալու արձանագրելու, որ Հանրապետական կուսակցության և իշխանության տարբեր օղակների համար նորմ է Մհեր Սեդրակյանի ու նրա նմանների վարքագիծը: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կամ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին տարաբնույթ սպառնալիքներից, ճնշումներից ու ոտնձգություններից, մենք ստիպված ենք լինելու ապավինել միջազգային հանրությանը»։
Մեդիանախաձեռնությունների կայքը հայտնեց, որ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր մոտ է հրավիրել Մհեր Սեդրակյանին, ով հայտարարել է, թե «նախիր» բառը նա լրագրողների հասցեին չի օգտագործել, այլ գործընկերներին անեկդոտ պատմելիս է եղել:
Բացի այդ, Բաղդասարյանի կարծիքով, որոշ լրագրողներ դիտավորյալ են մոտենում չհավասարակշռված պատգամավորներին, հունից հանում են նրանց՝ սենսացիա սարքելու համար:
Սակայն նույն իշխող կուսակցության ներկայացուցիչ, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը քննադատել է Մհեր Սեդրակյանի պահվածքը. «Եթե մարդ պատգամավոր, պաշտոնյա է, ոչ մի սադրանք նրան չպետք է հունից հանի»:
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ով պատգամավորին «հունից հանել էր», պատմել է գործընկերներին, որ ինքը, վիրավորական արտահայտությունը լսելուց հետո ընդամենը հարցրել է Սեդրակյանին. «Ինչո՞ւ եք այդպես արտահայտվում»: Ֆահրադյանը պնդում է. «Մեր պայքարն ուղղված է ոչ թե անձի, այլ երևույթի դեմ: Սեդրակյանի նմանները պետք է իրենց տեղն իմանան և լրագրողի հետ նորմալ շփվեն»:
Բողոքի ակցիան նախաձեռնած հասարակական կազմակերպությունները մտադիր են դատական հայց ներկայացնել Սեդրակյանի դեմ: Չէ՞ որ Էթիկայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը դեռևս 2012-ին դիտարկել է այս պատգամավորի հետ կապված նմանատիպ միջադեպ և եզրակացության եկել, որ նա խախտել է պատգամավորական էթիկան՝ վիրավորելով «А1+»-ի լրագրողին: Սակայն 2014-ին Սեդրակյանը կրկին «փողոցային հայհոյանքներ» էր տեղացել Tert.am կայքի թղթակցի հասցեին և իր վարքագծին հավատարիմ է մինչ այժմ՝ 2016-ի փետրվարը:
ankakh.com
Այնպես որ, չնայած այս միջադեպի լայն արձագանքին, դժվար է պատկերացնել, որ պատգամավորը լրջորեն կպատժվի, ավելի քիչ է հավանական, որ նա կփոխի իր տրամադրվածությունը լրագրողների հանդեպ: